ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

«Հիմք ընդունելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան՝ երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այս ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա:

Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` կարևոր դրույթներ են ավելացվել վաղ նախազգուշացման և ցեղասպանությունների հետ կապված ռիսկերի վերաբերյալ: Մասնավորապես, նման ռիսկերի շարքում նշվում են զինված հակամարտությունների օգտագործումը ցեղասպանություն իրականացնելու նպատակով և որպես պատերազմ վարելու արգելված միջոց խաղաղ բնակչությունը սովի մատնելու անթույլատրելիությունը:

Բանաձևն անպատժելիությունը որակում է որպես ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների ռիսկի զգալի գործոն` ընդգծելով, որ այն պետք է հասցեագրվի հետաքննության, քրեական հետապնդման և պատժի միջոցով:

Այս առումով հատկանշական է այն փաստը, որ բանաձևը հատուկ նշում է Արդարադատության միջազգային դատարանի դերը ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի հարցերում: Փաստաթղթով նախատեսվում է ՄԻԽ 58-րդ նստաշրջանում պանելային քննարկում անցկացնել վաղ նախազգուշացման թեմայով:

Կոչ է արվում ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին քաջալերել ինչպես անդամ պետությունների, այնպես էլ ՄԱԿ ԳՔ Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդականի, պայմանագրային մարմինների, հատուկ ընթացակարգերի, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների ազգային ինստիտուտների, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի մասնակցությունը միջոցառմանը:

Հայաստանի այս նախաձեռնությունը կարևոր ներդրումն է ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգն ամրապնդելու, ժամանակակից մարտահրավերներին իրավունքակենտրոն մոտեցումներ առաջադրելու, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի խաչվող խնդիրների շուրջ ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու ուղղությամբ:

Կարևոր է նաև արձանագրել, որ Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը վայելում է լայն աջակցություն. այն համահեղինակում են բոլոր հինգ տարածաշրջանային խմբերի անդամ հանդիսացող երկրները»,- հայտնում են ԱԳՆ-ից:




Լրահոս