
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը և ընդգծել գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ՝ էներգետիկայի և կլիմայի առաջնահերթությունները:
Պետքարտուղարը և Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելու կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացմանը որևէ արդարացում չի կարող լինել և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։
Բլինքենը նաև վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները կատարելու անհրաժեշտությունը և կոչ է արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին: