Այսօր հարցազրույցների փուլով մեկնարկելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուի ընտրության մրցույթը։ Հայաստանից ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցակցում են
1.Ալումյան Հայկ
2․ Գրիգորյան Լիզա
3․ Գրիգորյան Վահե
4․ Կարապետյան Նորա
5․ Մազմանյան Արմեն
6․ Մարգարյան Աննա
7․ Քոչարյան Վիգեն։
Ամենաբարձր միավորներ հավաքած թեկնածուների անունները մրցութային հանձնաժողովը պետք է ներկայացնի նախագահին:
5 օրվա ընթացքում այդ ցուցակը պետք է հաստատի Հայաստանի նախագահը, ապա, ըստ հաստատված կարգի, ցուցակն ուղարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ անդամին ընտրելու են Եվրոպական դատարանում:
Եթե նախագահը չհաստատի ցուցակը, պետք է կրկին մրցույթ հայտարարվի:
Կարգի համաձայն, երեք թեկնածուների ցուցակում պետք է անպայման լինի իգական սեռի ներկայացուցիչ:
Նկատենք, որ թեկնածուներից ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն առաջին անգամ չէ, որ նման ցանկություն է հայտնում՝ գնալ ՄԻԵԴ։
2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով մրցութային հանձնաժողովի որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի խորհրդատվական խումբը կարծիք էր հայտնել, որ ՄԻԵԴ-ում դատավորի թափուր տեղի համար Հայաստանի կողմից ներկայացված թեկնածուներից մեկը (Նելիկ Հարությունյանը) ոչ ամբողջովին է համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին: Նկատի ունենալով վերոհիշյալը՝ արտգործնախարարությունը որոշել էր Հայաստանի կողմից ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը ԵԽԽՎ չուղարկել:
Քնար Մանուկյան