Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին հայտարարել խիստ նկատողություն:
Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ դատավորը թույլ է տվել գործը ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու պահանջի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելուն, որի արդյունքում ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել և քրեական գործի վարույթը կարճվել է:
Հավելենք, որ գործի դատաքննությանը մասնակցել են Խորհրդի 9 անդամներ և խախտման որոշումն ընդունվել է միաձայն: Միաժամանակ Խորհրդի անդամներ Քրիստինե Մկոյանը, Նաիրա Հովսեփյանը, Արթուր Աթաբեկյանը, Էդգար Հովհաննիսյանը կողմ են եղել առավել մեղմ կարգապահական տույժի տեսակին և կարգապահական տույժի տեսակի կապակցությամբ ունեն հատուկ կարծիք:
Նշենք, որ Վահե Միսակյանը Սերժ Սարգսյանի գործով դատավորն է, իսկ այդ գործով առաջիկայում վճիռ է լինելու ու վճռից առաջ դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում։
Ք․ Մ․