ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել Երևանի Աջափնյակի դատարանի բակում կրակոցների գործով:
Ռաֆայել Փալանջյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2023 թվականի հոկտեմբերի 18֊ին’ ժամը 14:55-ի սահմաններում, Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջաւինյակ-1 նստավայրի վարչական շենքի ավտոկայանատեղում ապօրինի կերպով կրած, ինքնաշեն եղանակով ձևափոխված «Байкал-442» մոդելի, հրազեն հանդիսացող ատրճանակի գործադրմամբ փորձել է ապօրինաբար կյանքից զրկել Սահակ Յուրիկի Վարդանյանին, սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել:
Իսկ ով էր Սահակ Յուրիկի Վարդանյանը
Վերջինս վերանշյալ օրը դատարան էր գնացել իրեն վերաբերող գործի քննությանը մասնակցելու համար։ Ըստ այդ գործի՝ Վարդանյանը մեղադրվում է սպանության փորձ պարտակելու մեջ, նրա հետ մեղադրյալի աթոռին է նաև սպանության սպառնալիք հնչեցնելու և սպանության փորձի մեջ մեղադրվող Արմեն Մանուկյանն ու ևս մեկ անձ՝ Արթուր Դավթյանը, որը մեղադրվում է սպանության փորձ պարտակելու մեջ։ Նշենք, որ ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված Արմեն Մանուկյանի մեղադրանքի՝ նա իր աշխատանքի վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների վրայից Վահե Ավետիսյանի կողմից գողացված լուսարձակները վերադարձնելու հարցի կապակցությամբ վերջինիս հետ գտնվելով լարված հարաբերությունների մեջ` 2022թ. հունիսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 252-րդ հասցեում գտնվող «Սպայկա» ընկերության պահեստների դիմաց մոտեցել է նախապես պայմանավորված հանդիպման վայր հասած «Դոջ Չելենջեր» մակնիշի ավտոմեքենային և նշված ավտոմեքենայի վարորդ Արման Մախարաշվիլիին ներկայացրել է սպանելու, ծանր վնաս պատճառելու սպառնալիք․ իր մոտ ապօրինի պահվող, գնդակով լիցքավորված հրազեն հադիսացող ատրճանակը կրելով աջ ձեռքում, կանգնել է նշված ավտոմեքենայի առջևի մասում, հրազենի երկարաձիգ առանցքն ուղղել վարորդ Արման Մախարաշվիլիի ուղղությամբ, հայտարարել «չքշեք կկրակեմ» արտահայտությունը, ընդ որում այդ սպասնալիքն իր մոտ ապօրինի պահած հրազենային ատրճանակով իրականացնելու վտանգը եղել է իրական: Այնուհետև Վահե Ավետիսյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, «Դոջ Չելենջեր» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածից մոտեցել է նշված ավտոմեքենայի առջևի աջ կողմի նստարանին նստած Վահե Ավետիսյանին և իր մոտ ապօրինի պահվող գնդակով լիցքավորված հրազեն հանդիսացող ատրճանակը կրելով ձեռքում` երկարաձիգ առանցքն ուղղել է ավտոմեքենայի և Վահե Ավետիսյանի իրանի և ձախ ստորին վերջույթի ուղղաձիգ առանցքների նկատմամբ հետևից առաջ, աջից դեպի ձախ, վերից վար ուղղությամբ արձակելով հրազենային կրակոց, վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, որոնք մեկ ընդհանուր համակցությամբ վերցված Վահե Ավետիսյանի առողջությանը պատճառել են ծանր վնաս, կյանքի համար վտանգավորության հատկանիշներով, սակայն Արմեն Մանուկյանը հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ Արման Մախարաշվիլիի վարած «Դոջ Չելենջեր» մակնիշի ավտոմեքենայով Վահե Ավետիսյանը հեռացել է դեպքի վայրից, նրան հասցրել են հիվանդանոց և ցուցաբերել բժշկական օգնություն: Սահակ Վարդայանի մեղադրանքի վերաբերյալ մանրամասներ «Դատալեքս»-ում առկա չեն, բայց ենթադրվում է, որ հենց վերը նշված արարքի պարտակումն է նրան վերագրվում։ Սահակ Վարդանյանը հայտնի է Շենգավիթի Սահակ անունով։ Բացի այս արարքից՝ Վարդանյանը 2018 թվականին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել նաև ապօրինի զենք կրելու համար։
Քնար Մանուկյան