ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Օրերս տեսակցության էի գնացել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին: Նա ժողովրդավարական Հայաստանի քաղբանտարկյալներից է, ում գործի շինծու լինելու մասին որեւէ մեկը թերեւս արդեն կասկած չունի: Այս գործով անգամ տուժողին չեն կարողանում գտնել դատական կամ իրավապահ այլ մարմինները: Բայց Արմեն Աշոտյանը մոտ 10 ամիս է, անհիմն գտնվում է կալանքի տակ:
Ապրիլի 10-ին դատավոր Վահե Դոլմազյանը պետք է քննի Աշոտյանի կալանքի հարցը՝ որոշելով քաղբանտարկյալը կշարունակի՞ մնալ կալանքի տակ, թե՞ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կփոխարինվի այլ տեսակով:
Եթե շարունակվեց նրա կալանքը, նշանակում է, որ Վահե Դոլմազյանը կատարում է քաղաքական հրահանգ, քանի որ Աշոտյանին կալանքի տակ պահելու որեւէ իրավական հիմք չկա:
Ուզում եմ տեղեկացնել, որ Արմեն Աշոտյանի գործով հրատապ գրություններ եմ ուղարկել Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին, միջազգային կարեւորագույն կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ապրիլի 10-ի դատական նիստի վրա:
Ինչ վերաբերում է Աշոտյանի տրամադրությանը, ապա այն, ինչպես միշտ, բարձր էր, մարտական: Միակ մտահոգությունը, որ ուներ մեր երկրին պատուհասած վտանգների առիթով էր, որոնք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր սադրանքներով եւ ոչ կոմպետենտությամբ բերել հասցրել է կրիտիկական պահի»։