Հայաստանում և տարածաշրջանում վերականգնողական եզակի կենտրոն Զինվորի տունը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել բժշկական գործիքներ և սարքավորումներ՝ մի շարք վիրահատություններ իրականացնելու համար։
««Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի միջոցով ձեռք բերած գործիքակազմը լավագույնն է համարվում, դրա միջոցով կարողանում ենք կրճատել բուժման վիրահատության տևողությունն ու կանխարգելել մի շարք բարդություններ։ Այս դրամաշնորհային ծրագրի շնորհիվ մեր կենտրոնի վիրահատարանը վերազինվեց 2 համալիր գործիքակազմով, որը թույլ կտա ավելի արդյունավետ բուժում ցույց տալ մեր շահառուներին։ Դրամաշնորհի շնորհիվ ձեռքբերված դիմածնոտային և ստոմատոլոգիական գործիքների հավաքածուները, լազերային սարքը, հնարավորություն կտան լուծել զինհաշմանդամություն ունեցող տղաների մի շարք խնդիրներ»,-նշել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի գլխավոր բժիշկ Միքայել Սահակյանը։
«Հիմնադրամը կարևորություն է տալիս առողջապահության ոլորտին ուղղված ծրագրերին։ Այս ծրագրով աջակցեցինք Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին, որպեսզի ձեռք բերի ժամանակակից սարքավորումներ և գործիքներ, որոնք կօգնեն կենտրոնի շահառուներին։ Ուրախ ենք, որ կարողացել ենք դառնալ այս կարևոր նախաձեռնության մի մասը»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:
Հիմնադրումից ի վեր Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի բժիշկներն ու հոգեբաններն ամբողջությամբ անվճար աջակցել են 7000-ից ավելի զինծառայողի բուժմանն ու առողջության վերականգնմանը, լուծել նրանց սոցիալական ինտեգրման, կրթական, իրավական, աշխատանքի տեղավորման խնդիրներ։
Մանրամասն՝ տեսանյութում։