Մոտ կես կգ սինթետիկ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք Երևանում. 36–ամյա տղամարդը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, 2024թ. մարտի 30-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայից Ոստիկանության համապատասխան բաժին են տեղափոխվել 36 և 42–ամյա տղամարդիկ՝ վերջինիս կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: 36–ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ լցված սպիտակ բյուրեղանման՝ թմրամիջոցի նմանվող զանգվածով:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում նշանակված դատաբուսաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված 570,81 գրամ քաշով բյուրեղանման զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է:

Քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի գյուղերից մեկի 36–ամյա բնակիչը, ով զբաղվում է բեռնատար ավտոմեքենայով Իրանից Հայաստան շինարարական ապրանքների տեղափոխմամբ, 2024թ. մարտի 30-ին իր համագյուղացի 42-ամյա տղամարդու հետ, վերջինիս պատկանող և որպես տաքսի շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Կոմիտաս 7 հասցեին հարակից հատված, ապա, շահադիտական դրդումներով, ինքնությունը չպարզված անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և նույն նպատակով իր մոտ ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով՝ 570,81 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Այն իր հետ ապօրինի տեղափոխելով՝ նույն տաքսով ուղևորվել է Երևան քաղաքի Կոմիտասի փողոցի մեկ այլ հասցեում գտնվող ռեստորանի դիմացի հատված, սակայն ոստիկանության ծառայողների կողմից ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է:

36-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը բավարարվել է:

Կատարվել են խուզարկություններ, հետաքննության մարմնին հանձնարարություններ են տրվել՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել՝ 36–ամյա տղամարդու մոտից հայտնաբերված թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:

Ձերբակալված 42–ամյա տղամարդը անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով արգելանքից ազատ է արձակվել:

Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս