ՍԴ-Ն ԸՆԴԴԵՄ ՍԴ-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՍԴ-ն իր որոշումներով հակասում է ինքն իրեն: Բանն այն է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 եւ 114 հոդվածների համապատասխան մասերը 2009թ. ճանաչվել են հակասահմանադրական, բայց որոշ կոսմետիկ ձեւակերպումներից հետո (թեեւ բովանդակությունը մնացել է նույնը) բոլորովին վերջերս նույն ՍԴ կողմից համարվեցին ընդունելի: Իսկ սա արվել է այն պատճառով, որ մարդկանց կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում նրանց հնարավոր լինի աշխատանքից ազատել:
ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախկինում կար 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, որը նման դրույթ էր սահմանում. գործատուն իրավունք ունի ժամկետից շուտ լուծելու անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը` աշխատողի կենuաթոշակային տարիքը լրանալու պատճառով: Այլ կերպ ասած, եթե մարդը դառնում է 63-65 տարեկան, միայն այդ պատճառով նրան կարող են ազատել աշխատանքից: Նման մի դրույթ էլ նախատեսում էր օրենսգրքի 114 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը: Եւ ահա 2009թ. փետրվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը UԴՈ-792 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ու անվավեր էր ճանաչել վիճարկված հոդվածները: Ընդ որում, ինչպես հայտնի է, ՀՀ ՍԴ որոշումները վերջնական են եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
Դրանից հետո ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն ամեն ինչ արեց` հակասահմանադրական ճանաչված այս դրույթը մեկ այլ ձեւակերպմամբ կրկին մտցնելով Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի մեջ: Ու քանի որ ԱԺ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը նախագծերը քվեարկում է առանց դրանց բովանդակությանը տեղյակ լինելու, այդպես են վարվել նաեւ այս անգամ` կրկին օրենքի տեսք տալով արդեն իսկ հակասահմանադրական ճանաչված ձեւակերպումներին: Այս փաստը չէր վրիպել ՍԴ աչքից, ու 2010թ. ՍԴ տարեկան հաղորդման մեջ նշված է, թե ՍԴ որոշումների պահանջների կատարման եւ դրանցում արտահայտված իրավական դիրքորոշման ոչ միատեսակ ընկալման օրինակ է նաեւ այն, որ թեեւ իրենք հակասահմանադրական ճանաչեցին ԱՕ 113 ու 114 հոդվածների համապատասխան կետերը, սակայն ԱԺ-ն 2010թ. հունիսին ընդունել է կրկին ԱՕ փոփոխությունների նախագիծը, որտեղ հաշվի չեն առել ՍԴ որոշման պահանջները:
Հետագայում, երբ պարզ է դարձել կատարվածը, Հակոբ Հակոբյանի կուսակից ընկերներն իրենք` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ են ներկայացրել, որտեղ առաջարկվել է հանել հակասահմանադրական ձեւակերպումը: Բանավեճը, սակայն, տեղափոխվել է այլ դաշտ, ու Գալուստ Սահակյանի նախաձեռնության դեմ է դուրս եկել կառավարությունը` սատարելով Հ.Հակոբյանին: Ի վերջո, որոշում է կայացվել 2010թ. հունիսի 24-ին ընդունված ԱՕ փոփոխությունների նախագիծը բողոքարկել ՍԴ-ում:
Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ նույն հարցի վերաբերյալ ՍԴ-ն չի կարող երկրորդ անգամ կարծիք հայտնել, այլ համաձայն ՍԴ մասին օրենքի 68 հոդվածի 14 կետի` ՍԴ-ն տվյալ դեպքում իր որոշումը կարող է վերանայել առնվազն 7 տարի անց: Ու որպեսզի ՀՀԿ-ական նախագիծը ՍԴ-ն նորից քննարկի, փոխվել է օրենքի ձեւակերպումը. ԱՕ 113 հոդվածի 1 մասի` արդեն 11 կետը շարադրվել է այսպես. «Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծարել անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, մինչեւ դրա ժամկետի լրանալը` աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով»: Այսինքն` մի փոքր փոխել են ձեւակերպումը, իսկ հետո այն օրենքում ամրագրել որպես 1-113 հոդվածի 1 մասի 11-րդ կետ:
Եւ ահա ՍԴ-ն հոկտեմբերի 11-ի ՍԴՈ-991 որոշմամբ սահմանադրությանը համապատասխան է ճանաչել ԱՕ 113 հոդվածի 1 մասի` արդեն 11 կետն ու 114 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը` այն դրույթները, որոնք իր կողմից հակասահմանադրական էին ճանաչվել ժամանակին:
Ի դեպ, տարիքային խտրականության արգելմանը վերաբերող դրույթներն իրենց արտացոլումն են գտել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ մասի 24-րդ հոդվածում, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2-րդ, 7-րդ եւ 23-րդ հոդվածներում, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածում, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրի 2-րդ եւ 26-րդ հոդվածներում, Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածում, Աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում խտրականության մասին աշխատանքի միջազգային կազմակերպության 111 կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների 1-ին եւ 2-րդ հոդվածներում:
Բայց ՀՀ ՍԴ-ն մի կողմ է թողել բոլոր կոնվենցիաները եւ իր որոշումը կայացնելիս հիմնվել է Բուլղարիայի ու Հունգարիայի օրենսդրական նախադեպերի, այլ ոչ թե կոնվենցիաների վրա: Այսքանից հետո, թերեւս, մնում է միայն հերթական անգամ ամրագրել, թե որքան «օբյեկտիվ է» բարձր դատարանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս