ԱՄՆ մի խումբ սենատորներ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում ապահովել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ՝ մանրամասնելով, որ նման կոչով հանդես են եկել սենատորներ՝ Էդ Մարկին (դեմոկրատ՝ Մասաչուսեթսից), Բիլ Քեսիդին (Հանրապետական՝ Լոս Անջելեսից), Թոմ Թիլիսը (Հանրապետական՝ Հյուսիսային Կարոլինայից) և Գարի Փիթերսը (դեմոկրատ՝ Միչիգանից)։
Սենատորներն ընդգծել են, որ Ադրբեջանն աննշան տույժեր է կրել միջազգային հանրությունից՝ կապված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների և այլ պաշտոնյաների շարունակական կալանքի տակ պահելու համար։
«Բայդեն-Հարիսի վարչակազմի անկարողությունն՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Արցախում ցեղասպանության, Հայաստանի տարածքների օկուպացիայի և հայ բանտարկյալների ու քաղաքական առաջնորդների շարունակական կալանքի տակ պահելու համար ոչ միայն խաթարել է կայուն և արդար խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը, այլև քաջալերել Է Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման աճող սպառնալիքները», – հայտարարել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն՝ Արամ Համբարյանը՝ շնորհակալություն հայտնելով նամակի հեղինակ սենատորներին վարչակազմի վրա ճնշում գործադրելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչի համար։
Նրա պնդմամբ՝ բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում պետք է համապատասխանի արցախահայության՝ իրենց հայրենի հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու հիմնարար իրավունքներին:
Նամակում, որտեղ կոչ է արվում Պետքարտուղարությանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակել որպես էթնիկ զտում, ընդգծվում է անհրաժեշտությունը, որ Բայդենի վարչակազմը վճռականորեն պաշտպանի և ապահովի հայերի՝ միջազգային երաշխիքներով իրենց տները վերադառնալու իրավունքը: Թեև Բայդենի վարչակազմը մի քանի հրապարակային հայտարարություններով պաշտոնապես հաստատել է Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքը, այդուհանդերձ որևէ շոշափելի գործողություն չի ձեռնարկել՝ ապահովելու համար այն անվտանգ պայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ապահովվի նաև հայերի՝ հետապնդումներից զերծ լինելն այն դեպքում, եթե նրանց թույլատրվի վերադառնալ իրենց տները:
Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքը՝ սենատորները նշել են, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարությանը գլխատելու Ադրբեջանի փորձերը «էթնիկ զտումներ իրականացնողների հայտնի մարտավարությունն են»:
Նամակում, մասնավորապես, ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին առաջնորդների, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և այլոց շարունակական ապօրինի կալանքի տակ պահելը: