Ապրիլի 3-ը հայ մշակութային և ազգային կյանքում առնչվում է մի շարք դեմքերի և դեպքերի հետ: Այն գրող Ղազարոս Աղայանի և դերասան Ազատ Շերենցի ծննդյան օրն է, ինչպես նաև այն օրը, երբ բացվել է ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանը:
1993 թվականի հենց այս օրն են հայկական զինված խմբավորումները, որոնք հետագայում պիտի դառնային ՀՀ Զինված ուժերի հիմնասյունը, դուրս գալիս Օմարի լեռնանցք, որի հետևանքով ադրբեջանական բանակը, մեծ կորուստներ տալով, անցնում է Մռավի լեռնաշղթան և Քարվաճառը թողնելով հեռանում:
Ղազարոս Աղայանն ու հայ գրականությունը.
Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ: Ահա այսպես է մեծանուն գրողին բնութագրել մեկ այլ մեծանուն վրող Ավետիք Իսահակյանը:
Գրող, մանկավարժ և հրապարակախոս Ղազարոս Աղայանը, ով հեղինակել է մանկավարժական-մեթոդաբանական բազմաիվ աշխատություններ, հեղինակն է նաև երկար տարիներ հայկական դպրոցներում ամենատարածված այբբենարանը՝ «Ուսումն մայրենի լեզի» անվանմամբ. Այն նախատեսված էր առաջինից չորրորդ դասարանի երեխաների համար:
Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտության համակարգ: Նա ներդրում ունի նաև «Արարատ» հանդեսի զարգացման, ինչպես նաև հայ թարգմանական գործի զարգացման հարցում: Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով՝ թարգմանելով այնպիսի գրողների, ինչպիսիք են Իվան Կռիլովը, Ֆրիդրիխ Շիլլերը, Հայնրիխ Հայնեն, Լև Տոլստոյը, Ուիլյան Շեքսպիրը և այլոք:
Աղայանը եղել է Հովհաննես Թումանյանի հիմնած Վերնատուն գրական խմբակի անդամներից: Նրա ստեղծագործությունների շարքում ամենահայտնիներից է «Անահիտ» հեքիաթը, որի հիման վրա 1947 թվականին ֆիլմ, իսկ 2014 թվականին մուլտֆիլմ է նկարահանվել:
Ամենայն հայոց բանաստեղծի 30 ամյակն ու տուն-թանգարանի բացումը.
Թանգարանը, որի ճարտարապետը Գրիգորի Աղաբաբյանն է, բացվել է 1953 թվականի ապրիլի 5-ին: Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է եղել՝ Աշխեն Թումանյանը, ցուցադրվել են ձեռագրերի պատճեններ, ֆոտոփաստաթղթեր և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակներ՝ ընհանուր առմամբ ավելի քան 18 հազար ցուցանմուշ:
Առաջին հարկում կարելի է տեսնել մեծ գրողի կյանքի ուղին՝ կյանքի և գործունեության վերաբերյալ նյութեր՝ այդ թվում, լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր, ձեռագրեր, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։
Երկրորդ հարկում ներկայացված է Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ նույնությամբ վերարտադրված և կահավորված:
Մուտքին այցելուներին դիմավորում են «Անուշ» օպերայի հնչյունները՝ զուգորդված «Լոռվա ձորը» համայնապատկերով:
Թանգարանում կարելի է նաև նկարվել Սասունցի Դավթի և Քուռքիկ Ջալալու հետ՝ համապատասխան հավելվածի միջոցով:
Տղամարդը՝ «Տղամարդիկ» ֆիլմից. Ազատ Շերենց
Թիֆլիսում ծնված Շերենցը հայկական կինեմատոգրաֆիկ կատակերգության հիմնադիրներից է: ՀԽՍՀ ժողովրդական արտիստը կարիերան սկսել է 1931 թվականին՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, ապա մեկնել Մոսկվա՝ հայկական թատրոն-ստուդիայում ուսանելու: Աշխատել է Գյումրիի թատրոնում և 1968-ից սկսել նկարահանվել «Հայֆիլմ» ստուդիայի ֆիլմերում, որոնցից հատկանշական են «Տղամարդիկ», «Մենք ենք մեր սարերը», «Սերոբի ծառը», «Խաթաբալան» և «Խնձորի այգում»:
Պետք է նշել, որ դերասանի մասնակցությամբ «Տղամարդիկ» ֆիլմը հայ իրականության ամենաազդեցիկ, ամենաիրական և ամենագրավիչ ֆիլմերից է, որը բարձր մասնագիտական մոտեցման և նվիրվածության արդյունք է: Եթե չե՛ք դիտել, ապա հիշե՛ք, արվեստը ժամանակ չի ճանաչում:
Հուրի Բաղդասարյան