ՊԱՀՆ Է ՀԱՄԱՐՁԱԿ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանիայի նախկին վարչապետ եւ Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խումբը, որի մասնակիցների թվում են նախկին վարչապետներ, խորհրդարանականներ եւ դիվանագետներ, պատրաստել է զեկույց, որում անդրադադարձ է կատարվում Հայաստանի ու Եվրոպական Միության միջեւ հարաբերություններին, դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, Հայաստանի՝ կազմակերպությանը վերջնական անդամակցելուն, ինչպես նաեւ Հարավային Կովկասում առկա իրադրությանն ու Հայաստանին սպառնացող վտանգներին։   

 

Ինչպես տեղեկանում ենք զեկույցից, հեղինակներն ընդգծում են այն քայլերը եւ գործողությունները, որոնք Եվրոպական Միությունը պետք է իրականացնի՝ հաշվի առնելով Հայաստանի համար առկա խնդիրներն ու սպառնալիքները։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ այժմ պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու եւ  էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի Հանրապետությանը։

Զեկույցում նշվում է, որ Եվրոպական Միությունը նախկինում դժկամությամբ է վերաբերվել անվտանգության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանն այն պատճառով, որ կազմակերպությունը միջնորդական դեր պահպանելու ցանկություն է ունեցել, սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ցույց է տվել, որ Բաքուն այդքան էլ շահագրգռված չէ խնդիրների բանակցային կարգավորմամբ: Ընդհակառակը, Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը միայն ամրապնդել է այն միտքը, որ նա կրկին կարող է դիմել ռազմական տարբերակի, ուստի ԵՄ-ն պետք է վերակողմնորոշի իր ներգրավվածությունը տարածաշրջանում, որպեսզի  միջնորդելու փոխարեն փորձի ուժեղացնել Հայաստանի դիմադրողականությունը՝ կանխելու մեկ ուրիշ պատերազմ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կա ուժեղացնել Եվրամիության եւ Հայաստանի միջեւ համագործակցությունն անվտանգության ոլորտում ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։

Համահեղինակներն ընդգծում են, որ ԵՄ-ն պետք է Հայաստանին առաջարկի աստիճանական, բայց որոշակի ճանապարհային քարտեզ՝ դեպի ընդլայնված հարաբերություններ: Սա ներառում է Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը։ Նման առաջարկը պետք է պաշտպանված լինի իրական, բովանդակային աջակցությամբ։

Ներկայացված զեկույցում նշվում է, որ Հայաստանը հայտնվել է անվտանգության խիստ անկայուն միջավայրում՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք ներկայացնել եւ ազդանշան է տալիս, որ Հայաստանի դեմ հարձակման է պատրաստվում։

Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանի կողմից դեռեւս 2021 եւ 2022 թվականների հարձակման հետեւանքով Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածք գտնվում է օկուպացիայի տակ, ինչն ուղղակի վտանգ է ներկայացնում ՀՀ ինքնիշխանության համար, իսկ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին՝ զեկույցում ասվում է, որ դրանով Բաքուն Երեւանի դեմ հետագա հարձակման համար փորձում է տեղեկատվական դաշտ ապահովել։

Մատնանշվում է նաեւ նախագահ Ալիեւի սպառնալիքները՝ ուղղված ՀՀ մայրաքաղաք Երեւանին, որի նկատմամբ եւս Ադրբեջանը չի թաքցնում իր հավակնությունները։ Միեւնույն ժամանակ, նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի տարածքով ցամաքային միջանցք պահանջել, որը չստանալու դեպքում սպառնում է ռազմական ուժ կիրառել՝ օկուպացնելու համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը։

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Թուրքիան եւս կարող է իր մասնակցությունն ունենալ, քանզի շարունակում է սերտորեն կապված լինել Ադրբեջանի հետ՝ հրաժարվելով բացել սահմանները Հայաստանի հետ եւ ճնշում գործադրելով վերջինիս վրա։ Այդուհանդերձ, արձանագրվում է տարածաշրջանում Թուրքիայի դերի կարեւորությունը, եւ խոսվում Հայաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի հասցնելու անհրաժեշտության մասին։

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ զեկույցում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ավելացնել ռազմական օգնությունը ԵՄ անդամ երկրներից, ինչը կարեւոր քայլ կլինի, որպեսզի Հայաստանն ավելացնի իր պաշտպանական կարողությունները եւ կարողանա դիմագրավել Ադրբեջանի հարձակումներին։

Խոսքը վերաբերում է ինչպես համատեղ վարժանքներին ու զորավարժություններին, այնպես էլ եվրոպական երկրների հետ ռազմական հարաբերությունների սերտացմանը։ Այս քայլով Եվրոպական Միությունը նաեւ կարեւոր ազդակ կուղարկի Բաքվին եւ Անկարային։

Այս համատեքստում զեկույցի համահեղինակները կարեւորում են նաեւ ՀՀ զինված ուժերի բարեփոխումը եւ արդիականացումը՝ հավելելով, որ Հայաստանը նույնպես ժամանակակից արեւմտյան տեխնիկայի կարիք ունի։

Անդրադառնալով նաեւ Հայաստանի անդամակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ հեղինակները նշում են, որ այն քիչ արժեք ունի Հայաստանի համար անվտանգության առումով, քանի որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումներից հետո աչքի չի ընկել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունների կատարմամբ, ինչի արդյունքում էլ ՀՀ-ն փաստացի սառեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը՝ փորձելով դիվերսիֆիկացնել իր անվտանգության մեխանիզմները։

Բացի այս, զեկույցում ասվում է, որ Հայաստանի համար կարեւոր դեր կարող է ունենալ Թուրքիայի հետ զուսպ եւ ուղիղ երկխոսությունն ու հարաբերությունների կարգավորումը եւ հայ-թուրքական սահմանի բացումը։

 

 

ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ

«Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր գործընթացում մենք նպատակ ունենք խրախուսել նրանց՝ աշխատել երկու երկրների միջեւ տարաձայնությունները հարթելու եւ երկարատեւ ու կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ»,- լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին այն մասին՝ արդյոք Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսվող Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման օրակարգում դիտարկվելու է քաղաքական, տնտեսական կամ անվտանգության ոլորտներում աջակցությունը:

Մեթյու Միլլերը հանդիպման մասին մանրամասներ չի հայտնել։

 

 

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի դուրսբերման հարցը որոշված է, իսկ հայ-թուրքական սահմանից նրանց դուրսբերման հարց չի քննարկվել. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Խոսելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի դուրսբերման հարցի մասին՝  Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի համար դա արդեն որոշված թեմա է, եւ այստեղ այլեւս քննարկում չկա:

«Փորձ է արվում այս գործընթացը ներկայացնել իբրեւ միջպետական պայմանագրի խախտում։ Սա եղել է միջգերատեսչական համաձայնություն, որի նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ սահմանապահներին, թեթեւացնել նրանց բեռը։ Այլեւս այդ բեռը թեթեւացնելու կարիք չկա։ Մենք տեղեկացրել ենք՝ շնորհակալ ենք, օգնեցիք, բայց այլեւս Հայաստանի Հանրապետությունն այդ օգնության կարիքը չունի։ Մենք կարող ենք մեր օդանավակայանը ինքներս սպասարկել, եւ մեր սահմանապահները նույնպես կարող են իրենց առջեւ դրած խնդիրը լուծել։

Հիմա էլ խոսում են, թե Թուրքիայի սահմանը ով է պահելու. ես շատ խիստ կասկած ունեմ, որ Թուրքիան որոշի Հայաստանի Հանրապետության վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են եւ պաշտպանելու են»,-ասաց Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե նշված հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Հայաստանն առաջիկայում կորոշի հայ-թուրքական սահմանից էլ դուրս բերել ՌԴ սահմանապահներին, Սիմոնյանը պատասխանեց, որ նման խոսակցություն չի եղել, ինքը պարզապես արձագանքում է  վերլուծաբանների կարծիքներին։

 

 

ԺԱՄԱՆԵԼ ԵՆ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին եւ Հայաստան ժամանած ֆրանսիացի պատգամավորները ծանոթացել են Սոթքի ոսկու հանքավայրի շրջակայքում տիրող անվտանգային իրավիճակին։

Այս մասին գրառում է արվել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

«Ուրախ էինք Մարտունիում (խմբ. Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք) հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին։ Նրանց հետ կիսվել ենք այդ հատվածում մեր գործունեությամբ եւ Սոթքի ոսկու հանքավայրի շրջակայքում անվտանգային զարգացումներով»,- նշվում է գրառման մեջ։

Հայաստան ժամանած ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության կազմում են Ֆրանսիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ղեկավար Ան Լորենս Պետելը, բարեկամական խմբի փոխնախագահ Ժան-Ֆրանսուա Պորտարիեն, պատգամավորներ Էլիսա Մարտինը, Հերվի

Դե Լեպինյոն, Լիլիանա Տանգին, Սիլվիե Բոնետը եւ Քլեռ Գիչարդը։

 

 




Լրահոս