ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հրավիրվել է Քննչական կոմիտե եւ հարցաքննվել: ArmLur.am-ն հայտնի դարձավ, որ նրան հարցաքննել են իր տան բակ պայթուցիկ պայթեցնելու քրեական վարույթի շրջանակներում:

 

Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Գործով կալանավորվածներից մեկը ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանն է եւ Վահան Հովհաննիսյանը:

Այսպես, ըստ կոմիտեի՝ Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ եւ հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու եւ այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կազմակերպել է Ա.Գ.-ի եւ Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաեւ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ գործելով նույն դիտավորությամբ՝ Ա.Գ.-ն, Է.Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024 թվականի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված, փշրտող գործողության տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն պայթեցման սարքը եւ այն գործարկման վիճակի բերելու համար անհրաժեշտ մարտկոց, բացատրել վերջինը պայթուցիկ սարքի մեջ տեղադրելու եղանակը: Դրանից հետո վերջիններս, կիրառելով քողարկման ու չբացահայտվելու համար անհրաժեշտ որոշակի միջոցներ, ուղեւորվել են դեպի Երեւան քաղաքի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե Երեւան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ի կողմից իրեն փոխանցված՝ ավերածություններ գործելու համար պիտանի պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է դեպի հիշյալ առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին, տեղի է ունեցել նշված պայթեցման սարքի պայթյունը, որը զուգորդվել է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու իրական վտանգով եւ առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՅՏՆԻ Է՝ ՈՒՄ Է ՄԱԿԱԳՐՎԵԼ ԳՈՐԾԸ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ Պզոյի գործը մակագրվել է դատավոր Վահե Ջիվանյանին: Վերջինս այն դատավորն էր, որ 2022 թվականին միացել էր 93 դատավորների ստորագրահավաքին եւ մտահոգված լինելով դատավորների նկատմամբ իրենց գործունեության հետ կապված իրականացվող հետապնդումներով՝ պահանջում էր դատավորների ժողով հրավիրել:

 

Դատախազը 2024 թվականի մարտի 26-ին հաստատել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից:

«Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ղ.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է այն (Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մաս):

Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ եւ 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։

«Ա.Ղ.-ի նկատմամբ կիրառվել են համակցված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք եւ 20 մլն դրամի չափով գրավ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գլխավոր դատախազությունը, սակայն չի գաղտնազերծել, թե ով է այդ «օրեքով գողը»:

ArmLur.am-ը, սակայն, պարզեց՝ ում մասին է խոսքը: Նա Արմեն Ղազարյանն է, որն առավել հայտնի է Պզո անունով:

Նշենք, որ 2022 թվականին ArmLur.am-ը գրել էր, որ Երեւանում՝ Մուրացան 109 հասցեից, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձինք:

Բերման ենթարկվածների թվում են եղել «օրենքով գող» Պզոն՝ Արմեն Ղազարյանը, այլ անձինք եւս, որոնցից մեկը հայտնի է որպես Կաբելի տղա, որը շուտով պետք է դառնար «օրենքով գող»:

Նա մեղադրվում էր հավաք կազմակերպելու համար։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվել են Գյումրի քաղաքի բնակչի կողմից նախկին կնոջ ու նրա քրոջ նկատմամբ կատարված առերեւույթ սպանության փորձի հանգամանքները։

2024 թվականի մարտի 24-ին՝ ժամը 14։48-ին, Գյումրու բնակչուհուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը իրենց շենքի շքամուտքում դանակահարել է իրեն ու 26-ամյա քրոջը։ Ավելի ուշ «Գյումրի» ԲԿ-ից հայտնել էին, որ հիշյալ բնակչուհիները՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով, տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով պարզվել եւ հիմնավորվել է, որ առերեւույթ դանակահարությունը կատարել է 27-ամյա երիտասարդ։

Նախաքննությամբ նաեւ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս մինչեւ դեպքի օրը նախկին կնոջ ու նրա հարազատների հասցեին պարբերաբար հնչեցրել է սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքներ։

Մասնավորապես, պարզվել է, որ 27-ամյա երիտասարդի  եւ նրա նախկին կնոջ, քենու միջեւ, անձնական հարցերի հետ կապված,  եղել են լարված, անբարյացակամ փոխհարաբերություններ։

Այդ պատճառով երիտասարդը մինչեւ դեպքի օրը շարունակաբար սպառնացել է նրանց, իսկ 2024 թվականի մարտի 24-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, վերջիններիս կյանքից զրկելու դիտավորությամբ գնացել է նրանց բնակության հասցե, սպասել շենքի բակում։

Նկատելով շենքին մոտեցող 32 եւ 27-ամյա քույրերին՝ երիտասարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, քայլել է նրանց հետեւից, ապա ձեռքում պահած դանակով, միեւնույն ժամանակ սպառնալիքներ հնչեցնելով, թիկունքից հարվածել է նախ նախկին կնոջ մեջքի, սրտի եւ աջ ոտքի տարբեր հատվածներին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաեւ նրա քրոջը՝ քույրերին պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Սակայն, այլ անձի միջամտության արդյունքում երիտասարդը չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, ինչից հետո դիմել է փախուստի։ Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ նրա նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 194-ի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 2-րդ մասի 9-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, եւ վարույթն իրականացնող մարմնի կողմից ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել եւ ներկայացնել վերջինիս։

Մարտի 27-ին վերջինս հայտնաբերվել է եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Նրան առաջադրվել է մեղադրանք վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար։ Միջնորդություն է ներկայացվել դատարան երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 




Լրահոս