«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը թիկնապահից դարձել է պետական արարողակարգի ղեկավար՝ չունենալով դիվանագիտական կրթություն, փորձում է 44 պետությունները ներկայացնող պատվավոր հյուպատոսների հետ անտեղի սրել հարաբերությունները: Նա նամակներ է ուղարկում ոստիկանություն, որպեսզի ստուգման ենթարկվեն պատվավոր հյուպատոսների կողմից շահագործվող՝ կարմիր համարանիշներով մեքենաները:
Հյուպատոսական հիմնարկների կողմից օգտագործվող մեքենաների 2 համարանիշներից մեկը նա ջանում է անվավեր ճանաչել՝ ըստ էության խանգարելով հյուպատոսական հիմնարկների բնականոն աշխատանքը, անտեսելով Վիեննայի կոնվենցիան հյուպատոսական կապերի մասին եւ ֆակուլտատիվ արձանագրությունները:
Նկատենք, որ պաշտոնային ոչ հարիր այդ պահվածը ազդելու է Հայաստանի Հանրապետության կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գագիկ Վանոյանը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահն է։
Ֆիզկուլտուրնիկ, թիկնապահ եւ դիվանագետ, որը պետք է դիվանագիտական հարաբերություններ պահպանի Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։ Նա տարբեր գերատեսչություններից ներկայացուցիչներ է հրավիրում ԱԳՆ, ժողովներ կազմակերպում, փորձում իր կողմից կատարված անտրամաբանական քայլերը արդարացնել եւ Արդարադատության նախարարության միջոցով օրինագիծ մշակել:
Նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ պատվավոր հյուպատոսներին պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգին առնչվող դրույթներ, սահմանել վերջիններիս հատկացվող հաշվառման համարանիշերի տեսակները՝ հստակ կանոնակարգելով, որ վերջիններիս տրանսպորտային միջոցներին հատկացվելու են լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր, ընդ որում՝ յուրաքանչյուր պատվավոր հյուպատոսի մասով հատկացվելու է մեկական կարմիր հիմնագույնի համարանիշ, եւ այնպես անել, որ վատթարանա հյուպատոսական հիմնարկների աշխատանքը:
Վերջում հիշեցնենք Վիեննայի կոնվենցիան՝ հյուպատոսական կապերի մասին, եւ ֆակուլտատիվ արձանագրությունները.
- ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ՝ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ.
Կատարված է Վիեննայում 1963 թվականի ապրիլի 24-ին (Հոդված 72) ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉՏԱԼԸ
- Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառելիս նստավայր պետությունը չպետք է խտրականություն ցուցաբերի տարբեր պետությունների նկատմամբ (մի պետության ներկայացուցիչներին տրամադրում են 100-ից ավելի համարանիշներ, իսկ 44 պետություն ներկայացնող պատվավոր հյուպատոսներին՝ ընդամենը 2-ական համարանիշ, հիմա էլ ուզում են դարձնել 1 համարանիշ՝ խանգարելով հյուպատոսական հիմնարկների բնականոն աշխատանքը)։ Նշենք նաեւ, որ 2018թ. այս բազմաթիվ պատվավոր հյուպատոսները միացան հեղափոխությանը, բայց խաբվեցին նաեւ նրանք:
Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնացել էր Գյումրի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները: Փաշինյանի ավտոշարասյանը վարորդները մեքենայի ձայնային ազդանշաններով ու սուլոցներով են ուղեկցել: Նախ այդ օրը Գյումրու կենտրոնական փողոցները փակ են եղել, Փաշինյանի գալու առիթով պարեկները Գյումրիում «կանգնեցրել են» շարժը, ինչը եւս բարկացրել է տեղացիներին, ու այդ պատճառով նաեւ քաղաքացիները եւ պարեկները բախվել են, ընդհարումներ ունեցել: Գյումրիում տեղի էր ունեցել նաեւ ՔՊ նախաձեռնող խմբի նիստը: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանը Գյումրիում գրեթե նույն սպառնալից ու չհուսադրող հայտարարություններն է արել, ինչ Տավուշում: Ասել է, որ այլընտրանք չունենք, պետք է Ադրբեջանի պահանջած տարածքները տանք, որպեսզի պատերազմ չլինի: Միեւնույն ժամանակ նա երաշխիք չի էլ տվել, որ եթե Ադրբեջանի հերթական ապօրինի պահանջը կատարենք, ապա պատերազմ չի լինի:
Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝ «Նոր ուժ»: Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։ Հայկ Մարությանը դեռ ամիսներ առաջ՝ ավագանու անդամի մանդատից զրկվելուց հետո էր հայտարարել, որ չի հեռանալու քաղաքականությունից, պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել եւ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Իսկ ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ընդգրկված են լինելու ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների մեծամասնությունը՝ Արամ Թորոսյանը, Հովսեփ Կուբաթյանը, Գրիգոր Երիցյանը, Քրիստինա Վարդանյանը եւ այլոք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ որքան էլ անսպասելի է, բայց Իզաբելլա Աբգարյանը չի լինի «Նոր ուժ» կուսակցությունում։ «Ես անպայման աջակցելու եմ իմ թիմակիցներին, բայց ես որեւէ կուսակցության երբեւէ չեմ անդամակցել: Այս փուլում նախընտրում եմ կենտրոնանալ ավագանիում մեր խմբակցության գործունեության եւ քաղաքի խնդիրների վրա»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Ի դեպ, Մարությանի թիմակիցները մեզ հետ զրույցում չբացառեցին նաեւ, որ ինչ-որ փուլում, հնարավոր է, դաշինքի ֆորմատով համագործակցեն «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ, որի կազմով մասնակցեցին ավագանու վերջին ընտրություններին:
Թեեւ ՀՀ բանակային կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանի նկատմամբ հարուցվել են տարատեսակ քրեական գործեր, սակայն դրանք չեն հաստատվում։ Մասնավորապես, 2021թ. «Սեյրան Խալաթյան» ՍՊԸ-ի տնօրենը Բաղմանյան եղբայրների դեմ հաղորդում տվեց ունեզրկման, մարդու առեւանգման եւ շորթման հատկանիշներով։ Տարիներ անց սույն հաղորդումը չհաստատվեց, օրերս էլ պարզ դարձավ, որ ՍՊԸ տնօրենը բանկերին պարտք է աստղաբաշխական գումարներ։ Հավանաբար, հեղափոխությունից հետո հարմար առիթ էր նախկինների մեջ մեղավոր փնտրել եւ պարտքերը «գրել» նրա վրա։ Իրականում նա պարտքեր է կուտակել, եւ չի բացառվում՝ դրա պատճառով է ողջ պրոցեսը։