Մարտի 24-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք ներխուժեցին 3 զինված քաղաքացիներ: Նրանցից 1-ը իրեն պայթեցրած նռնակից վնասվածքներով այս պահին հիվանդանոցում է, իսկ երրորդ անձին ԱԱԾ հատուկ ջոկատայինները վնասազերծեցին 2.5 ժամ անց: Ի՞նչ իրավիճակ է նռնակի պայթյունից 4 օր անց Ներքին գործերի նախարարության Նոր Նորքի ոստիկանության բաժնում։
ArmLur.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում էր։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ Ս. Հ.-ն, Վ. Գ.-ն եւ Ա. Մ.-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, պետական ծառայող հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներին իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելուն, ինչպես նաեւ իրենց պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով 2024թ.-ի մարտի 24-ին՝ ժամը 17:00-ից 17:15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի կերպով ձեռք բերած եւ յուրաքանչյուրի մոտ գտնվող ռազմամթերք հանդիսացող երկուական ձեռքի մարտական նռնակներով մուտք են գործել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։
Շենքը պայթեցնելու սպառնալիքով, ձեռքերում ցուցադրական պահելով վերը նշված, այդ թվում՝ արդեն մարտական վիճակի բերված նռնակները, վերջիններս հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններից պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին, բացել հերթապահ մասի դուռը։ (խմբ.- նշենք, որ այդ օրը իրավապահները համատարած ձերբակալում էին «Մարտական եղբայրության» անդամներին, որոնք, երկրում առկա վիճակով պայմանավորված, գնացել էին Ոսկեպար)։
Նրանք հանդիպել են ոստիկանության ծառայողների դիմադրությանը, ինչի պայմաններում Ա. Մ.-ի ձախ ձեռքում պահված նռնակը ընկել է, ոստիկանության բաժնի հերթապահ մասի դիմացի հատվածը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասվել է, իսկ Ս. Հ.-ն, շարունակելով իրենց հանցավոր նպատակին ուղղված գործողությունները, նռնակները ձեռքերին պահած, շուրջ 2 ժամ սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը եւ ՀՀ-ում իրականացնել հեղափոխություն, սակայն վերջինս վնասազերծվել եւ զինաթափվել է ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Եվ, ահա, ձեռք բերված փաստերի հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ առերեւույթ հանցավոր արարքները կատարած երեք անձանց՝ Ս.Հ.-ի, Վ.Գ.-ի եւ Ա.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Դատախազի կողմից հիշյալ միջնորդությունները բավարարվել են, եւ նշված երեք անձանց ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը) եւ 335-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կազմում հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Ս.Հ.-ի եւ Վ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշմամբ բավարարվել են։
Ա.Մ.-ն շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում։
Իրավիճակից 4 օր անց տարածքում ապրող բնակիչները մինչ օրս հիշում են դեպքը ու վերլուծում՝ ինչի հասան կատարողները:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԱՆՀԻՄՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռեւս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Տ.Մ.-ի դատավարական պաշտպանությունը, ում նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, եւ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:
2024թ. նախաքննական մարմնի կողմից դատարան էր ներկայացվել Տ.Մ.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն, որը դատարանի 27.03.2024թ. որոշմամբ ամբողջությամբ մերժվել է (ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Տ. Դավթյան), Տ.Մ.-ն շուտով կլինի ազատության մեջ: Միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանների կողմից դատարանին ներկայացվել են այնպիսի փաստեր, որոնք ամբողջությամբ բացահայտել են Տ.Մ.-ին կալանքի տակ պահելու անհրաժեշտության եւ հիմքերի բացակայությունը:
Նշված գործով մեղադրանքի անհիմն լինելու մասին պաշտպաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը արդեն առիթ ունեցել են խոսելու, բայց Տ.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելուց հետո փաստաբանների կողմից նախաքննությանը գրեթե զուգահեռ «փաստաբանական հետաքննություն» էր իրականացվել, որի շրջանակում ի հայտ են եկել այնպիսի տեղեկություններ, որոնք ամբողջությամբ ապացուցում են Տ.Մ.-ի անմեղությունը: Այդ ապացույցների մի մասը ներկայացվել, իսկ մնացյալը առաջիկայում կներկայացվի նախաքննական մարմնին: Հուսով ենք իրավապահ մարմինները կգտնեն իրենց մեջ խիզախություն, կհռչակեն Տ.Մ-ի անմեղությունը եւ կվերացնեն նրա իրավունքների սահմանափակումները:
ԴՈՒՍՏՐԸ՝ ՎԹԱՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում. «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի դուստրը վթարի կիզակետում է հայտնվել: Հղի կնոջ եւ երեխայի են տեղափոխել հիվանդանոց ու վիրահատում են։ ArmLur.am-ը զրուցել է Մանվել Եզիազարյանի հետ, որը մանրամասներ պատմեց դեպքից:
shamshyan.com-ը գրել էր, որ մարտի 28-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ 51-ամյա Պարույր Բաբայանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Խորենացի փողոցում՝ ոստիկանության էրեբունու բաժնի հարեւանությամբ, բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա մոտ 500 մետր առաջ ընթանալով՝ բախվել է «Nissan Tiida» եւ «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետեւանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երեւանի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են՝ 12-ամյա երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ նրա մայրը՝ «էրեբունի» բժշկական կենտրոն:
ԹԱԼԱՆԵԼ ԵՆ «ԶԻԳԶԱԳԸ»
Օրեր առաջ Երեւանում թալանել են Սայաթ-Նովա պողոտայում գործող հայտնի «Զիգզագ» խանութը. հայտնում է shamshyan.com-ը։
Մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Ռոբերտ Կ.-ից, որը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05.30-ից 05:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ոտքով կոտրել է Սայաթ-Նովա 20 հասցեում գործող «Զիգզագ» խանութի մուտքի ապակյա դուռը, մտել ներս եւ այնտեղից հափշտակել տարբեր տեսակի 13 բջջային հեռախոս։
«Զիգզագ» խանութ-սրահի տնօրենի տեղակալ Արթուր Ջանոյանը իրավապահներին հայտնել է, որ գողության հետեւանքով պատճառվել է 5 մլն 500 հազար դրամի վնաս։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվում են անհրաժեշտ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ գողություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նկատենք, որ «Զիգզագ» ՍՊԸ-ի ղեկավարը Էդուարդ Աղաջանյանի հայրն է` Արթուր Աղաջանյանը: