2024 թվականի մարտի 29-ին՝ այսօր, կայանալու են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի փակ ընտրությունները։
ArmLur.am-ը օրեր առաջ գրել էր, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ եւ գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ձայների մեծամասնությամբ (12/8 ձայների համամասնությամբ) ընտրվել էր Կարինե Հարությունյանը: Սակայն, մրցույթում պարտված նույն Դավիթ Գյուրջինյանը դատական կարգով բողոքարկել էր մրցույթի արդյունքները՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Արդյունքում մրցույթի արդյունքները՝ Կարինե Հարությունյանի ռեկտորի պաշտոնում ընտրվելու մասին, չհաստատվեցին կառավարության կողմից։ Ավելին` Կարինե Հարությունյանը եւս դիմել էր դատարան` մրցույթը կայացած համարելու եւ կառավարությանը դրանց արդյունքները հաստատել պարտավորեցնելու պահանջներով։ Դատական գործերը դեռեւս ընթանում են, եւ դատարանը որեւէ որոշում չի կայացրել։
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել բաց մրցույթ, երբ դատական քննությունը ավարտված չէ, եւ նախորդի արդյունքները անվավեր ճանաչված չեն։
Սա «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի ակնհայտ խախտում է։
ArmLur.am-ը ներկայացնում է այն բացառիկ փաստաթուղթը, որը հաստատված է Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարար եւ Հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ, ըստ որի՝ ռեկտորի ընտրությունում ձայների մեծամասնությամբ հաղթել է Կարինե Հարությունյանը։ Կառավարությունից այս փաստաթուղթը չեն հաստատել, եւ իշխանության «սրտի» այժմյան ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը հասել է իր ուզածին։
Ստացվում է, որ փաստացի կա ռեկտոր, սակայն ապօրինի կընտրվի այլ անձ։ Այս անօրինական նշանակված ընտրություններից հետո, հնարավոր է, նաեւ հարցականի տակ դրվի վաղը ընտրվող ռեկտորի պաշտոնը։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՐՏԱՀԵՐԹ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական գործունեությունը եւ կարեւորելով նրանց տարիների փորձառությունը, մարտի 28-29-ին նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորման գործընթաց. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Ատեստավորման ընթացքին հետեւել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այցելելով Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 եւ Լեւոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցներ:
Նախարարի տեղակալը շրջել է քննական սենյակներում եւ հաջողություն մաղթել ուսուցիչներին՝ հույս հայտնելով, որ նրանք դրական արդյունքներ կգրանցեն ու հաղթահարելով ատեստավորման շեմը՝ կշարունակեն մանկավարժական գործունեությունը:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տվյալներով՝ թիվ 6 դպրոցի քննական կենտրոնում 78 հայտագրված մասնակիցներից ատեստավորմանը ներկայացել է 62-ը: Թիվ 155 դպրոցի քննական կենտրոնում հայտագրվել է 100 ուսուցիչ, որոնցից ատեստավորմանը ներկայացել է 84-ը:
Նշենք, որ կամավոր ատեստավորման թեստերը կազմվում են հանրակրթական դպրոցի ծրագրին եւ դասագրքին համապատասխանության սկզբունքով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կամավոր ատեստավորման այս փուլը չհաղթահարելու դեպքում բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները հնարավորություն չեն ունենալու հանրակրթական դպրոցներում ուսուցչական հետագա գործունեություն իրականացնել, մինչեւ չապահովեն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով ուսուցչին ներկայացվող պահանջները:
Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով ուսուցիչների համար դեռեւս 2010 թվականին սահմանվել է բարձրագույն կրթության պահանջ: Օրենսդրական նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին տրվել էր որոշակի ժամանակահատված, որը մի քանի անգամ արդեն իսկ երկարաձգվել է: Շատ ուսուցիչներ այդ ընթացքում ստացել են բարձրագույն կրթություն՝ կարգավորելով վերոնշյալ խնդիրը եւ ապահովելով օրենքի պահանջը:
Նախորդ տարի ոչ բարձրագույն կրթությամբ մասնագետներին տրվեց հավելյալ հնարավորություն՝ կամավոր ատեստավորման մասնակցության արդյունքում համապատասխան շեմը հաղթահարելու դեպքում շարունակել մասնագիտական աշխատանքը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշակում է աջակցության ծրագիր բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների մասնագիտական զարգացման նպատակով: Ըստ այդմ՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը, որի մասնագիտական գործունեությունը դադարեցվել է, կարող է կրթություն ստանալ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություններից որեւէ մեկում. պետությունը կապահովի ուսման վարձի փոխհատուցում:
Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորումը կշարունակվի նաեւ մարտի 29-ին:
ԾԱՌԵՐԻ ՍՊԱՆԴ Է
Մեկ հոգի որոշում է համայն հայության մայրաքաղաքի ծառերը կտրել կամ պահպանել: Արդեն 4 օր է, ինչ Երեւանի կենտրոնում ծառերի սպանդ է, ու դիմադրում են միայն մի քանի անհատներ կամ Երեւանի ավագանու եզակի անդամներ:
ArmLur.am-ը զրուցեց քաղաքային պլանավորման մասնագետ Վիկտոր Մնացականյանի հետ, որը մեզ փաստացի ցույց տվեց, թե հին, փարթամ ծառերին ինչ ծառերով են փոխարինել, եւ ինչ է սպասվում երեւանցիներին ամռանը:
Վիկտոր Մնացականյանի հետ ArmLur.am-ը շրջայց կատարեց ծառահատված Թումանյան փողոցում՝ հետաքրքրվելով, թե ինչպես են վերաբերվում բիզնեսի ներկայացուցիչները իրենց մայթերից անհետացած մեծ ու փարթամ ծառերի ջարդին: Պարզվեց, որ անտարբերությունն ավելի մեծ էր:
Բարեբախտաբար, կային նաեւ բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք իրենց ցասումն արտահայտեցին, սակայն նրանք բացառություններ էին:
Հանդիպեցինք նաեւ քաղաքացիների, որոնք իրենց դժգոհությունն արտահայտեցին ծառերի ջարդի առիթով:
Ահա այսպես, ժողովրդավարական հռչակված երկրում միանձյա որոշմամբ իշխանությունը Արմեն Բեգոյանի ձեռամբ վերացնում է Երեւանի ինքնությունը, ձեռագիրը եւ պատմությունը:
ԱՃ՝ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Հայաստանում գրանցվել է ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխայի ծնունդների մասով աճ:
Այս մասին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:
Ըստ նախարարի՝ վերջին տարիներին իրականացված միջոցառումները զգալի կերպով ազդում են ծնունդների կարգաթվային կառուցվածքի վրա:
«Ունենք աճ ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդների մասով: Օրինակ՝ 2018 թվականին ծնվել է ընտանիքում երրորդ եւ հաջորդ կարգաթվով 8271 երեխա, 2022-ին այդ թիվը կազմել է 11 հազար 956, աճը կազմել է 44.6 տոկոս: Բնականաբար, կարող ենք արձանագրել, որ մեր այս միջոցառումը տվել է դրական արդյունքներ»,- ասաց Մկրտչյանը:
2022 թվականի հունվարից գործող՝ «Ընտանիքում ծնված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության» ծրագրի շրջանակում, 2023-ի դեկտեմբեր ամսվա տվյալներով, աջակցություն է տրամադրվել 21 հազար 804 երեխայի համար:
Նախարարը հիշեցրեց, որ 2023 թվականին վերանայվել է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համակարգը. նոր փոփոխությամբ խնամքի նպաստ են ստանում բոլոր մայրերը՝ անկախ աշխատել-չաշխատելու հանգամանքից: