
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով օգնականն ամփոփել է Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպումը: Ջեյմս Օ’Բրայենը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարը և Եվրահանձնաժողովի նախագահն աջակցություն են հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
«Նրանք նաև հիացմունք են հայտնել 2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների կապակցությամբ»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան։
Օ’Բրայենի խոսքով՝ եռակողմ հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ընթացիկ բարեփոխումները և կոչ անել շարունակել խաղաղության գործընթացը։
«Ընդգծվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը երկարաժամկետ հեռանկարում նպաստելու է տարածաշրջանի անվտանգությանն ու բարգավաճմանը, այդ թվում՝ Միջերկրական ծովից մինչև Կենտրոնական Ասիա առևտրային նոր ուղիների զարգացմանը»,- նշել է պետքարտուղարի օգնականը։