ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում մարտի 28-ին կայացել են Հայաստանի Հանրապետության եւ Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ 5-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի եւ Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չոն Բյուն Վոնի գլխավորությամբ:

 

Այս մասին հայտնում են Հայաստանի ԱԳ նախարարությունից:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը եւ տնտեսական կապերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակին, մասնավորապես՝ միջուկային էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, կրթական եւ մշակութային փոխանակումներին: Անդրադարձ է կատարվել նաեւ զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության եւ նորարարությունների ոլորտներում համագործակցության հեռանկարներին, պետական կառավարման ոլորտներում փորձի փոխանակմանը, ինչպես նաեւ Հայաստանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) միջոցով իրականացվող ծրագրերին:

Խորհրդակցությունների ընթացքում կողմներն անդրադարձ են կատարել նաեւ միջազգային կազմակերպություններում եւ այլ բազմակողմ հարթակներում առկա համագործակցությանը, կայուն զարգացման նպատակների, մարդու իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը զրուցակցին հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը եւ տեւական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետեւանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարեւորելով նաեւ այս ուղղությամբ միջազգային գործընկերների աջակցությունը:

Այցի շրջանակներում պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որի հետ հանդիպմանը եւս անդրադարձ է կատարվել հայ-կորեական հարաբերությունների երկկողմ եւ բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի, տարածաշրջանային զարգացումներին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ինչպես  տեղեկացանք Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաեւ նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը։

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության եւ վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արեւային էներգիայի արտադրության եւ կանաչ տնտեսության ուղղությամբ։

Գեւորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաեւ տնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացիայի կարեւորությունը եւ, հատկապես, ամրագրել այդ շրջանակներում համագործակցության խորացումը Կորեայի հետ։

Գեւորգ Պապոյանն անդրադարձել է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Հայաստանի և Կորեայի միջեւ համագործակցության զարգացումն ու խորացումը եւ պատրաստակամություն հայտնել ակտիվ ջանքեր գործադրել նոր նախաձեռնություններ եւ ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ։

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ՆՊԱՍՏԵԼՈՒ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը ծանոթ է Մոսկվայի տեսակետին եւ գիտի՝ ռուսական կողմը պատրաստ է նպաստել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մեջբերելով նրա խոսքերն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

«Մենք Հայաստանի ղեկավարությանն ազնվորեն հայտնել ենք մեր բոլոր գնահատականները, նրանք շատ լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր պարտավորություններին, որ պատրաստ ենք շարունակել նպաստել Ադրբեջանի հետ իրենց (խմբ? Հայաստան) հարաբերությունների կարգավորմանը, եւ լիարժեք ավարտին հասցնել այս գործընթացը: Նրանք գիտեն, որ իրավիճակի կայունացման, Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների վերականգնման մեր անկեղծ շահագրգռվածության ֆոնին Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն այս գործընթացը բարդացնելու համար քայլեր են ձեռնարկում»,- նշել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ հայկական իշխանությունները վերջին շրջանում ռուսական կողմի հետ կապի դուրս չեն եկել, իսկ ինքը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել է 2023 թվականի նոյեմբերին։

«Վերջերս Ադրբեջանի ղեկավարությունն իր բողոքը հայտնեց որոշ գործողությունների եւ հայտարարությունների դեմ, այդ թվում՝ կապված Հայաստանում ԵՄ առաքելության գործառույթների եւ կազմի ընդլայնման հետ։ Դա նրանց (Հայաստան) որոշելիքն է»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։

 

 

 

 

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժեր պատրասվում են ապրիլից վերսկսել փողոցային պայքարը՝ իշխանության հեռացման պահանջով ակցիաներ եւ հանրահավաքներ կլինեն:

ArmLur.am-ը գրել էր, որ խորհրդարանական ընդդիմությունն է պատրասվում ակցիաներ իրականացնել:

Տեղեկացանք, որ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը եւս հանրահավաքներ եւ ակցիաներ է պատրաստվում իրականացնել:

Ապրիլի 6-ի հանրահավաքը մեր պայքարի մեկնարկն է:

ArmLur.am-ի հետ զրույցում կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ասաց, որ նպատակը խորհրդարանական նոր ընտրությունների գնալն է՝ առանց Նիկոլ Փաշինյանի մասնակցության.

«Գործընթաց ենք մեկնարկում, որի արդյունքում նպատակ ունենք հասնել հանրային այնպիսի գիտակցության, որ տեղի ունենան ԱԺ ընտրություններ՝ առաց Փաշինյանի մասնակցության»,-ասաց նա:

Սուրենյանցի խոսքով՝ իրենք ընտրել են ցանցային պայքարի տարբերակը.

«Ի տարբերություն փորձարկված ու ձախողված պայքարի մյուս տարբերակների՝ մենք որոշել ենք փոքր հանրահավաքներով հասնել մեծ հանրահավաքների:

Ակցիաներ կլինեն Երեւանի տարբեր վարչական շրջաններում, մարզերում: 1.5-2 ամիս փոքր ակցիաներ կլինեն, հետո արդեն մեծ հավաքներ»,-ասաց նա:

 

 

 

ԻՐԵՆՔ Ի՞ՆՉ ԳԻՏԵՆ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին։ Հանրայինի եթերում Սիմոնյանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն խոսքերին, որ Հայաստանը վերածվել է Արեւմուտքի վտանգավոր գործիքի։

«Ինչո՞ւ Ռուսաստանը նույն խանդավառությամբ չի մեկնաբանում ադրբաջանական կողմին, օրինակ՝ Ալիեւ-Զելենսկի հանդիպումը, բազմամիլիոնավոր դոլարների օգնությունն Ուկրաինային եւ այլն։

Իրենք ի՞նչ գիտեն, որն է հայ ժողովրդի հիմնարար շահը։ Մեզ համար դա անկախ, անվտանգ երկիրն է, որը փորձում ենք ստեղծել եւ պնդացնել, որովհետեւ 90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք։ Դա եղել է թվացյալ, կիսակախյալ վիճակ մինչ օրս»,- ասել է նա։

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ որեւէ մեկը ՌԴ դեմ ոչինչ չի անում։ «Մենք ունեինք ընկեր, ավագ եղբայր, դաշնակից, որը պետք է մեզ պաշտպաներ։ Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ։

Հետո էլի հավատացինք, որ կպաշտպանի, բայց մեզ էլի խաբեցին, խաբեցին եւ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ արդեն ՀՀ տարածքում, որպեսզի գան եւ փրկեն կոնկրետ իրավիճակում՝ օղակ գցելով հայ ժողովրդի եւ պետականության վրա։

Ասում են՝ Արեւմուտքի ձեռքով տարածաշրջանից հեռացնում ենք Ռուսաստա՞նը, թող գան իրենց ձեռքով պաշտպանեն Հայաստանը։ Եկան, մենք դե՞մ եղանք։ Խծաբերդում կային ռուս զինվորներ, ԼՂ-ում կային խաղաղապահներ, եկան, տեսանք, քանի՞ անգամ պիտի նույն սխալն անենք, չունենք այդքան ռեսուրս»,- ասել է Ալեն Սիմոնյանը։




Լրահոս