Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32-ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, խոշոր չափերով թմրամիջոց պարունակող բույսեր աճեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2023թ. մայիսի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի 32-ամյա բնակիչը նույն քաղաքի Ավագյան փողոցում գտնվող ավտոլվացման կետի հարակից տարածքում, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հասցեին՝ միաժամանակ սպառնալով վնասել նրա ավտոմեքենան՝ Եղեգնաձոր քաղաքի Բաղրամյան փողոցով արագ երթեւեկելու պատճառով։ Այնուհետեւ չընդունելով հայհոյանքներ հնչեցնելու համար ավտոլվացման կետի սեփականատիրոջ կողմից տեղին արված դիտողությունը՝ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան, Խանջյան, Բաղրամյան փողոցների խաչմերուկում, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, շարունակել է հայհոյանքներով խախտել մարդկանց անդորրը։
Դրանից կարճ ժամանակ անց՝ 23:55-ի սահմաններում, նշված հատվածով երթեւեկելու ընթացքում նկատելով ավտոլվացման կետի լույսերը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդից պահանջել է մեքենան կայանել ավտոլվացման կետին հարակից ճանապարհահատվածում, ապա՝ նախքան մեքենայից իջնելը, վերցրել է ապօրինի ձեռք բերված եւ առանց հիշյալ ավտոմեքենայի վարորդին զգուշացնելու, նույն ավտոմեքենայի մեջ պահված «ԸԽԾ» տեսակի լիցքավորված մարտական հրազենը, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, վերոնշյալ փողոցների խաչմերուկում բազմաթիվ կրակոցներ է արձակել ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Բացի այդ, պարզվել է, որ 32-ամյա տղամարդը, Եղեգնաձոր քաղաքում գտնվող իր առանձնատան բակում ցանել եւ աճեցրել է շրջանառությունն արգելված «Տետրահիդրոկանաբինոլ» տեսակի թմրամիջոց պարունակող, «Կանեփ» տեսակի 26 ամբողջական բույս, որոնք հայտնաբերվել եւ վերցվել են նրա բնակարանում եւ դրա օժանդակ մասերում կատարված խուզարկության ժամանակ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Եղեգնաձոր քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ
Ավարտվել է զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված վարութային եւ ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաեւ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր տուժողի ծառայակիցներն են: Մասնավորապես, 2023 թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել էր ինքնասպանության փորձ։ Դեպքից անմիջապես հետո նրան տեղափոխել էին հոսպիտալ, որտեղ, սակայն, հաջորդ օրը՝ ժամը 04։30-ի սահմաններում, մահացել է։ Դեպքի առթիվ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով հավաքված ապացույցներով պարզվել եւ հիմնավորվել է, որ նույն զորամասի պարտադիր ժամկետային երկու զինծառայողների եւ Ժորա Կարապետյանի միջեւ, մարտական դիրքում ծառայություն կրելու ընթացքում, ձեւավորվել են միջանձնային անառողջ հարաբերություններ: Քննությամբ ստացված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողն ինքնասպանությունը գործել էր համածառայակիցների կողմից իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսեւորման պատճառով։
Համածառայակիցների ներկայությամբ լինելով հոգեբանորեն ընկճված եւ անելանելի վիճակում՝ Ժորա Կարապետյանը, 2023 թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում, իր պարտականությունները կատարելու ժամանակ, նույն դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային զինծառայողին ամրակցված «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգով գլխի շրջանում արձակել էր կրակահերթ եւ ինքն իրեն պատճառել կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել նրա երկու համածառայակիցներին:
Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին:
Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր, որոնք իմ գնահատմամբ ավելի կարեւոր են, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը. հակառակ մոտեցումը կարող էր գնահատվել եսասիրական:
Հայցում եմ բոլոր դատավորների ներողամտությունը, հատկապես նրանց, ովքեր իմ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու հետ կապված ունեցել են դրական սպասումներ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ բարեվարքության վերաբերյալ դրական եզրակացություն տալու համար: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել այն դատավորներին, ովքեր, ունենալով բազմամյա փորձ եւ խորը մասնագիտական գիտելիքներ, իմ անձը հաշվի առնելով որոշել են իրենց թեկնածությունները չառաջադրել: Հուսով եմ կայացված որոշումը խոչընդոտ չի հանդիսանա՝ ինձ ձեզանից մեկը համարելու, միասնական լինելու եւ մեկս մյուսին սատար կանգնելու հարցում։ Լիահույս եմ, որ առաջիկայում կայանալիք ընտրություններին կընտրենք արժանիին»։
ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԿԼԻՆԻ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել «Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով դիմում էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ արժանապատվության նսեմացման կադրերով եւ բռնությամբ ուղեկցված ձերբակալության գործընթացին: Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն իմ դիմումը հասցեագրել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների եւ պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելո լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների վարչության պետ Յու. Իվանյանին: Դատախազությունը քննչական կոմիտեի քննարկմանն է ուղարկել իմ գրությունը՝ «Քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար»: ՀՀ դատախազությունից քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով: Հետեւողական կլինեմ մինչ գործի ավարտը, քանի որ պոդքաստի ընթացքում հնչեցրած ամենաանթույլատրելի բառն անգամ չի կարելի խուլիգանության հետ շփոթել եւ կալանավորել հաղորդավարներին՝ իբրեւ խուլիգանների, ավելին՝ կալանավորել այդքան բիրտ ուժի կիրառմամբ»։