ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ «ԹԵՔԵՅԱՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանի  լուսանկարներում պատկերված են Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանները, որոնցից շատերն արդեն ոչնչացվել են Ադրբեջանի կողմից, իսկ Հադրութի ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքներում Լեռնային Ղարաբաղի տարբեր գավառների նախշերն են գույներն ու ավանդույթները:

 

Լուսանկարներն ու ձեռագործ աշխատանքները ներկայացված են «Արցախն ապրում է» ցուցահանդեսում, որը բացվեց մարտի 29-ին «Թեքեյան» կենտրոնում:

«Լուսանկարներում Արցախի յոթ շրջանների առավել կարեւոր հուշարձաններն են: Լուսանկարները շատ են, սակայն այստեղ ընդգրկել ենք երեսունը: Կան հուշարձաններ, որոնց լուսանկարներն առաջին անգամ են ցուցադրվում: Կտեսնեք Ջրականի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հիմնահատակ քանդվել է 2020 թվականի պատերազմից հետո, կտեսնեք ամրոցներ, վանական համալիրներ, կամուրջներ, գեղեցիկ է Շուշիի ընդհանուր քաղաքային տեսարանը պատկերող լուսանկարը»,-ասաց Զոհրաբ Ըռքոյանը:

Նրա հավաստիացմամբ՝ իրենք չեն հուսահատվել: «Արցախն այսօր հակառակորդի ձեռքում է, բայց դա չի նշանակում, որ մենք այն կորցրել ենք: Հույս ունենք, որ մի օր վերադառնալու ենք, եւ այս երեխաները ստեղծագործելու են Շուշիում, Հադրութում, Ստեփանակերտում, Քաշաթաղում, որովհետեւ դա մեր պատմական հայրենիքն է: Լավագույն փաստաթղթերը  հենց այս հուշարձանների լուսանկարներն են: Ոչ մի ադրբեջանցի, ոչ մի աղվան նման եկեղեցիներ, վանական համալիրներ չի կառուցել: Եթե իրենք են կառուցել, ինչո՞ւ են հայերեն գրել»,-շեշտեց Ըռքոյանը:

Ցուցահանդեսին Հադրութի ստեղծագործական կենտրոնի սաները ներկայացրել են  գորգեր, զարդեր, գոբելեներ, ջրաներկով եւ յուղաներկով արված նկարներ եւ այլ աշխատանքներ:

Կենտրոնը հիմադրվել է 1995 թվականին Լեռնային Ղարաբաղում: 2020 թվականի դեկտեմբերին կենտրոնը վերաբացվել է Երեւանում եւ ունի մասնաճյուղեր ՀՀ մարզերում։

Կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանն ասաց՝  2023-ին փոքր կոլեկտիվով եկել են Ստեփանակերտից ու միացել Երեւանի գործընկերներին: «Խմբակները պահպանել են իրենց ոճը, աշխատանքներում եւս պահպանում ենք Հադրութի, Դիզակի նախշերը, գույները, պատմությունը: Գորգարվեստում ունենք հաջողություններ: Արտաշատում գորգագործների խումբն է, Մասիսում՝ կարպետագործների: Փորձում ենք ընդլայնվել, եւ սա մեր առաջին ցուցահանդեսն է, երբ ցուցանմուշների տակ գին է գրված: Հաշվի առնելով, որ մենք ամիսներ շարունակ առանց աշխատավարձի ենք աշխատում՝ փորձում ենք վաճառքից ստացված գումարներով ապահովել եւ՛ մեր վարպետներին, եւ՛ մեր կենտրոնի երեխաներին, որ անհրաժեշտ նյութեր ձեռք բերեն»,-շեշտեց Թամրազյանը:

Կենտրոնի դասընթացներն անվճար են: Դասերին հաճախում  են երեխաներ ինչպես Լեռնային Ղարաբաղից, այնպես էլ Երեւանից ու մարզերից: «Մենք շատ ուրախ ենք, որ կարողանում ենք համախմբել բոլոր երեխաներին: Երեւանի կենտրոն են հաճախում նաեւ ռուս ընտանիքներից երեխաներ, նրանց ծնողները: Կան երեխաներ Ֆրանսիայից: Ծնողները սովորում են ասեղնագործություն: Այսօր դարձել ենք փոքրիկ ինտերնացիոնալ կենտրոն, եւ երեխաները իրար հետ շատ լավ են շփվում»,-նշեց նա:

Կենտրոնի վարպետները փորձում են բոլոր երեխաների հետ խոսել գրական լեզվով, չեն մոռանում նաեւ Լեռնային Ղարաբաղի բարբառը, որը հետաքրքրում է նաեւ Երևանի երեխաներին:

Հադրութի ստեղծագործական կենտրոնն աշխատանքային նյութերը ձեռք է բերում հովանավորների աջակցությամբ:

«Ստեփանակերտում կային գորգագործության, կավագործության, կարպետագործության բաժիններ: Այստեղ կփորձենք  ընդլայնել դրանք, ձեռք բերել հաստոցներ ու պահպանել Դիզակի նախշերը՝ հաշվի առնելով այն, որ Արցախում Դիզակի գավառը եղել է  գորգարվեստի կենտրոն: Ես ուրախ եմ, որ այսօր ամեն տեղ հանդիպում եմ այդ նախշերին ու հիանում: Այդ նախշերով ոչ միայն գորգեր, այլեւ ազգային գուլպաներ, գոբելեներ ենք գործում: Հույս ունեմ՝ հետագայում ավելի մեծ աշխատանքներով կներկայացնենք մեր կենտրոնը»,-շեշտեց Իրա Թամրազյանն ու հիշեցրեց՝ երեք տարվա ընթացքում մասնակցել են շուրջ 70 ցուցահանդեսի: Աշխատանքները ներկայացրել են Բելգիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում:

Նա շնորհակալություն հայտնեց «Թեքեյան» կենտրոնին իրենց հյուրընկալելու համար, Հայաստանի բոլոր թանգարաններին, որ իրենց կողքին են, աջակցում են:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ԿՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՆԹԵՂՆԵՐՈՎ ԵՐԹԸ

Այսօր՝ ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Այն արդեն 10-րդն է: Երթը նախաձեռնել եւ իրականացնում են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Այս մասին հայտնում են qahana.am-ից։

 

Երթի մասնակիցները Ճրագալույցի Ս. Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Ս. Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով եւ Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ:

Թեմի երիտասարդական միությունների հոգեւոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե գորգի վրա խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:

«Հարության Ավետիս» քայլերթին կարող են միանալ բոլոր ցանկացողները:

 

 

ԹՅՈՒԻԼԵՐԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ջահը կվառվի Լուվրի խորհրդանշական թանգարանի դիմաց գտնվող Թյուիլերի այգիներում:

Դեռեւս հայտնի չէ, թե ով է վառելու ամառային Օլիմպիական խաղերի ջահը բացման արարողության օրը` հուլիսի 24-ին:

Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռեւս ունի 7 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թեւանյանը, Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:

Մասնակից հավաքականները բացման արարողությանը կմասնակցեն նավակներով: Փարիզի Օլիմպիական խաղերում 32 մարզաձեւում կխաղարկվի 329 մեդալ, իսկ մասնակիցների թիվը կգերազանցի 10.000-ը: Այս Խաղերում նոր մարզաձեւ է լինելու բրեյք դանսը: Փարիզի Օլիմպիական խաղերի մի քանի մարզաձեւերի մրցումներ կանցկացվեն Թաիթիում, Նանտում, Լիոնում, Մարսելում, Սենթ-Էթյենում եւ այլն: Այս Խաղերում կաշխատի մոտ 45.000 կամավոր աշխարհի տարբեր երկրներից:

Փարիզի Խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նաեւ ՕԽ-ի թալիսմանին` մասկոտին: Թալիսմանը, որը ստացել է Ֆրիգ (Phryges) անվանումը, նման է ֆրանսիական գլխարկների եւ ունի կարմիր գույն: Ֆրիգիական գլխարկը համարվում է ֆրանսիական հեղափոխության եւ ազատության խորհրդանիշ:

 

 

 

ԿՄՆԱ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Գերմանական «Բայեր»-ի գլխավոր մարզիչ Չավի Ալոնսոն որոշում է կայացրել եւս մեկ մրցաշրջան մնալ ներկայիս ակումբում:

Այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների՝ առաջիկա շաբաթվա ընթացքում Ալոնսոն անձամբ կհայտարարի այդ մասին:

Ավելի վաղ լուրեր կային, որ անգլիական «Լիվերպուլ»-ը մրցաշրջանի ավարտից հետո, երբ թիմից կհեռանա Յուրգեն Կլոպը, ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում է հենց Ալոնսոյին, ով ժամանակին հանդես է եկել «կարմիրների» կազմում:

Ընթացիկ մրցաշրջանում «Բայեր»-ը գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը եւ 10 միավոր ավելի ունի 2-րդ տեղում ընթացող «Բավարիա»-ից:

 

 




Լրահոս