ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՎԵԼ Է ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Գլխավոր դատախազության 2023 թվականի տարեկան հաշվետվության տվյալների՝ Երեւան քաղաքի Տիգրան Պետրոսյան 44/2 հասցեի հողամասերի («Ռիբոկ» մարզահամալիր) առնչությամբ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2003 թվականի մարտի 27-ին տրված իրավունքի պետական գրանցման թիվ 1632045 վկայականի համաձայն՝ 6452.88 քմ մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Ա.Գ.-ի սեփականության իրավունքը, որպիսի գրանցման հիմքում, ըստ նույն վկայականում կատարված գրառման, դրվել է Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջը: Մինչդեռ քաղաքացի Ա.Գ.-ի՝ սեփականության իրավունքի գրանցման պահին նշված հողամասը, ըստ ստացված տեղեկատվության, հանդիսացել է այգի եւ, որպես Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված օտարման ոչ ենթակա հողամաս, ենթակա չի եղել օտարման: Բացի այդ, Երեւանի քաղաքապետի՝ 2006 թվականի ապրիլի 5-ի թիվ 477-Ա որոշմամբ՝ Ա.Գ.-ին որպես ընդլայնում առանց հրապարակային սակարկությունների, ուղղակի վաճառքի ձեւով օտարվել է 850 քմ մակերեսով հողամաս: Դրա հիման վրա կողմերի միջեւ 2006 թվականի ապրիլի 29-ին կնքվել է վերոնշյալ հասցեի հողամասը ուղղակի վաճառքով՝ 3 մլն 845 հազար 400 դրամով օտարելու վերաբերյալ պայմանագիր:

 

Մինչդեռ, 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի համաձայն՝ ընդլայնման ձեւով կարող է օտարվել միայն այն հողամասը, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել (տրամադրել) հրապարակային սակարկությունների միջոցով: Երեւանի քաղաքապետի՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 03/07-85844Հ գրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 5-ի թիվ 477-Ա որոշմամբ լրացուցիչ տրամադրված հողամասը կարող էր դառնալ հրապարակային սակարկությունների առարկա, ինչից հետեւում է, որ նշված հողամասը ընդլայնման կարգով հատկացնելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ: Բացի այդ, Երեւանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Ա.Գ.-ին կրկին որպես ընդլայնում տրամադրվել է 610.0 քմ մակերեսով հողամաս: Այնուհետեւ Երեւանի քաղաքապետի 2014 թվականի թիվ 3887-Ա որոշմամբ նշված որոշման մեջ կատարվել է փոփոխություն, եւ 610.09 քմ մակերեսով հողամասը փոխարինվել է 535.19 քմ մակերես հողամասով: 2014 թվականի նոյեմբերի 5-ին կնքվել է 535.19 քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր: Կառավարության՝ 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի համաձայն՝ ընդլայնման նպատակով հողամաս կարող է տրամադրվել միայն մեկ անգամ, մինչդեռ տվյալ դեպքում Երեւան քաղաքի Տ. Պետրոսյան 44/2 հասցեում գտնվող անշարժ գույքի ընդլայնման նպատակով Երեւանի քաղաքապետի 2014 թվականի թիվ 1545-Ա եւ այն փոփոխելու վերաբերյալ 2014 թվականի թիվ 3887-Ա որոշումներով՝ հողամաս է տրամադրվել երկրորդ անգամ: Բացի այդ, Երեւանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 03/07- 85844Հ գրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի քաղաքապետի 2014 թվականի թիվ 1545-Ա որոշմամբ լրացուցիչ տրամադրված հողամասը կարող էր դառնալ հրապարակային սակարկությունների առարկա: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետի որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ: Դատախազությունն ուսումնասիրության արդյունքներով Վարչական դատարան է ներկայացրել է 3 հայց Երեւան քաղաքի Տիգրան Պետրոսյան 44/2 հասցեի հողամասերը պետությանը վերադարձնելու նպատակով:

 

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ

Դատախազության տարեկան հաշվետվության վիճակագրական տվյալներից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այնպես էլ դրանց իրացման նպատակով շրջանառության դեպքերի աճ, որն առանձին տարածքներում գերազանցում է 100 կամ նույնիսկ 300 տոկոսը։

 

Մարզերում, ի տարբերություն Երեւան քաղաքի, դեպքերը համեմատաբար քիչ են, ինչը պայմանավորված է առավելապես բնակչության թվակազմով եւ կենտրոնացվածությամբ: Առանձնահատուկ ուշադրության են արժանի Երեւան քաղաքի Արաբկիր, Շենգավիթ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանները, որտեղ, նախորդ տարվա համեմատությամբ, էականորեն ավելացել է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այնպես էլ դրանց իրացման նպատակով շրջանառության դեպքերի թիվը: Մարզերում դեպքերի դինամիկ աճը պահպանվում է հատկապես Շիրակի եւ Արմավիրի մարզերում: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թվի աճի համատեքստում մտահոգիչ է նշված հանցատեսակի՝ առավելապես իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշների նվազումը։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճին զուգահեռ՝ այդ հանցատեսակի բացահայտման ցուցանիշի նվազումը դրսեւորվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում։ Բացահայտման առումով խիստ մտահոգիչ արդյունքներ են գրանցվել հատկապես Գեղարքունիքի մարզում (2022 թվականին գրանցվել է բացահայտման 88.2%, 2023 թվականին՝ 20.5%, իսկ 2021 թվականին գրանցվել է բացահայտման 100 %-անոց արդյունք)։ Վայոց ձորի մարզում 2022 թվականին գրանցվել է բացահայտման 75% արդյունք, 2023 թվականին՝ 22,2%, իսկ 2021 թվականին գրանցվել է բացահայտման 100%-անոց արդյունք։ Տավուշի մարզում 2022 թվականին գրանցվել է բացահայտման 100%-անոց արդյունք, 2023 թվականին՝ 50%։

 

 

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՃ

Հայաստանում 2023 թվականին ընտանիքում բռնության արձանագրված դեպքերն աճել են 151-ով կամ 42 տոկոսով. եթե 2022 թվականին արձանագրվել էր նման 357 դեպք, ապա 2023 թվականին՝ 508:

Այս մասին  տեղեկացանք Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։

«2021 թվականին արձանագրվել էր ընտանիքում բռնության 500 դեպք: 2023 թվականին արձանագրված 508 դեպքից 308-ը կամ 61 տոկոսը կատարվել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ (նախորդ տարվա համեմատ` ցուցանիշը նվազել է 5-ով. 2022 թվականի նույն ցուցանիշը կազմել էր 66 տոկոս)»,- ասված է դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ։

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է ընտանիքում սպանության դեպքերի նվազում. արձանագրվել է նման 3 դեպք, իսկ նախորդող երկու տարիներին արձանագրվել էր ընտանիքում սպանության 4 դեպք, ընդ որում՝ 2022 թվականին արձանագրված 4 դեպքն էլ կատարվել էր ամուսնու (այդ թվում՝ նախկին) կողմից կնոջ նկատմամբ, 2023 թվականին արձանագրված 3 դեպքից 2-ն է կատարվել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ:

«Ընտանիքում առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի թիվը 8-ն է այն պարագայում, երբ 2022 թվականին նման դեպք չէր արձանագրվել, իսկ դրան նախորդող տարում նման 1 դեպք էր արձանագրվել: Ընտանիքում բռնության դեպքերի գերակշիռ մասը ֆիզիկական ներգործության (ծեծի կամ բռնի այլ գործողությունների) դեպքեր են: Բացառություն չի կազմել նաեւ 2023 թվականը. արձանագրվել է նման 372 դեպք նախորդ տարվա 249-ի դիմաց. դեպքերն աճել են 123-ով կամ 49.4 տոկոսով»,- նշված է գլխավոր դատախազության տարեկան հաղորդման մեջ։

 

 

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ՝ ԹՎԵՐՈՎ

Հայաստանում 2023 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով դատի է տրվել 152 պաշտոնատար անձ (2022 թվականին՝ 63)։ Այս մասին  տեղեկացանք Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։

«Նշված անձինք, ըստ բնագավառների եւ զբաղեցրած պաշտոնների, հանդիսացել են ԱԺ նախկին 1 պատգամավոր, պատգամավորի 1 թեկնածու, ՀՀ բնապահպանության նախկին 1 նախարար, նախկին 1 դեսպան, տեղական ինքնակառավարման մարմնի 33 պաշտոնատար անձ, այդ թվում՝ Երեւանի նախկին 1 քաղաքապետ, Երեւանի նախկին 1 փոխքաղաքապետ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի 1 պաշտոնակատար, ՀՀ ՊԵԿ 5 պաշտոնատար անձ, ՀՀ քննչական կոմիտեի 3 պաշտոնատար անձ, ՀՀ ոստիկանության 36 աշխատակից, այդ թվում` նախկին 1 ոստիկանապետ, ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ 37 պաշտոնատար անձ եւ այլն»,- ասված է գլխավոր դատախազության հաղորդման մեջ։

 




Լրահոս