ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՐՈՇԵԼ ԳԱՂՏՆԻ ՊԱՀԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ստացել է ահազանգ հանրակրթական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդներից մեկից։ Ահազանգողը մեկն է, բայց վստահեցնում է, որ հավակնորդների գերակշիռ մեծամասնությունը՝ 85-90%-ը, առնչվում են նույն խնդրին, ինչ ինքը, բայց չեն ցանկանում բարձրաձայնել, քանի որ վախ ունեն, որ երբ ԿԳՄՍ նախարարությունը կամ փորձագիտական գնահատում իրականացնող կազմակերպությունները իմանան իրենց ով լինելը, նրանց կողմից ներկայացված դպրոցի զարգացման ծրագրերը երբեք դրական եզրակացություն չեն ստանա. նրանց հետ հաշվեհարդար կտեսնեն։ Ուրեմն այսպես, 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ կառավարության կողմից ընդունված N 181-Ն որոշմամբ, դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդը հայտարարաված մրցույթի շրջանակներում լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում է ներկայացնում իր կողմից մշակված՝ դպրոցի զարգացման ծրագիրը։ Վերջինս էլ մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունելու ժամկետն ավարտվելուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդի զարգացման ծրագիրն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին:

 

Մասնագիտական հանձնաժողովը հավակնորդի զարգացման ծրագիրը ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է փորձաքննության: Կազմակեպությունը զարգացման ծրագիը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է փորձաքննություն՝ գնահատման չափանիշների համաձայն: Գնահատման չափանիշները սահմանվել են ԿԳՄՍ նախարարության կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 18 ապրիլի 2023 թվականի N 399-Ա հրաման։ 2024 թվականի փետրվարի 12-ին հրապարակվեց ՀՀ կառավարության նոր որոշումը, ըստ որի՝ փոփոխություններ տեղի ունեցան ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձեւաչափում։ Կատարված փոփոխություններն էական էին, ու հասկանալի է նաեւ, որ այս նոր ձեւաչափով մշակված զարգացման ծրագրերը հնարավոր չի լինի գնահատել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 18 ապրիլի 2023 թվականի N 399-Ա հրամանով հաստատված գնահատման չափանիշներով։ Արդեն մեկ ամիս է, ինչ դպրոցի զարգացման ծրագրերը ներկայացվում են նոր ձեւաչափով, սակայն հավակներդները չեն ստանում պատասխան սահմանված 10 աշխատանքային օրերի ընթացքում։ Որեւէ բան հստակ չէ։ Ավելին՝ նախարարությունը չափազանց ստորացուցիչ պայմանների մեջ է դրել հավակնորդներին, հատկապես՝ նախկինում որպես տնօրեն աշխատած, որոնց ժամկետը լրացել է։ Արդեն մեկ տարի է՝ բազմաթիվ դպրոցի տնօրեններ չեն ընտրվում, գործում են առանց զարգացման ծրագրի նշանակված ժամանակավոր պաշտոնակատարները։ Նախարարության իրականացրած փոփոխություններից դեռ ոչ մի դպրոց օգուտ չի ստացել։ Որոշ մարդիկ ասում են, որ նախարարությունը որոշել է չհրապարակել գնահատման նոր չափանիշները։ Բացի այդ, այս պահի դրությամբ մյուս որոշումը ուժը կորցրած չի համարվել, եւ, փաստորեն, այն համարվում է գործող իրավական ակտ։ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած անձը մեր միջոցով է փորձել ստանալ իրեն հուզող հարցի պատասխանը։ Ինչո՞ւ եւ այդ ո՞ր իրավունքով է նախարարությունը որոշել գաղտնի պահել ընդունված որոշումը, խախտել ՀՀ կառավարության որոշումը եւ չներկայացնել եզրակացությունը սահմանված ժամկետում, մարդկանց պահել անորոշության մեջ։ ԿԳՄՍՆ համագործակցում է զարգացման ծրագրերը գնահատող երկու կազմակերպությունների հետ՝ «Միասնական դպրոց»՝ Վահրամ Սողոմոնյան, «Կրթություն եւ համերաշխություն»՝ Վահրամ Թոքմաջյան:

ՀԱՍՄԻԿ ԴԱՎԹՅԱՆ

 

 

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԺԱՄԿԵՏԱՆՑ ՈՒՏԵԼԻՔ

ArmLur.am-ին ահազանգում են, որ «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքում գործող «Հնոտիների շուկայում», առավել հայտնի որպես «Քրչի բազար», վաճառվում է ժամկետանց ուտելիք։

 

Ահազանգած քաղաքացին նշում է, որ նա հնություններ է հավաքում եւ հերթական այցի ժամանակ «Հնությունների շուկա»-ում նկատել է, որ ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում սնունդ է վաճառվում։

«Ես արդեն մի քանի տարի է՝ հնություններ եմ հավաքում, կոլեկցիոներ եմ, եւ արդեն մի քանի տարի է գնում՝ եմ «Հրազդան» ստադիոնի հնաշուկա։ Վերջին մեկ տարում այդտեղ ի հայտ է եկել բացօթյա տեղ՝ հակահիգիենիկ պայմաններով, որտեղ վաճառվում է խանութներից դուրս գրված ապրանքներ, որոնց մեջ կա կաթնամթերք, մսամթերք, մակարոնեղեն, հատիկեղեն, քաղցրավենիք, ալկոհոլային խմիչքներ»։

Քաղաքացին նշում է, որ ստուգել է այդ սննդամթերքի ժամկետները?շատերի վրա կա՛մ բացակայում է ժամկետի մասին ինչ-որ գրությունը, կա՛մ էլ ժամկետը արդեն անցած է մի քանի ամիս կամ տարի։

«Ես հինգշաբթի օրը որոշեցի զանգահարել սննդի անվտանգության տեսչության թեժ գիծ եւ հայտնեցի այն, ինչը տեսել եմ։ Նշեցի, որ թունավոր եւ ժամկետանց սնունդ է վաճառվում, ժողովուրդն էլ, տեղյակ չլինելով, գնում է այդ սննդամթերքը։ Ասացի, որ պետք է գնան եւ ստուգումներ անցկացնեն, արգելեն վաճառքը, հարկ եղած դեպքում տուգանեն, բայց ինձ պատասխանեցին, որ պետք է այդ մթերքը գնեմ, կտրոն պահանջեմ, լուսանկարահանեմ եւ ուղարկեմ իրենց, որպեսզի դրա հիման վրա տեսուչները համապատասխան գործն անեն»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացին։

Քաղաքացին ասաց, որ նա ուղղակի ահազանգում է, սննդից չի թունավորվել եւ այս ամենը ասել է նաեւ սննդի անվտանգության տեսչության թեժ գծին, որտեղից նրան պատասխանել են, որ յուրաքանչյուր դեպքում պետք է լուսանկարահանել։ «Զանգահարել եմ նաեւ Պետական վերահսկողության ծառայություն, որպեսզի իրենց հայտնեմ բողոքս, բայց այստեղից էլ առաջարկեցին, որ նորից զանգահարեմ սննդի անվտանգության տեսչություն, եւ, իմ զանգի հիման վրա, արձանագրություն կազմեն եւ գնան։ Իհարկե, ես չզանգեցի, որովհետեւ այդտեղից արդեն մերժել էին»։

Քաղաքացին մեզ հայտնեց, որ շատ տեղեր է դիմել այս հարցով, բայց բոլոր տեղերից էլ նույն պատասխանն են տվել. «Զանգել եմ նաեւ Շուկայի վերահսկողական ծառայության մարմնի թեժ գծին, այնտեղից էլ պատասխանեցին, որ դա իրենց ֆունկցիան չի՝ չնայած նրան, որ պարտավոր են գնալ, քանի որ այնտեղ ապօրինի շուկա է գոյացել»։

Քաղաքացու խոսքով՝ սնունդը վաճառվում է ոչ սառնարանի մեջ դրված, այլ գետնին՝ պոլիթիլիենային տոպրակների մեջ փաթաթված, հակահիգիենիկ պայմաններում։

Քաղաքացին ցանկանում է իր ձայնը հանրայնացնել, այս խնդիրը լսելի դարձնել, քանի որ ոչ մի պատկան մարմին չի հետաքրքրվում այս խնդրով։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ՀՐԴԵՀԻՑ ՄՈԽՐԱՑԱԾԸ

Մարտի 29-ին Նոյեմբերյան համայնքի Զորական գյուղում՝ խորհրդային տարիների անասնագոմին մոտ գտնվող տնակում, հրդեհ է բռնկվել, որի մեջ ժամը 15:00-15:40-ի սահմաններում այրվել-մոխրացել է 1970թ. ծնված Սուրեն Մելքումյանը։ Նա Զորական գյուղում հաստատվել էր մոտ 3 ամիս առաջ, անցած տարվա աշնանը բռնագաղթել էր Արցախից, սկզբում հաստատվել Բերդ համայնքում, որտեղից վերաբնակվել էր Զորականում։ Զորականից տեղեկացա, որ Սուրեն Մելքումյանն ամուսնալուծված էր, կնոջից եւ երկու աղջիկներից բաժան էր ապրում։ Ծագումով Հադրութի շրջանից Սուրեն Մելքումյանը եղել է Արցախի պաշտպանության բանակի զորացրված մայոր։ Նա Զորականում զբաղվում էր  հովվությամբ,  արածեցնում էր համագյուղացիներից մեկի ոչխարի հոտը։ Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանն ասաց, որ գյուղում իրենք հոգատարությամբ են վերաբերվել Սուրեն Մելքումյանին, մարտի 29-ին նրան են հանձնել օգնության ապրանքների ծանրոց։ Համագյուղացին, ում ոչխարները պահել է Սուրեն Մելքումյանը, այդ օրը Սուրենին հանգիստ է տվել: Սուրեն Մելքումյանը հակում ուներ ալկոհոլի նկատմամբ։ Զորականցիները կարծում են, որ նա, իրեն տրված հանգիստը վայելելով, տնակում թեժացրել է փայտ վառող վառարանը. դա կարող էր հրդեհի պատճառ լինել։ Զորականի բնակիչները եւ Նոյեմբերյանից ժամանած հրշեջները փորձել են մարել կրակը, սակայն ուշ է եղել։

 

 

ԱՆՈՐՈՇ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Շուրջ 30 տարի Իջեւանի Բերքաբեր գյուղի հողերից 850 հեկտար, որոնք գտնվում են Ջողազի լճի ձախ ափին, գտնվում են Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ։ Այդ հողերը մշակվում են ադրբեջանցիների կողմից։ Իջեւան համայնքի Վազաշեն գյուղից 1400 հեկտար գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ կամ չեզոք գոտում։ Այդ հողերի մի մասը ադրբեջանցիներն ամեն տարի մշակում են։ Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի մոտ 1000 հեկտար հող գտնվում է Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ։ Բերդ համայնքի սահմանամերձ տարածքներից հազարավոր հեկտարներ գտնվում են Ադրբեջանի զինուժի վերահսկողության ներքո։ Մոտավոր հաշվարկներով՝ Տավուշի մարզից ընդհանուր մոտ 10 հազար հեկտար գտնվում է Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք, թե Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի տարածքներից ընդհանուր քանի հազար հեկտար է այժմ գտնվում ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։ Մարզպետը պատասխանել է. «Տիրապետման մակերեսի չափը հնարավոր է բացահայտել փաստացի մարտական հերթափոխի սահմանագծի քարտեզագրման եւ գույքագրումից հետո»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ             

Տավուշ

 




Լրահոս