
ԱՄՆ-ը սպասում է Սիրիայում հյուպատոսարանի վրա հարձակման Իրանի հնարավոր պատասխանին հաջորդ շաբաթ։ Այս մասին ուրբաթ հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրները։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ հարձակումն անխուսափելի է։
Հնարավոր հարձակումը դարձել է նաև Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քննարկման հիմնական թեման։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա ուղղակի հարձակումը վատագույն սցենարներից է, որին պատրաստվում է ԱՄՆ-ը։ Նման հարվածը կարող է հանգեցնել լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի, նշում է CNN-ը։