Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
Ավետարանների համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ, և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը. «Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»,- Մանկան մասին ասել է հրեշտակապետը: Այս ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, սակայն նա լուրն ընդունել է խոնարհությամբ. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»,- ասել է: Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:
Մայրության տոնի խորհուրդը
Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Եվ ինչպես Աստվածածինն ավելի մոտ է դարձել Աստծուն, այդպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ:
Մարդկության համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և երկրի կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք: Երեխաներն իրենց առավել հանգիստ ու ապահով են զգում իր մայրիկների գրկում, մարդիկ էլ՝ իրենց Մայր հայրենիքում: Մայր լեզուն է, որ զորացնում է մարդու միտքն ու բանականությունը:
Աստվածայինի և մարդկայինի միաձուլման այս օրվա խորհուրդն է մարդկայնորեն աստվածայինը կրելուն ձգտելը. հարկ է, որ մարդը ձգտի սուրբ լինել Աստվածամոր նման և կրել իր մեջ Քրիստոսին՝ աստվածայինը, բարությունը, սերը, անսահման զորությունն ու խոնարհությունը:
Այս օրը մեզ հիշեցնում է նաև այն մանուկների մասին, որ զրկված են մայրական խնամքից՝ մեծանում են փափայելով ընտանիք ունենալու մեն-միակ երազանքը, ամեն օր ապրում երևակայական այն պահով, երբ արդեն չափահաս՝ հազար փորձություն են հաղթահարում ու գտնում իրենց մայրերին, փարվում նրանց: Հիշեցնում է այն մանուկների մասին, ովքեր զրկվում են լույս աշխարհը տեսնելուց, քանի որ ինչ-որ չափանիշով՝ հիմնականում սեռով պայմանավորված, չեն համապաստախանում իրենց ծնողների նախընտրություններին:
Ապրիլի 7-ը հռչակված է մայրության և գեղեցկության տոն, և մեզ հիշեցնում է նաև այն անպաշտպան կանանց մասին, ովքեր լռությամբ կրում են սոցիալական ու հոգեբանական ծանրագույն խնդիրներ, ենթարկվում բռնությունների ու կամայականությունների: Հիշեցնում է այն մայրերի մասին, ովքեր միայնակ են մեծացնում իրենց երեխաներին՝ ամենօրյա հերոսությամբ հաղթահարելով հասարակական, հոգեբանական ու տնտեսական ամեն դժվարություն, և այն հերոսուհիների մասին, ովքեր զենքը ձեռքին պայքարել են մեր հայրենիքի կերտման ճանապարհին: