Սենյակը տաքացնելու համար այրել է սեփական կտավները, հարցաքննվել «Մոնա Լիզա» կտավի գողության համար. Պիկասոյի ֆենոմենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1973 թվականի այս օրը մահացել է աշխարհահռչակ իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ և կերամիկայի մասնագետ Պաբլո Պիկասոն:

Նկարիչը, ով իր կյանքի մեծ մասն անց է կացրել Ֆրանսիայում, հայտնի է որպես կուբիզմի հիմնադիր: Տարբեր նկարչական ոճերի զարգացման հարցում մեծ դեր ունեցած Պիկասոն երիտասարդ տարիներին հիմնականում ստեղծագործել է ռեալիստական ոճում, իսկ ավելի հասուն տարիքում անցում կատարել նոր ոճերի՝ տեսությունների, տեխնիկաների և գաղափարների ազդեցությամբ: Հենց այս արտիստիկ գործերն էլ  նկարչին համաշխարհային ճանաչում են բերել՝ նրան դարձնելով 20-րդ դարի արվեստի ոլորտի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը:

Իսպանիայի Անդալուզիա շրջանում ծնված Պիկասոն ընտանիքի առաջին զավակն էր: Աղքատ ազնվականներից սերող հայրը տեղի թանգարանի վարիչն էր և Կրաֆտա դպրոցի արվեստի պրոֆեսորը, ով հիանալի նկարում էր թռչունների պատկերներ: Նկարչական տաղանդն ու նախասիրությունը Պաբլոն ժառանգել է հենց հորից:

Առաջին փորձերը պատանի Պիկասոն անում է հոր նկարների էսքիզների վրա: Ավանդույթի համաձայն, բացահայտելով որդու տեխնիկայի ճշգրտությունը, հայրը զգում է, որ իր 13-ամյա որդին գերազանցել է իրեն և ցանկանում է թողնել նկարչությունը։

1895 թվականին, Կորունա տեղափոխված ընտանիքը կորցնում է Պիկասոյի կրտսեր քրոջը և մշտական բնակություն հաստատում Բարսելոնայում: Հոր ջանքերի և ծանոթությունների շնորհիվ՝ Պաբլոն կարողանում է դիմել ակադեմիա, որի ավարտական քննությունները ավարտին է հասցնում մեկ շաբաթում՝ հակառակ նրան, որ այն սովորաբար ուսանողների շրջանում տևել է մոտ մեկ ամիս: Հենց ակադեմիայում էլ Պաբլոն ձեռք է բերում այն շրջապատը, որը մեծ ազդեցություն է ունենում իր ստեղծագործական հետագա կյանքի վրա:

Ակադեմիական կրթությունից հետո հայրն ու հորեղբայրը երիտասարդին ուղարկում են Մադրիդի Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, ինչն էլ լինում է նրա առաջին միայնակ ճանապարհորդությունը:

1900 թվականին Պիկասոն առաջին անկամ մեկնում է  Փարիզ, որը ժամանակի Եվրոպայի՝ արվեստի մայրաքաղաքն էր, որտեղ էլ հանդիպում է լրագրող և բանաստեղծ Մաքս Ջակոբսին, որը օգնում է նրան ֆրանսերեն սովորել: Պիկասոյի կյանքի այս ամենաաղքատ ժամանակներում բազմաթիվ արվեստի գործեր այրվել են՝ փոքրիկ սենյակը տաքացնելու համար:

1901 թվականին Պիկասոն 5 ամիս ապրում և ստեղծագործում է Մադրիդում, որտեղ ընկերոջ հետ բացում է «Նոր արվեստ» սրահը:

Ավելի ուշ Պիկասոն, որն արդեն նկարների տակ մակագրում էր՝ «Պիկասո», ծանոթանում է Սթեյն եղբայրների հետ, որոնք մեծ հետք են թողնում իր արվեստի վրա: Հայտնի ամերիկացի կոլեկցիոներները սկսում են գնել Պիկասոյի գործերը: Գերթրադ Սթեյնը Պիկասոյի նկարների ցուցահանդեսներն է կազմակերպում Փարիզի իր տանը կից ոչ պաշտոնական ցուցասրահում: Նա հասցնում է մեծ շրջապատ ձեռք բերել և նույնիսկ հարցաքննության է կանչվում «Մոնա Լիզայի» կտավի գողության գործով:

Հուրի Բաղդասարյան

 




Լրահոս