«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմել էր ԱԺ երեք խմբակցությունների և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։
ArmLur.am-ը զրուցել է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ Արամ Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ պահանջագիրն արդեն ներկայացրել են խմբակցություններին։
«Վաղը ժամը 4-ին մենք ժողովրդին հրավիրում ենք հանրահավաքի, որով մենք պետք է պահանջագիրը դարձնենք որպես ժողովրդի պահանջ։ Այսինքն ոչ թե միայն «Միասին» շարժման պահանջ, այլ «Միասին» շարժման և աջակից ժողովրդի պահանջ, որովհետև այսօրվա կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արդեն տարի ու կես է լեգիտիմ չի։ Մենք սրանով մեղադրում ենք նաև Ազգային ժողովի պատգամավորներին, որոնք պարտավոր էին իրենց կողմից հաստատված կառավարության ծրագրին հետևել»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով՝ կառավարությունն ամեն բան արել է հակառակ։
«Երբ կառավարությունն ամեն բան արել է հակառակ, նրանք պարտադիր պետք է կառավարությանը կանչեին Ազգային ժողով և առնվազն բացատրություն պահանջեին։ Բայց քանի որ կառավարությունն ինքը ոչ մի բան չի արել, որպեսզի գնա Ազգային ժողովում փոխի ծրագրի այս կամ այն հատվածը, իսկ Ազգային ժողովն էլ իր վերահսկողական գործառույթը չի օգտագործել, հիմա այսօրվա դրությամբ Ազգային ժողովի ամեն մի պատգամավոր դրա համար նաև ինքն է պատասխանատու»,- ասաց Սարգսյանը։
Արամ Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր պատգամավորի վրա դրել են անհատական պատասխանատվություն և արդյունքում պահանջում են, որ կատարողականի քննարկման ժամանակ ֆրակցիաներից որևէ մեկը կամ նույն 3 ֆրակցիաները նախագիծ ներկայացնեն առ այն, որ այսօրվա իշխանությունը, կառավարությունը խախտել է սահմանադրական կարգը։
«Այսինքն իրենք օրինախախտ են այս պահին, ընդունված ծրագիրը իրենք արել են օրենքին հակառակ և դա եղել է ռազմավարական ուղղությունների նկատմամբ և՛ բանակի տեսանկյունից, և՛ Արցախի հետ կապված, և՛ արտաքին հարաբերությունների առումով։ Եթե դուք ուշադիր կարդաք իրենց նախընտրական ծրագիրը և այսօրվա իրենց կատարած գործողությունները կտեսնեք, որ գլխիվայր շուռ են տվել ամեն ինչ»,- եզրափակեց Արամ Սարգսյանը։
Աննա Սրապիոնյան