Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ապրիլի 6-ին հանրահավաք իրականացրեց Շառլ Ազնավուրի հրապարակում:
Նպատակը գործող իշխանությունների հեռացման շուրջ հանրային և քաղաքական կոնսոլիդացիա ձևավորելն էր:
ArmLur.am-ը հանրահավաքի արդյունքների և առաջիկա անելիքների վերաբերյալ զրուցել է Սուրեն Սուրենյանցի հետ:
-Պարո՛ն Սուրենյանց, ինչպե՞ս կամփոփեք հանրահավաքը, արդյունքները ձեզ համար բավարա՞ր էին:
-Իմ կանխատեսումներն իրականացան, առաջին անգամվա համար ակցիան հաջողված եմ համարում, որովհետև սա մեր առաջին փորձն էր, դահլիճային լեփ-լեցուն հանդիպումներից հետո հրապարակային հանրահավաքի առաջին փորձն էր, 200-ից ավել մարդ է ներկա եղել, կարևորը, որ հարթակում երևացել են նոր քաղաքական գործիչներ, որոնք այլ հարթակներում ակտիվություն առանձնապես չեն ունեցել՝ Դավիթ Ֆիդանյան, Նարեկ Պարոնյան: Ես համարում եմ, որ ստացված էր հանրահավաքը, հաշվի առնենք նաև այդ օրվա անկայուն եղանակը:
-Որո՞նք են լինելու Ձեր առաջիկա քայլերը, ունե՞ք ծրագիր:
-Մենք գործընթացի մեկնարկն արդեն տվել ենք, ապրիլի 20-ին երկրորդ հանրահավաքն են իրականացնելու: Այս հանրահավաքները նպատակ ունեն հասարակության մոտ գիտակցված դիրքորոշում ձևավորելու, հասարակությանը պետք է ոչ թե ինչ-որ բան մատուցենք արդեն պատրաստի, այլ փաստարկների ներկայացմամբ հասնենք նրան, որ հասարակության մոտ գիտակցություն ձևավորվի, որ այս իշխանության վարած քաղաքականությունը կանգնեցնում է կոլապսի առաջ, անհրաժեշտ են փոփոխություններ:
Ես կարծում եմ նման փոքր հանրահավաքներով Երևանի տարբեր հատվածներում և մարզերում՝ մենք մայիս-հունիս ամիսներին կունենանք մի գործընթաց, որ կարող ենք ավելի ընդգրկուն գործընթաց սկսել, քանի որ ամեն հանրահավաքից հետո նոր մարդիկ են միանում: Ես գոհ եմ արդյունքներից, քանի որ ես ռեալիստ եմ, պատրանքներ չեմ ունեցել, որ առաջին հանրահավաքը պետք է մարդաշատ անցնի: Ես վստահ եմ, որ հաջորդ հանրահավաքին մոտ 400-500 մասնակցություն կլինի:
-Պարո՛ն Սուրենյանց, այլ ընդդիմադիր ուժերի հետ պատրա՞ստ եք համագործակցել, կա՞ն նրանց հետ քննարկումներ:
-Բոլորի հետ բանակցու ենք, առհասարակ, մեր նպատակը կոնսոլիդացված ընդդիմադիր հարթակ ունենալն է:
-Այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությա՞ն հետ:
-Այո, այդ թվում խորհրդարանական ընդդիմության, ոչ ոքի չենք ուզում ներառականությունից դուրս թողնել, բայց մյուս կողմից էլ կարծում ենք, որ ընդդիմությունը նոր հարթակի անհրաժեշտություն կա: Ես խորհրդարանական ընդդիմության դեմ ոչինչ չունեմ, բայց չէի ցանկանա որ հարթակը նույնական լինի և ասոցացվի բոլոր այն շարժումների հետ, որոնք ձախողվել են:
Քրիստինա Մուշեղյան