ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ՀԱՐՑԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ կառավարության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու այս պահին Կոտայքի մարզում բնակվողների հետ՝ քննարկելու բնակապահովման ծրագիրը, ինչպես նաեւ ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերն ու հանդիպող խնդիրները։

 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանը, Հռիփսիմե Հունանյանը, Դավիթ Առուշանյանը, ներկայացուցիչներ Միգրացիոն ծառայությունից, ինչպես նաեւ մարզպետի աշխատակազմի եւ համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ կացարանի եւ կոմունալ վճարների աջակցության 40 + 10 ծրագիրը շարունակվելու է նաեւ տարեվերջ:

Նոր որոշմամբ՝ ծրագրի շահառու են հանդիսանալու նաեւ 2020 թվականի պատերազմի արդյունքում տեղահանված անձինք:

Ներկայացվել է նաեւ բնակարանի ապահովման ծրագիրը, որը քննարկման փուլում է։

Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարիների ընթացքում, իսկ այդ ընթացքում այն ընտանիքները, որոնք դեռեւս ձեռք բերած չեն լինի տուն, կշարունակեն պետության կողմից ստանալ որոշակի սոցիալական աջակցություն։

Ծրագրով նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3-5 միլիոն դրամ՝ կախված բնակավայրից։

Առաջին հերթին ծրագրի շահառու են դառնալու 3 կամ ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք նույնպես ունեն անչափահասներ, ինչպես նաեւ հաշմանդամության 1-ին եւ 2-րդ կարգ ունեցող ընտանիքները։

Այնուհետեւ ծրագրից կօգտվեն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ապա այլ խմբերի ներկայացուցիչները։

Բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալու գլխավոր պայմանը ՀՀ քաղաքացի դառնալն է, իսկ տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին այդ ամբողջ ժամանակահատվածում տվյալ տանը կամ բնակարանում բնակվելու դեպքում։

Ներկայացվել են նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի, առողջապահական, կրթական, փաստաթղթերի կարգավորման հետ կապված ծրագրերին առնչվող որոշակի մանրամասներ։

Ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող բոլոր հարցերը, որոնց մի մասին տեղում տրվել են մանրամասն պարզաբանումներ եւ պատասխաններ, մյուսները գույքագրվել են կառավարության ներկայացուցիչների, Ազգային ժողովի պատգամավորների եւ Կոտայքի մարզպետի աշխատակազմի կողմից առաջիկայում քննարկելու եւ լուծելու նպատակով:

 

 

 

 

ՆՐԱՆՔ ՄԻՇՏ ՄՆԱԼՈՒ ԵՆ

«Ընդամենը 8 տարի է անցել, բայց ահագին բան է փոխվել: Հիմա կողքի աչքով նայում ես, ասում ես՝ էս ի՞նչ արեցին տղերքը: Ցավում եմ, որ այն հողը, հայրենիքի այն կտորը, որի համար նրանք հերոսաբար մարտնչեցին, իրենց բաժին պատերազմում հաղթեցին, իրենց կյանքը տվեցին, այլեւս չկա կամ դեռ մերը չէ»,- ապրիլի 2-ին  ասաց ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը:

Նրա խոսքով՝ այսօր չկա որեւէ հայ, որը չի ափսոսում հողերի կորստի համար: Նա վստահ է, որ հայրենիքի պաշտպանության համար պայքարած տղաների  կերպարներով երեխաներ են դաստիարակվում:

«Մի պատանի տղա կա, ասում էր՝ ուզում եմ գնամ Ադամի տուն, տեսնեմ՝ ինչ օծանելիք էր նա օգտագործում: Կարո՞ղ է այս տղան այլ արժեքներ ունենալ, ես չեմ հավատում: Կարո՞ղ է վաղը կամ մյուս օրը հայրենիքը նրա համար թանկ չլինի, ես չեմ հավատում: Մեր տղաները, Ադամը եւ նրա նմանները կրթում են այս նոր սերնդին: Կապ չունի՝ որքան ժամանակ կանցնի, նրանք միշտ մնալու են պատմության մեջ: Ես դա մարդկանց արձագանքներից եմ հասկանում, եւ դա ինձ ապրեցնում է»,-ասում է Գայանե Անտոնյանը:

Նա պատմում է, որ այս տարիների ընթացքում 2 գիրք եւ 6 երգ է գրվել Ադամի մասին, սակայն ոչ ընտանիքի միջոցներով, այլ հեղինակների  ցանկությամբ:

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ. Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր տեղում ու ժամանակում: Ադամի մայրը կասկած չունի, որ տղաների անունները ոսկե տառերով են գրվելու պատմության գրքերում:

«Ես հաճախ աղոթում եմ այն տղաների համար, որոնք հիմա կանգնած են սահմանին եւ ապահովում են իմ թոռնիկի հանգիստ քունը: Եթե մենք շնորհակալ չլինենք նրանց, չենք ունենալ  ո՛չ ընտանիք, ո՛չ էլ երկիր»,-ասում է Գայանե Անտոնյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցը: 2016 թվականի ապրիլյան մարտերի հետեւանքով հայկական կողմը ունեցել է ավելի քան 100 զոհ եւ կորցրել է մոտ 800 հա տարածք:

 

 

 

 

ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԷՐ

«Մեր առաքելությունը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում իրականացված է»,- Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը:

««Արդարություն եւ վերադարձ» հայ ազգային եւ մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը մեզ համար խոստումնալից էր, սպասելիքներն առավել էին, տպավորությունները՝ անասելի մտահոգիչ։

Մենք շարունակում ենք լսել, մեզ սպասում են եւս 9 մարզում բռնի տեղահանված հայրենակիցներ, որոնց հետ քննարկելու ենք բոլորիս ներկայի եւ ապագայի վերաբերյալ օր օրի ավելի ահագնացող խնդիրները, որոնց լուծումը մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է:

Հաջորդիվ մենք կլինենք հայրաքաղաք Գյումրիում»,- նշել է նա:

 

 

 

ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

Միացյալ Նահանգները զգուշացնում է եւ շարունակելու է զգուշացնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հռետորաբանության սրում կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններ չլինեն։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք շաբաթվա վերջում տեսանք Ադրբեջանի կառավարության հայտարարությունը: Նշեմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ հայտարարեց, որ չնայած այդ հայտարարություններին՝ հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ եւ հանգիստ է եղել, զորքերի եւ հրետանու արտասովոր տեղաշարժեր չկան»,- հիշեցրել է Միլլերն՝ ի պատասխան ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական զինված ուժերն իբր տեղաշարժեր են իրականացնում եւ զինտեխնիկա են կուտակում սահմանին։

Մեթյու Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակում է խրախուսել տարածաշրջանում արդար եւ արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։

«Եվ ինչպես դուք բազմիցս լսել եք ինձ այս ամբիոնից, կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է»,- եզրափակել է խոսնակը՝ ընդգծելով, որ իրավիճակի սրումը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի շահերից։

Վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածում, թե հայկական զինված ուժերն Ադրբեջանի հետ սահմանին տեղաշարժեր են իրականացնում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ հայտարարությունները հերքել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը եւս հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հայկական զինված ուժերը իբր տեղաշարժեր են իրականացնում սահմանին։

 

 

 

 

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության Telegram-ի հաղորդագրության համաձայն՝ Գոմելի եւ Գրոդնոյի շրջաններում եռօրյա զորավարժությունները, որոնք սկսվել են երեքշաբթի՝ ապրիլի 2-ին, «նպատակ ունի վերապատրաստել սպաներին եւ տարածքային զորքերին իրենց շրջանները պաշտպանելու համար եւ պետք է ցույց տան, թե ինչպես պետք է գործել ռազմական դրություն մտցնելու դեպքում»:

Գոմելի մարզը սահմանակից է Ուկրաինային, Գրոդնոյի մարզը՝ Լիտվային եւ Լեհաստանին։

Երկրի պաշտպանության նախարարությունը պարզաբանում է, որ զորավարժությունները մեկնարկել են Բելառուսի եւ Ռուսաստանի «ժողովուրդների միասնության օրը»։ 1996թ.-ի այս օրը երկու երկրների նախագահները ստորագրեցին «Բելառուսի եւ Ռուսաստանի համայնք ստեղծելու մասին» համաձայնագիրը. այսպես է հաղորդագրության մեջ բացատրվում ռազմական ոլորտում այդ երկրների համագործակցության պատճառը։

 

 




Լրահոս