Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներն ապրիլի 8-ին հանդիպել են Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստան-ԵՄ բազմաշերտ համագործակցության խորացումը: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, մարտահրավերները, խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումների մասին:
Տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում հայ խորհրդարանականները կարևորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը: Կողմերը քննարկել են մի շարք ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը: