ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Երեւան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից մի շարք առերեւույթ հանցագործություններ կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ 2024թ. հունվարի 24-ին` 02:00-ի սահմաններում, ստացված տեղեկատվությունն իրացնելու արդյունքում ՀՀ ՊԾ Երեւան քաղաքի պարեկները Երեւան քաղաքի Ազատության պողոտայի եւ Թբիլիսյան խճուղու հատման վայրում նկատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, որը, ինչպես պարզվել է հետագայում, եղել է Ս.Վ.-ն, իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր անձի առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ի ցույց դնելու նպատակով ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է երթեւեկությանը հակառակ ուղղությամբ՝ չենթարկվելով լուսացույցների կարմիր արգելակող ազդանշաններին եւ պարեկային ծառայության աշխատակիցների «կանգ առ» հրահանգին՝ այդկերպ վտանգ ստեղծելով երթեւեկության մյուս մասնակիցների համար։ Արդյունքում տարածքում գործող սննդի կետի մոտ նա ավտոմեքենայով հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի՝ վնասելով այն:
Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Ս.Վ.-ն շարունակել է օրինախախտ վարքագիծ դրսեւորել եւ նկատելով ավտոմեքենայով իրեն հետապնդող ոստիկաններին ու փորձելով խոչընդոտել նրանց գործունեությանը` իր կողմից վարվող ավտոմեքենայով հարվածել է ոստիկանների ծառայողական ավտոմեքենային եւ վնասել այն:
Այդ ընթացքում, փորձելով խուսափել պարեկների հետապնդումից, Ս.Վ.-ն Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական տարածքում ավտոմեքենան կայանել է ճանապարհի երթեւեկելի հատվածում եւ, դուրս գալով ավտոմեքենայից, դիմել փախուստի, սակայն ոստիկանության ծառայողների կողմից բռնվել է: Այնուհետեւ շարունակելով խոչընդոտել վերջիններիս օրինական գործունեությանը՝ նա բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ՝ ոտքով հարվածելով նրանցից մեկին, եւ հայհոյել է հավաքված մարդկանց ներկայությամբ:
Անհրաժեշտ միջոցառումների արդյունքում կարգազանց վարորդը տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։ Նա նաեւ հրաժարվել էր սթափության զննության ենթարկվելուց, իսկ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ՝ հակաօրինական վերոնշյալ գործողությունների ընթացքում ինչպես ՀՀ ՆԳՆ հաշվեկշռում գտնվող «SKODA OCTAVIA 1.4» մակնիշի ավտոմեքենան, այնպես մյուս երկու ավտոմեքենաները վնասելու հետեւանքով նրա կողմից պատճառված ընդհանուր նյութական վնասը կազմել է ավելի քան 1.500.000 ՀՀ դրամ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ս.Վ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 344-րդ հոդվածի 2-րդ մասով, 396-րդ հոդվածի 1-ին մասով, 452-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
ՆԳՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ՝ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ բացահայտվել են մարմնական վնասվածք պատճառելու 12, խարդախության՝ 11, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման եւ թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, մարդու առեւանգման, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, սուտ մատնության, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անձին ազատությունից զրկելու եւ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած եւ 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության 2, մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ- ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 31-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երեւանի բնակիչ 57-ամյա Դավիթ Գ.-ն եւ հայտնել, որ Ներքին Չարբախի գերեզմանատանը կռիվ է, այնուհետեւ ոստիկանություն է զանգահարել Անահիտ Գ.-ն եւ հայտնել, որ Դավիթ Գ.-ի ընտանիքի անդամները թույլ չեն տվել իր որդուն՝ Սուրեն Գ.-ին, մուտք գործել գերազմանատուն, եւ նրանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երեւանի բնակիչ 32-ամյա Նարեկ Գ.-ն, ով վնասվածքը ստացել է Ներքին Չարբախի գերեզմանատանը ծեծի հետեւանքով:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արման Կիրակոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ Ներքին Չարբախի գերեզմանատանը Սուրեն Գ.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է հորեղբոր՝ Դավիթ Գ.-ի եւ նրա որդիների՝ Մհեր Գ.-ի ու Նարեկ Գ.-ի հետ, որի ժամանակ Սուրեն Գ.-ն բենզինով շիշը փորձել է լցնել Մհեր Գ-ի վրա եւ փայտով հարվածել է Նարեկ Գ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Չարբախի բաժանմունքում նյութեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։