ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 1-ին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ այցելել է Հայաստանում ասորական ամենախոշոր՝ Արարատի մարզի Վերին Դվին համայնք։
Այս մասին հայտնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մարդու իրավունքների պաշտպանին դիմավորել են Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան եւ Արեւելքի ասորական ընդհանրական սուրբ առաքելական եկեղեցու հոգեւոր հայր Տեր Նիկադիմ Յուխանաեւը:
Նրանք Պաշտպանին ներկայացրել են Հայաստանում բնակվող ասորիների խնդիրները, ազգային փոքրամասնությունների ինքնության տարրերի պահպանմանը վերաբերելի առանձին հարցեր։
Անահիտ Մանասյանը նշել է, որ, որպեսմարդու իրավունքների պաշտպան, կարեւորում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։
«Առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման եւ արդյունավետ պաշտպանության հարցում»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքներին վերաբերելի տարբեր խնդիրները եւ դրանց հաղթահարման առնչությամբ Պաշտպանի առաջարկներն ամփոփվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման շրջանակում։
Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը հարգանքի տուրք է մատուցել քառասունչորսօրյա պատերազմի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հուշակոթողին։ Պաշտպանն այցելել է նաեւ Հայաստանի արեւելքի ասորական կաթողիկոսության սուրբ Առաքելական եկեղեցի: Տեր Նիկադիմ Յուխանաեւը Պաշտպանին ներկայացրել է եկեղեցու պատմությունը, կրոնական առանձնահատկությունները: Վերին Դվին կատարած այցի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցչական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության աշխատանքի ուղղությունները, անդրադարձել երեխաների, վերջիններիս կրթության իրավունքին, խտրականության, անհանդուրժողականության, բուլինգի դեմ պայքարին:
«Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց հանդուրժող եւ համերաշխ միջավայրի, իսկ հանդուրժող եւ համերաշխ միջավայրը պարզապես հռչակագրային գաղափար չէ. վերջինիս ձեւավորմանը յուրաքանչյուրս պետք է նպաստի իր ամենօրյա վարքագծով։ Մենք պետք է լինենք արժեքների տարածման առաջամարտիկ, այլ ոչ հակաարժեքների հետեւորդ»,-նշել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված՝ պետությունը, ի թիվս այլնի, ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու եւ նպաստելու նրանց մշակույթի, կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը, եւ այս առումով չափազանց կարեւոր է նաեւ ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը: Այցի վերջում Պաշտպանն ու հանդիպման մասնակիցները երկուստեք շնորհակալություն են հայտնել հետաքրքիր եւ բովանդակալից քննարկման համար:
ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Մինչ այդ հայտարարագիր ներկայացնող անձանց ցանկը հստակ սահմանաված էր։ Ներդրվել է նոր համակարգ, սակայն ինֆորմացիոն ծանրաբեռնվածությունը հաշվի չի առնվել, եւ հայտարարաու անձանց շրջանում խնդիրներ են առաջացել։
ArmLur.am-ը պարբերաբար ահազանգեր է ստանում, որ թեեւ ներդրվել է նոր համակարգը, որը ենթադրում է նոր թարմացումների հետ մեկտեղ համակարգի բարելավում, սակայն ամեն բան հակառակն է։ Հայտարարագրման համակարգի համար նոր պայման է ունենալ ID նույնականացման քարտ, որը անհրաժեշտ կլինի կցել համակարգչին համապատասխան սարքի միջոցով։ Սա դեռ ամենը չէ. կա նաեւ երկրորդ խնդիր եւս։ Այն անձինք, որոնք չունեն ID նույնականացման քարտ, չեն կարող լրացնել հայտարարագիր առանց դրա, սակայն կա երկրորդ տարբերակ լրացնել հեռախոսային համարով։ Թվում է, թե երկրորդ տարբերակով հարցը կլուծվի, սակայն խնդիրը հասնում է մինչեւ անձնագրայինների դռները։ ArmLur.am-ին դիմած քաղաքացու խնդրից հասկանում ենք, որ հարցը ոչ թե ՊԵԿ-ի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում է, այլ ՆԳՆ-ի, այսինքն՝ անձնագրային բաժանմունքների։ Հերթերն այնքան անտանելի են դարձել, որ նույնականացման քարտ ձեռք բերելու համար այսօր գրանցվելու դեպքում միայն հունիսի վերջին շաբաթը կկարողանաք ձեռք բերել այն։
Անձնագրային կետերում հերթերի անկանոնության հարցերով ահազանգերը չեն դադարում նույնիսկ մարզերում։ Նախկինում հերթագրման համակարգը ներդրվեց հենց նման խնդիրներից խուսափելու համար, սակայն ինչպես տեսնում ենք, այն չի արդարացրել պահանջվածը։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԴՈՒՐՍ ԵՆ ՀԱՆՈՒՄ
Ապրիլի 2-ին Երեւանի 33-րդ թաղամասից՝ Ֆիրդուսից, բնակիչները ArmLur.am-ին ահազանգում են՝ տարիների խնդիրը շարունակում է մնալ չլուծված, Ֆիրդուսի բնկիչները կրկին կանգնել են փողոցում մնալու վտանգի առաջ:
«Եկել են տնից հանում են: Ասում են՝ սեփականության թուղթ չունեք, բայց դա կապ չունի. 5 սերունդ ստեղ ապրում ենք: Եկել են ասում են՝ վեշերը հանե՛ք: Եթե մի քիչ էլ չհանենք մեր իրերը, բռնի գործողությամբ կհանեն: Հիմա ստեղ 25 հոգի գրանցված են, ու բոլորին էլ դուրս են հանում»,- պատմում է Ֆիրդուսի բնակիչը: Նրանց հավելյալ ժամանակ չեն տրամադրել: Հիշեցնենք, որ Ֆիրդուսի բնակիչները անցած տարի նույնպես այս նույն խնդրով իրականացնում էին բողոքի ակցիա:
ԱՂՄՈՒԿԻՑ ՀԵՌՈՒ
Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 27.8%-ը կատարվել է մայրաքաղաք Երեւանում։ Անշարժ գույքի շուկայում մեկնարկած շինարարական բումը, որը աստիճանաբար դառնում է օդի աղտոտման պատճառ, քիչ-քիչ տեղափոխվում է մարզեր։ Նոր կառուցվող բնակարանների հիմքերն արդեն փորված են, եւ կառուցապատողները շարունակում են դիտարկել նաեւ մարզային կենտրոնական կամ բնակարանաշինության համար հարմար վայրերը։ Այս պահին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ամենամեծ տոկոսը դիտվել է Կոտայքի մարզում՝ 16.6%, իսկ Արարատի մարզում՝ 9.5%, Արմավիրի մարզում՝ 9.1%։ Այս թվերը վկայում են, որ, Երեւանից բացի, մարդիկ նախընտրում են մերձերեւանյան մարզերում ձեռք բերել անշարժ գույք, քաղաքին մոտ, բայց աղմուկից հեռու։ Անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների թիվը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 21 668 միավոր, իսկ 2022 թվականի նոյեմբերին 20 552 միավոր։
ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Երեւանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երեւանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ: Առաջարկները պետք է ուղղված լինեն հետեւյալ ոլորտների բարեփոխմանը՝
– աղբահանություն,
– հասարակական տրանսպորտ,
– զբոսաշրջություն,
– առողջապահություն,
– բնակչությանը մատուցվող ծառայություններ,
– կայուն սոցիալական միջավայրի ապահովում,
– մասնակցային կառավարում,
– կանաչ տնտեսություն,
– նշե՛ք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:
Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային եւ համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնեն առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու եւ մասնակցային:
Առաջարկները կարող են ներկայացվել մինչեւ 2024 թվականի ապրիլի 16-ը՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին: