Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի գործող միջազգային օդանավակայանը փակ կլինի քաղաքացիական թռիչքների համար այն բանից հետո, երբ շահագործման կհանձնվի նոր օդանավակայանը, որը նախատեսվում է կառուցել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Վազիանիում։ Այս մասին հայտնում է «Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի» մամուլի ծառայությունը՝ մեջբերելով ասոցիացիայի գլխավոր տնօրեն Իրակլի Կարքաշաձեին։
Թբիլիսիի նոր օդանավակայանի կառուցման նախագծին կմասնակցի նաև Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ): Նոր օդանավակայանը կտեղակայվի նախկին ռազմական օդանավակայանի տարածքում, որը վերջին շրջանում չի շահագործվել, պարզաբանել են մամուլի ծառայությունից։
Թբիլիսիի գործող օդանավակայանը նորի կառուցումից հետո կարող է վերածվել լոգիստիկ կենտրոնի, և գուցե այն կընդունի միայն բեռնատար ինքնաթիռներ և սպասարկի երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, օտարերկրյա բարձրաստիճան հյուրերին։ Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։