«Ոչ մի փոխհատուցում չենք ստացել, ոչ մի բան չեն անում»․ ֆերմերը հերքում է էկոնոմիկայի նախարարության պատասխանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ փետրվարի 16-ին ArmLur.am-ի խմբագրություն ահազանգ էր ստացվել Կոտայքի մարզի ֆերմերներից, որ Կոտայքի մարզում տարածված է Աֆրիկյան ժանտախտ, ինչից սատկում են խոզերը։

Ֆերմերներն այս հարցով նույն ամսվա 26-ին եկել էին էկոնոմիկայի նախարարություն, որպեսզի նախարարությունը լուծում տա իրենց խնդրին։

ArmLur.am-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել խոզապահ ֆերմերների և էկոնոմիկայի նախարարության միջև՝ ժանտախտով վարակված և սատկած խոզերի դիմաց փոխհատուցման պահանջի վերաբերյալ։

Էկոնոմիկայի նախարարությունից մեզ պատասխանել են, որ․

«Հարկ ենք համարում նշել, որ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Հիվանդության նախնական ախտորոշումը կատարում է անասնաբուժական ծառայությունը, որը հիվանդության ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով կատարում է նմուշառում և ախտաբանական նյութի նմուշները ներկայացնում անասնաբուժական ազգային ռեֆերենս լաբորատորիա և իրականացնում է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ։

Ուստի, հիմք ընդունելով օրենքով սահմանված դրույթը, հայտնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հիվանդության ախտորոշման հաստատման վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է»։

ArmLur.am-ը նաև կապ հաստատեց Կոտայքի ֆերմերներից մեկի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց էկոնոմիկայի նախարարության տված պատասխանը և ասաց, որ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացրել են իրենց խնդիրը, ասել են, որ խոզերը սատկել են։

«Մեզ 2 ամիս է արդեն ամեն 10 օրը մեկ Էկոնոմիկայի նախարարությունից ասում են, որ լավ կլինի։ Մենք պայմանավորվել էինք, որ փոխհատուցում պետք է լինի, բայց նորից եմ նշում, որ արդեն 2 ամիս է ոչ մի բան էլ չեն անում, հետաձգում են»,- մեզ հետ զրույցում նշեց ֆերմերը։

Ֆերմերի խոսքով՝ երեկ էլ են զանգ ստացել էկոնոմիկայի նախարարությունից և էկոնոմիկայի նախարարությունում կապված խոզերի ժանտախտի հետ ամեն փաստ կա՝ նկարներ, փաստաթղթեր։

Աննա Սրապիոնյան




Լրահոս