ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի (ՖԽՄԿ) տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ֆինանսների, ինչպես նաև հեռուստատեսային արտադրության փորձագետներ:
ՖԽՄԿ պատվիրակությունը Հայաստանում է՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 2027 թվականին մեր երկրում հյուրընկալելու տեխնիկական հնարավորությունները գնահատելու նպատակով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և վերահաստատել Հայաստանի կառավարության՝ Ֆրանկոֆոնիայի հոբելյանական 10-րդ խաղերն ամենաբարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է նաև ֆրանկոֆոն մշակույթի արժևորումն ու տարածումը՝ տեղեկացնելով, որ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում մեր երկրում անցկացվում են ֆրանկոֆոն մշակութային ու գիտակրթական միջոցառումներ՝ միտված համընդհանուր արժեքների տարածմանը:
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքների մեկնարկին՝ կողմերը կարևորել են ֆրանկոֆոնիայի ազգային կոմիտեի ձևավորումը, որը կզբաղվի տեխնիկական և կազմակերպչական հարցերով: Հունիսին Փարիզում խաղերի անցկացման վերաբերյալ նախատեսվում են համաձայնագրի կնքում և փոխանցիկ դրոշի հանձնում:
Ապրիլի 8-12-ը Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի փորձագետները պետք է իրականացնեն խաղերի համար ընտրված մարզական և մշակութային ենթակառուցվածքների գնահատում և խաղերի նախապատրաստման հետ կապված հիմնական կարիքների քննարկում:
Նշվել է, որ մարզամշակութային միջազգային խաղերի լուսաբանման նպատակով Հայաստան կարող են ժամանել միջազգային ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ: Քննարկվել են նաև խաղերի հեռարձակման և միջազգային հարթակներում իրազեկման բարձրացման հարցեր:
Ակնկալվում է, որ Ֆրանկոֆոնիայի հոբելյանական 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին շուրջ 50 երկրի ավելի քան 4000 մարզիկներ կմասնակցեն: