Սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ հարցերը դեռ քննարկման փուլում են, վերջնական որոշում դեռ չկա: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ փոխվարչապետ, սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ արդյոք Տավուշի մարզի՞ց է սկսելու սահմանազատման գործընթացը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք Ադրբեջանը դե՞մ է սահմանազատման հիմքում դրվելիք Ալմա-Աթայի հռչակագրի հղմանը, փոխվարչապետը հորդորեց հետևել պաշտոնական հայտարարություններին:
Գրիգորյանի խոսքով՝ սահմանազատման հատվածները, կարևորագույն սկզբունքները՝ անվտանգություն, սոցիալ-կենցաղային, իրավական հարցեր, մինչև վերջնական որոշումներ չլինեն այդ հարցերի շուրջ, վերջնական որոշում սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին չեն կարող ասել:
Հարցին՝ ի՞նչ տարածք է պատրաստ վերադարձնել Ադրբեջանը, Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ չի կարող հարցին պատասխանել, քանի որ վերջնական կոնսենսուս դեռևս չկա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը ի պատասխան՝ արդյոք նույնիսկ սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ չկա՞ կոնսենսուս, փոխվարչապետը նշեց՝ սահմանազատումը այդ հատվածից սկսելու մասին որոշում հնարավոր է լինի, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ՝ անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական, կոնսենսուս ձեռք բերվի:
«Այս փուլում քննարկում ենք այդ հարցերը: Իհարկե, բազմաթիվ հարցեր քննարկվում են, հարցեր կան, որոնց շուրջ ընկալումները նույնատիպ են»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով՝ դեռևս կան հարցեր, որոնց շուրջ չկա կոնսենսուս:
Մանրամասները՝ տեսանյութում։