Հայրենիքի մասին ստեղծագործությունները հայ իրականության մեջ միշտ են եղել. բանաստեղծություններ, արձակ, երգեր, ներկայացումներ և ֆիլմեր, նկարներ և քանդակներ:
Թվում է՝ այն ազգը, որը միշտ պայքարել է հայրենիքի, ազատության և խաղաղ կյանքի համար, պիտի ճիշտ արժևորի հայրենիքը որն ունի, սակայն հաճախ, ցավոք, հայրենիքի հանդեպ մեր զգացումներն ու պարտավորությունները ի հայտ են գալիս միայն դժվարության պահերին: Իսկ արվեստի ներկայացուցիչները հենց այս շրջանում, առավել քան երբևէ, հայրենիքի մասին ստեղծագործությունների հիմք են դնում:
Այսօր ArmLur.am լրատվականը Ձեզ է ներկայացնում 7 երգ, որոնք ծնվել են 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմների ընթացքում: Երգեր, որոնք արտահայտում են մեր հույզերն ու ապրումները:
«Հայրենիք». Սևակ Խանաղյան (2016)
Երգի երաժշտության հեղինակը երգիչն է, իսկ բառերը գրել է Արմեն Դարբինյանը:
«Մարտում». Duetro Kids (2016)
Երգի թե՛ երեժշտության, թե՛ բառերի հեղինակը Էդգար Ալեքսանյանն է. այն թողարկվել է քառօրյա պատերազմից անմիջապես հետո:
«Հայրենիք». Սուսաննա Պետրոսյան, Նիկ Եգիբյան (2016)
Երգի հեղինակը երգահան Սամվել Ծովակն է, գործիքավորման հեղինակը՝ Նիկ Եգիբյանը:
«Մեզ ոչինչ չի հաղթի». (2020)
Երգը թողարկվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին: Այն կատարում են Արթուր Խաչենցը, Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սոնա Ռուբինյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, նվագակցում են Նարեկ Հախնազարյանը, Ջիվան Գասպարյանն ու Ջիվան Գասպարյան կրտսերը և Արմեն Շահվերդյանը:
«Հերոս զինվոր». (2020)
Երգը նվիրված է Արցախյան երրորդ պատերազմում մարտնչած բոլոր տղաներին. այն թողարկվել է 2020 թվականի նոյեմբերի 23-ին: Հեղինակը երգահան և կոմպոզիտոր Րաֆֆի Ալթունյանն է, գործիքավորումը կատարել է Հայկոն: Կատարում են Սևակ Ամրոյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանն ու Հայկոն:
«Արցախ». Սևակ Խանաղյան (2020)
Երգը, որը թողարկվել է 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 10 միլիոն դիտում ունի: Այն Արցախի և մեր պայքարի մասին «պատմող» ամենաազդեցիկ երգերից է: Երգի երաժշտության հեղինակը Սևակ Խանաղյանն է, իսկ բառերը գրել է Սոսե Խանիկյանը:
«Արցախը իմ տունն է». Նունե Եսայան (2020)
Շուշիի անկումից մի քանի որ անց թողարկված երգը պատերազմի ավարտին ոգևորող ազդեցություն ունեցավ, ինչպես և մյուս երգերը: Երգի երաժշտության հեղինակը Սիրուշոն է, իսկ բառերինը՝ Ավետ Բարսեղյանը:
Հուրի Բաղդասարյան