Անահիտ Մանասյանը ԵԽ պատվիրակներին է ներկայացրել ՄԻՊ աշխատակազմի փաստահավաք աշխատանքի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ապրիլի 9-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական ու արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային։

Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, զինված ուժերում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է այդ աշխատանքներում. աշխատակազմի հետ այցելել է Գորիս, Կոռնիձոր և Վայք` աշխատանքներն իրականացնելով նաև գիշերային ժամերին։

Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականությանը, ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը։

Քննարկվել են նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:




Լրահոս