ՀՀ Ազգային Ժողովում մշտապես կան պատգամավորներ, որոնք խորհրդարան են եկել ինչ-որ մեկի անվան տակ: Այսինքն` ավելի հեղինակավոր գործչի անձնական «կոճակ» են աշխատում Ազգային ժողովում: Թիվ 32 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Սուրիկ Պողոսյանին եւս այդպիսիների շարքին պետք է դասել, քանի որ նա ԱԺ պատգամավոր է ընտրվել Կարեն Կարապետյանի «խաթեր»: Պողոսյանը նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի փեսան է:
Սուրիկ Պողոսյանը «Տաշիր ինվեստ գրուպ»-ի գործադիր տնօրենն է եղել: Նրան ո՛չ հասարակական, ո՛չ էլ քաղաքական շրջանակները չէին ճանաչում: Կամ ճանաչում էին որպես անասնաբույժի: Այս օրենսդիրը 1985թ. ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը` ստանալով անասնաբույժ-ինժեների որակավորում: 1978-1980թթ. աշխատել է Լոռվա փորձարարական բազայի անասնաբուծության տեխնոլոգիայի բաժնում: Այնուհետեւ նրա գործառույթները կոնկրետացել են, եւ Ս.Պողոսյանը` որպես լաբորանտ, 1980-1982թթ. աշխատել է կենդանիների կերակրման բաժնում:
Կումունիստական տարիներից արդեն Պողոսյանը փորձել է ակտիվություն ցուցաբերել. 1982-1984թթ. Կալինինոյի կոմերիտմիության շրջկոմում եղել է կազմակերպչական բաժնի վարիչ, իսկ 1984-1987թթ.` երկրորդ քարտուղար: Այնուհետեւ Կալինինոյի կոմկուսի շրջկոմում դարձել է գյուղատնտեսական գծով հրահանգիչ: Բայց հրահանգչի կարգավիճակը չի խանգարել Սարչապետ գյուղի բնակչին, որպեսզի մինչեւ 1993-ը լինի Կալինինոյի շրջկոմի գյուղատնտեսական վարչության գլխավոր անասնաբույժը: Կենդանիներին բժշկելուց հետո Սուրիկ Պողոսյանը մինչ 1996-ը եղել է Տաշիրի միջշրջանային սահմանային կետի տեսուչ, երկրորդ կարգի գյուղատնտես: 1996-ից նրա գործերը սկսել են լավանալ: Մինչեւ 2007-ը Պողոսյանը եղել է «Տաշիրի կարի ֆաբրիկա» ԲԲԸ գործադիր տնօրեն, 1999-2007թթ.` «Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարան» ԲԲԸ գործադիր տնօրեն, 2004-2007թթ.` «Տաշիր ինվեստ գրուպ» ԲԲԸ գործադիր տնօրեն:
Վերջին տնօրենի պաշտոնը Պողոսյանը մի պահ` 5 ամսով, համատեղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնի հետ, որպեսզի չասեին, թե «Տաշիր»-ի տնօրենը պատգամավոր դարձավ: Ա՛յ փոխնախարարն ուրիշ է:
Եւ այսպես` Կարեն Կարապետյանի շնորհիվ Սուրիկ Պողոսյանը 2007թ. մայիսի 12-ին Տաշիրի տարածքից ընտրվեց Ազգային Ժողովի պատգամավոր: Այդ օրերին նույնիսկ ասում էին, որ Կարեն Կարապետյանն ում կամ ինչին ցանկանար, այդ տարածքից կդարձներ պատգամավոր: Իսկ որ մեր օրերում փեսաներն ավելի լավ են ապրում (թեեւ Պողոսյանը Կարապետյանի քրոջ ամուսինն է), արդեն համոզվելու բազում առիթներ ունեցել ենք:
Հիմա բազմազավակ Սուրիկ Պողոսյանի բազմազբաղ ուսերին են ծանրացած մեր երկրի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի խնդիրները, քանի որ նա այդ հանձնաժողովի անդամ է: Իսկ թե ինչ է արել Պողոսյանը խորհրդարանում 2007-ից մինչ օրս, դժվար է ասել: Համենայնդեպս, երբեւէ աչքի չի ընկել ակտիվությամբ: Նա ԱԺ ամբիոնից չի խոսել, որեւէ հարց չի բարձրացրել, անգամ որեւէ նախագիծ չի զեկուցել: Փոխարենն ակտիվ «կոճակասեղմությամբ» է զբաղվել: Պողոսյանը եւս դակել է բոլոր օրենքները, որոնք այսօր կիրառվում են մեր կյանքում` շատ հաճախ չհասկանալով, թե ինչու է քվեարկել: Բայց տվյալ դեպքում «ակտիվ կոճակասեղմություն» ասվածը վերաբերում է ոչ թե պատգամավորի պարտաճանաչ հաճախելիությանը` խորհրդարան, այլ քվեարկելուն:
Նկատենք, որ վերջին շրջանում, երբ Կարեն Կարապետյանն անակնկալ եւ անբացատրելի հրաժարական տվեց, Սուրիկ Պողոսյանը սկսել է ավելի պասիվ այցելել խորհրդարան: Նա առաջվա «սիրտը չունի»:
Մի խոսքով, Սուրիկ Պողոսյանը եւս դասվում է այն պատգամավորների շարքին, որոնց ներկայությունը խորհրդարանում միայն տարակուսանք է հարուցում:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԸ ԴԱՐՁԱՎ ՕՐԵՆՍԴԻՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ