Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 10-ին նշվում է ընտանեկան հերթական տոնը՝ Քույրերի և եղբայրների օրը (Siblings Day)։ Թեև այս տոնն այնքան էլ հայտնի չէ մեր օրերում, այնուամենայնիվ այն հրաշալի առիթ է ընտանեկան և բարեկամական կապն է՛լ ավելի ամրապնդելու համար, գրում է calend.ru կայքը։
Կայքի փոխանցմամբ՝ ի սկզբանե արյունակցական կապը, ամբողջ կյանքում նրանց միջև ջերմ հարաբերությունները «պատվելու» ավանդույթը շատ երկրներում է եղել։ Օրինակ՝ Հնդկաստանում մինչև օրս էլ Ռակշա-բանդհան անունով ազգային տոն կա, որը նշվում է ամռան երկրորդ կեսին և մի շարք արարողակարգերով է ուղեկցվում։
Իսկ ահա ապրիլի 10-ին քույրերի և եղբայրների օրը նշելու ավանդույթն ԱՄՆ-ից է եկել։ Հայտնի է, որ տոնի գաղափարական ոգեշնչողը Կլաուդիա Էվարթն է եղել, որը վաղ տարիքում կորցրել է հարազատ եղբորն ու քրոջը և այդ կորուստը շատ ծանր է տարել։ Հենց նրանց հիշատակին էլ Կլաուդիան որոշել է նման տոն հռչակել և որպես ամսաթիվ ընտրել է քրոջ ծննդյան օրը՝ ապրիլի 10-ը։
Կինը կոչով դիմել է հասարակությանը՝ հիշելու հարազատ մարդկանց մասին, գնահատելու ջերմություն ու բարություն, հոգատարություն տվող մարդկանց, գիտակցելու հարազատ մարդու կողմից հասկացված լինելու զգացողության անհրաժեշտությունը։
Առաջին անգամ 1998 թվականին անցկացված այս միջոցառումը սկսել է մեծ տարածում գտնել սկզբում ԱՄՆ-ում, այնուհետև մի շարք այլ երկրներում։ Այս օրն ընդունված է քույրերին կամ եղբայրներին նվերներ տալ, շնորհավորել միմյանց ու ընտանեկան ջերմ մթնոլորտում լավ ժամանակ անցկացնել։