«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործով դատական նիստն այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց:
Հիշեցնենք, որ կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր գործընկերոջ` Լուսաբեկ Սամվելյանի հետ մոտ 110 քաղաքացիների վստահությունը չարաշահելով ՝ կնքել է անօրինական պայմանագրեր: Քաղաքացիներից գանձել են 1.843.379.449 դրամ առանձնապես խոշոր չափի գումար, այն հափշտակել, իսկ բնակարանները հետագայում իրացրել այլ անձանց:
Armlur.am –ի հետ զրույցում գործով տուժող Սիմա Պետրոսյանը նշեց, որ իրենց բնակարան էին տվել, իսկ իրենք երկու տարի պարտաճանաչ ամսեկան մասնակի մարումներն անելուց հետո պատահաբար իմանում են, որ իրենց բնակարանը և ևս 24-ը տրվել է Էսկո անշարժ գույքի գործակալությանը:
«Գոնե փառք Աստծո, որ տղաները մարդկային խիղճ ունեցան և այդ բնակարանները վերադարձրին առանց որևէ ավելորդ վճարումների: Էսկոն մեզ ասաց, որ մեր բնակարանները գրավի դիմաց են իրենց տրվել ` սեփականաշնորհման վկայականներ կազմելով: Այստեղ արդեն գործ ունեին նոտարը, ինչու չէ, նաև Կառավարությունը: Առանց կառավարության թողտվության նման բաները չեն լինում, ուրեմն եղել է, որ էտ ամեն ինչն արվել է, ու մինչև հիմա էլ կրկնվում է, նշանակում է նման բաների վրա աչք է փակվում»,- ասաց տուժողը:
Վերջինս հայտնեց նաև, որ իրենք փաստաբան չեն ունեցել, այլ կառավարության շենքի դիմաց ավելի քան մեկ ու կես տարի բողոքի ակցիաներով և ցույցերով, մի շարք նամակների միջոցով են հասել իրենց բանկարաններին: