ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դպրոցների տնօրենների ընտրությունները Շիրակի մարզում բոլոր մարզպետերի պաշտոնավարման տարիներին բավականին լուրջ խնդիր են եղել: Դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի պաշտոնավարման տարիներին հանրակրթական դպրոցները համալրվում էին դաշնակցականներով, Լիդա Նանյանի մարզպետության շրջանում էլ աղմկահարույց մի շարք դեպքեր  արձանագրվեցին: Տնօրենները դատարանում անգամ սկսեցին բողոքարկել, որ անհիմն են կադրային փոփոխությունները: Հերթն Աշոտ Գիզիրյանինն է:
Նոյեմբերի 11-ին ընտրություն է անցկացվել Մարալիկի թիվ 2 դպրոցում: Տնօրենի պաշտոնի համար պայքարել են գործող տնօրեն, ժամանակավոր պաշտոնակատար Ռոզա Գեւորգյանը եւ դպրոցի նախկին տնօրեն Անյուտա Հովհաննիսյանը: Ձայների 6:2 հարաբերակցությամբ տնօրեն է ընտրվել Ռոզա Գեւորգյանը, մյուս թեկնածուն տեղի ունեցած ընտրությունները որակել է կեղծված ու ոչ օրինական: Ա.Հովհաննիսյանի համակիրները բարձրաձայնում են, որ Աշոտ Գիզիրյանի անմիջական ջանքերով է, որ տնօրեն է ընտրվել  Ռոզա Գեւորգյանը: Նա, ի դեպ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է եւ կարողացել է  իր շուրջ համախմբել ուսուցիչներին: Կան նաեւ մեղադրանքներ, որ Գիզիրյանն իր մոտ է կանչել կառավարման խորհրդի ներկայացուցիչներին եւ խիստ հանձնարարական իջեցրել, որ ամեն գնով տնօրենի պաշտոնը տրվելու է Ռոզա Գեւորգյանին:
Ընտրության սկզբում ներկայացվեց կառավարման խորհրդի կազմը. անդամներ Շիրակի մարզպետարանից ու Մարալիկի քաղաքապետարանից, դպրոցի ուսուցչական հանրույթից եւ ծնողական խորհրդից, իսկ կառավարման խորհուրդը նախագահում էր Շիրակի մարզպետարանի աշխատակից Լիպարիտ Մարտիրոսյանը: Ընտրությունների ավարտից հետո Անյուտա Հովհաննիսյանը հայտարարեց, որ այլ արդյունք չէր էլ սպասում, քանի որ իր ունեցած տվյալներով մյուս թեկնածուն լավ թիկունք ունի: Իր հերթին Ռոզա Գեւորգյանը նշում է, թե պարզապես իր մրցակիցը թույլ էր, ինչի համար էլ պարտվեց, իսկ ինչ մնում է մարզպետարանի մասնակցությանն  այս գործընթացին, ապա նշում է, թե անգամ մարզպետին չի ճանաչում: «Կարող է` չի ճանաչում, բայց իր կողմնակիցները շատ լավ էլ ճանաչում են եւ իրանց նպատակին հասան: Ափսոսում եմ էս կոլեկտիվին, որ աշխատելու են նման ավտորիտար ռեժիմի տակ»,-ասաց Անյուտա Հովհաննիսյանը:
Հիմա դպրոցում անառողջ մթնոլորտ է տիրում: Ուսուցչական հանրույթը բաժանված է երկու մասի. մի մասը բոյկոտում է այս ընտրությունները` դրանք համարելով կեղծված ու ոչ օրինական:
Իսկ մարզպետարանի ներկայացուցիչները քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հեռացան: Նրանք ո՛չ շնորհավորեցին նորընտիր տնօրենին, ո՛չ էլ ընտրությունների արդյունքներից  դժգոհող  թեկնածուի  բարձրաձայնած խնդիրները լսեցին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս