Արցախյան գոյամարտը հայ իրականության ամենափառավոր էջերից մեկն է, որի հանդեպ բոլորիս զգացողությունները, ցավոք, վերածվել են ցավի ու չվերականգնվող անարժանապատվության:
1992 թվականի այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերը խաղաղ բնակչության կոտորած իրականացրին, որի հետևանքով զոհվեց մի քանի տասնյակ հայ:
Այսօր կանդրադառնանք Մարաղայի ջարդերի մասին պատմող գեղարվեստական կարճամետրաժ «Ընդհատված մանկություն» ֆիլմին:
Ֆիլմը լավագույնս ներկայացնում է իրավիճակը արցախյան պատերազմի օրերին, հայերի նվիրվածությունը միմյանց, համընդհանուր պայքարին, ինչպես նաև մարդկային բարձր արժեքներին: Կարժամետրաժ կինոնկարը էկրաններ է բարձրացել 2013 թվականին, երբ դեռ հայ իրականության մեջ մեծատառերով գրված չէր «ամոթ» բառը և մենք մեզ թույլ էինք տալիս պատերազմներում փնտրել և գտնել մարդկայինը ու զգացականը:
«Ընդհատված մանկության» գլխավոր հերոսը փոքրիկ աղջիկ է, ում Մարաղայի ջարդերի ժամանակ գերի են տանում ադրբեջանցիները: Նրան պահ են տալիս մի գյուղացի կնոջ, ում տղան անհայտ կորած է՝ միմյանց հետ Կարմիր խաչի միջոցով փոխանակելու համար: Աղջիկը սկսում է ապրել օտար միջավայրում, որտեղ երեխաները նրան վատ են վերաբերվում և տանտիրուհին ստիպված սափրում է նրա մազերը:
Ավելի ուշ աղջկան փոխանակման ծրագրի շրջանակում հանձնում են հայկական կողմին, սակայն թրքուհու որդուն այդպես էլ չեն գտնում:
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմն այնքան ազդեցիկ է, որ առանց պոռթկման հնարավոր չէ դիտել. այն հստակ ներկայացնում է ադրբեջանական կողմի կատարած վայրագությունների մի մասը միայն՝ ողջ-ողջ այրել, սպանել, դաժանաբար ծեծել:
Ջիվան Ավետիսյանը առաջինն էր, ով սկսեց ֆիլմի միջոցով աշխարհին պատմել Արցախի, արցախյան շարժման, մեր անժամանցելի իրավունքների և պայքարի իրավացիության մասին: Առաջին՝ «Ընդհատված մանկություն» ֆիլմին հաջորդել են ևս մի քանի ֆիլմ, որոնց զգալի մասը ծնվել են միջազգային համագործակցությունների արդյունքում. դրանք բոլորն էլ միջազգային մրցույթների ներկայացված և հաջողություններ գրանցած ֆիլմեր են, որտեղ կարելի է տեսնել այնպիսի դերասանների, ինչպիսիք են Հոմայուն Էրշադին, Ռիխարդ Զամելը և Տատիանա Սպիվակովան:
Հուրի Բաղդասարյան