Կանադայի գործարար առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության ու գիտության ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող կանադական գործարար առաքելության ներկայացուցիչներին:

Կանադայի Եվրասիական առևտրի պալատի տարածաշրջանային տնօրեն, «Edusie Learning Inc.» Յորքի համալսարանի ներկայացուցիչ Տատյանա Դոմիլովսկայայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է գտնվում գործարար կապերի զարգացման նպատակով և այս համատեքստում հետաքրքրված է նաև կրթության և գիտության ոլորտի ծրագրերով:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թերները, ներկայացուցիչներ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից, Երևանի պետական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, կանադական գործարար առաքելության այլ անդամներ, մասնավորապես՝ Saskatchewan Polytechnic և CyberPatient ընկերություններից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է Կանադայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժը:

«Կարևորում ենք Կանադայի դեսպանության հետ անմիջական կապն ու Կանադայի հետ շփումների հաճախականության մեծացումը: Վստահ ենք՝ ունենք համագործակցության մեծ դաշտ՝ հատկապես գիտակրթական ոլորտում փոխգործակցությունը խորացնելու առումով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ մասնավորապես ներկայացնելով ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության ոլորտում սահմանված նպատակներն ու թիրախները:

«Հավակնոտ նպատակներ ու խնդիրներ ունենք ձևակերպված հատկապես բուհերի միջազգայնացման, բարձրագույն կրթության և գիտության կապի առավել սերտացման առումով: Պետությունն էլ իր հերթին ակտիվ քայլեր է ձեռնարկում համակարգի զարգացման ուղղությամբ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու այս համատեքստում կարևորել «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի նախագծային աշխատանքներն արդեն սկսված են:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ծրագրի հայեցակարգը, համաձայն որի՝ մինչև 2030թ. նախատեսվում է խոշորացված բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար ստեղծել նոր և ժամանակակից, լավագույն չափանիշներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածքներ և միջավայր, որտեղ կլաստերների տեսքով կտեղակայվի և կգործի հաստատությունների մեծ մասը:

Նրա խոսքով՝ նախատեսվում են նաև պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաշխատողների կարողությունների զարգացման ծրագրեր, ինչպես նաև միջազգային համագործակցային կապերի ընդլայնում աշխարհի առաջատար բուհերի հետ՝ բարձրագույն կրթության ոլորտում լավագույն փորձի փոխանակման և ակադեմիական քաղաքի հայեցակարգի իրագործմանն աջակցելու նպատակով: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել Կանադայի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարները:

ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թերները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումն ու կանադական գործարար առաքելության առաջին այցը մեր երկիր: Դեսպանն ընդգծել է կրթության և գիտության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների կարևորությունը՝ նշելով, որ կանադական կողմը պատրաստակամ է դիտարկելու այս ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական համագործակցությունների հաստատման, վերապատրաստումների ու կրթական այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև ՏՏ ոլորտում կապերի զարգացմանն ուղղված հարցեր:

Կանադական գործարար առաքելության ներկայացուցիչներն այցի շրջանակում հանդիպումներ են ունենալու նաև բուհերի պատասխանատուների հետ:




Լրահոս