Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:
Միջոցառումը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ու ԵԽ ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը։ Մասնակցել են Գործողությունների ծրագրի և «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ԵԽ-ԵՄ ծրագրի շահառու ՀՀ գերատեսչությունների և կառույցների պաշտոնյաներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի քարտուղարության և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ չափազանց կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցությունը։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է ԵԽ ծրագրերի կարևոր դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։
Իր խոսքում Պաշտպանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս վերջնական լուծում չստացած համակարգային խնդիրներին, մասնավորապես՝ զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան դեպքերին, ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության տրամադրմանը վերաբերելի հարցերին, հավաքների ազատության իրավունքի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի քննության հետ կապված խնդիրներին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերոնշյալ հարցերին մանրամասն անդրադարձ է կատարել տարեկան հաղորդման շրջանակներում, ներկայացրել դրանց լուծման առաջարկներ։ Ի թիվս այլնի՝ Պաշտպանը կարևորել է նշված առաջարկների կատարման ուղղությամբ իրավասու մարմինների կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը։
Պաշտպանն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կարևորությանը։ Անահիտ Մանասյանը նշել է նաև, որ առաջիկայում հանդես է գալու ատելության խոսքին, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին նվիրված տարբեր նախաձեռնություններով։
Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացման մանրամասները, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցը։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումից առաջ անհրաժեշտ է իրականացնել իրազեկման արշավներ՝ հանրության շրջանում կոնվենցիայով երաշխավորված իրավունքների մասին իրական պատկերացում ձևավորելու համար։
Նիստի շրջանակներում Պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է իրավահավասարության և խտրականության արգելքին առնչվող հարցերին։ Ներկայացվել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաջնահերթություններից են։ Պաշտպանը խոսել է նաև գենդերային հավասարության խթանման, ընտանեկան բռնության կանխարգելման և մի շարք այլ հարցերի մասին։
Ավարտելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը ԵԽ-ի հետ բարձր մակարդակի համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:
Գործողությունների ծրագիրը շարունակական բարեփոխումների փաթեթ է, որը նախատեսում է ՀՀ դատաիրավական համակարգի, արդարադատության արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, կենսաբժշկության, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության բարելավման, պրոբացիոն համակարգի արմատացման, կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև սոցիալական իրավունքների ամրապնդման, խտրականության դեմ պայքարի, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներ։