Armlur.am-ի հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։ Armlur.am-ը ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանից հետաքրքրվեց. «Պարո՛ն Համբարձումյան, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ձեզ հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահին ճնշելու հետ կապված։ Ի վերջո, ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ։
Ի պատասխան՝ վերջինս հայտնեց. «Այո՛, ինձ կանչել են հարցաքննության, մասնակցել եմ առերես հարցաքննության, չնայած, իմ կարծիքով, Հայկուհի Հարությունյանի եւ իմ ցուցմունքների միջեւ էական հակասություններ չեն եղել: Օրեր առաջ նշված վարույթը կարճվել է, քանի որ իմ մասով վերոհիշյալ պաշտոնյայի նկատմամբ ճնշում չի եղել, ինչը դրա վառ ապացույցն է: Նման իրավական ընթացակարգը եւ գործողությունները Հ. Հարությունյանի հայտարարությունից հետո համարում եմ օրինական եւ նորմալ: Ձեզ՝ որպես իրավապահ համակարգի հետ կապված խորագիտակ լրագրողի, առաջարկում եմ հնարավորինս մանրամասն լսել ու վերլուծել Հ. Հարությունյանի վերոհիշյալ հայտարարություններն իր նկատմամբ ճնշումներ գործադրելու մասով: Վստահ եմ, որ ինքներդ կտեսնեք նրա նկատմամբ գործադրված հնարավոր ճնշումների մասին վկայող այլ ակնհայտ օրինակներ: Օրինակ` ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ բարեվարքության բացասական եզրակացություն տալու մասով: Հուսամ, որ դրանից հետո հարց կբարձրացնենք գլխավոր դատախազի առջեւ, թե արդյոք նույն ջանասիրությամբ հնարավոր ճնշումների առնչված այսօր գործով մյուս պաշտոնյաների վերաբերյալ քննություն իրականացվել է, թե ոչ: Եթե ոչ, ապա ինչու է իմ պարագայում նման տարբերակված մոտեցում դրսեւորվել»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի ճնշման քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել եւ հարցաքննվել ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ Ավելին՝ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հարցաքննվել է նաեւ Հայկուհի Հարությունյանը։
Բացի այդ, ԱԱԾ նախկին տնօրենն ու Հայկուհի Հարությունյանը եւս առերեսվել են կոմիտեում։
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում եւ, դրանով պայմանավորված, իր նկատմամբ ճնշման մի դեպքի մասին էր:
Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։
«Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետեւելով՝ հրապարակում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունից.. որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր…
Արժանացել է բացասական եզրակացության, եւ դա անհանդուրժելի է նաեւ… Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես՝ հենց այդ պահին, զանգի մասին տեղեկացրել եմ եւ փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա՝ որպես երեւույթ, ինչ-որ մեկը կառավարությունում տեղյակ է, թե ոչ, եւ պիտի շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանքը եղել է…
Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին՝ հեղ.) այցելել էր նույն շենքում տեղակայված մեկ այլ կառույցի՝ Բնապահպանական տեսչական մարմին, եւ նաեւ այցելեց հանձնաժողով, եւ 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաեւ պարոն Աղաջանյանի խոսքերը, եւ շնորհակալություն նաեւ իրեն. դա մեր եւ մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի վարքագիծ է, եւ նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-ասել էր նա։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ՀՈՂ ՏԱԼԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է»
Հակակոռուպցիոն դատարանում երեկ ընթանում էր Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստը։
Երեկ դատարանում Armlur.am-ը մի քանի հարցեր ուղղեց Գրիգորի Խաչատուրովին։ Մասնավորապես՝ ի՞նչ սպասել Տավուշի մարզում, քանի-որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմով է վախեցնում հանրությանը։
«Չկա պայմանագիր, հող տալը հակասահմանադրական է։ Այն, ինչ ասել եմ նախկինում, ուժի մեջ է։ Սկզբում խաղաղություն է լինում, հետո՝ դելիմիտացիա։ Եթե սա իրականանա, Տավուշին սպասվում է Հայաստանից օտարված կյանք»,- հայտարարեց Խաչատուրովը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Խաչատուրովը հայտնել էր. «Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել եւ ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ եւ անպատասխանատու լինելը: Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով, քայքայվում է ՀՀ անվտանգությունը եւ կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան: Ուստի, կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը՝ կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՊՕՐԻՆԻ ԹՄՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
2024 թվականի մարտի 29-ին Երեւան քաղաքի Արին Բերդի փողոցի մոտակայքում նշված վայրում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են երկու անձանց, որոնցից մեկը, նկատելով իրավապահներին, ձեռքից ինչ-որ իր է նետել եւ ավտոմեքենայով հեռացել:
Ավտոմեքենան կանգնեցվել է, եւ նշված անձինք, իրենց կողմից շահագործվող մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ անձինք, հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող զանգվածով 8 փաթեթ: Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ արդեն իսկ հաստատվել է, որ նշված փաթեթներից երկուսի պարունակությունը «Մեթադոն» տեսակի թմրամիջոց է:
Օտարերկրացիների կողմից շահագործվող ավտոմեքենայի խուզարկությամբ, որը, ինչպես պարզվել է, ձերբակալվածներից մեկի կողմից վարձակալվել է, հայտնաբերվել է եւս 10 հատ դեղին, 10 հատ կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթաթված եւ 10 հատ ստվարաթղթե փաթեթներ: Վերջիններիս պարունակությունը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։
Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան վարձակալած անձը նախնական համաձայնության է եկել վերոհիշյալ իր ծանոթի հետ խմբի կազմում, շահադիտական դրդումներով, յուրաքանչյուր փաթեթի տարածման դիմաց գումար ստանալու պայմանով թմրամիջոցներ իրացնելու հարցի շուրջ։ Ապա քննությամբ դեռեւս չպարզված անձից իրացման նպատակով նրանք ապօրինի ձեռք են բերել թմրամիջոցների 38 փաթեթ, որոնք 2024 թվականի մարտի 29-ին տեղափոխել են Երեւան քաղաքի Արին Բերդ փողոց: Սակայն նկատելով ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցներին՝ իրենց մոտ գտնվող թմրամիջոցների 8 փաթեթը՝ «Մեթադոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, նետել են՝ փորձելով խույս տալ պարեկներից, ինչը կանխվել է վերջիններիս կողմից:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: