ՀՀ ներքին գործերի նախարարությունը խրախուսական երկու նորմ է ներդնում, որոնցից մեկը կգործի ապրիլի 5-ից, մյուսը՝ մայիսի 1-ից: Դրանցից օգտվելու պարագայում 5000 դրամանոց վարչական տուգանքը կկազմի 2800 դրամ:
Այս մասին ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։
Գնդապետ Չիլինգարյանը նշեց՝ փետրվարի 28-ին ԱԺ-ի կողմից ընդունվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը ՀՀ նախագահի կողմից ստորագրվել եւ հրապարակվել է մարտի 26-ին եւ ուժի մեջ է մտնելու ապրիլի 5-ից՝ բացառությամբ որոշ դրույթների, որոնց հետ կան որոշակի ժամկետներ:
«Օրենքի հիմնական ուղղվածությունը վերաբերում է երեք կարեւոր հանգամանքի՝ առաջին հերթին՝ նախատեսել խրախուսական դրույթներ այն անձանց համար, որոնք ունեն վարչական տուգանքի ձեւեր եւ ցանկություն ունեն ժամանակից շուտ էլեկտրոնային եղանակով իրազեկվելու եւ դրանից հետո կատարելու իրենց վարչական ակտը: Երկրորդը վերաբերում է ժամկետից շուտ տուգանքը վճարողների համար խրախուսական նորմ նախատեսելուն: Երրորդը՝ մինչեւ ապրիլի 5-ը, այսինքն՝ մինչեւ օրենքը ուժի մեջ մտնելը կատարված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, կամ մինչեւ օրենքը ուժի մեջ մտնելը դրանց 50 %-ը վճարելու պարագայում, իսկ հարկադիր կատարման վարույթում գտնվելու դեպքում՝ նաեւ կատարողական ծախսերը, այդ վարույթները ավարտված համարելուն վերաբերող դրույթներն են: Դրանից բացի, փոփոխություններ են կատարվել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի քանի հոդվածներում, որոնցով նվազեցվել է օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված՝ կանգառի եւ կայանման կանոնները խախտելու համար տուգանային միավորի ձեւով պատասխանատվության միջոցը. 0,5 տուգանային միավորի փոխարեն նախատեսվել է 0,25 տուգանային միավոր: Եվ հաջորդ փոփոխությունը, որ արվել է տուգանքների մասում, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները վարելու համար մեկ տարվա ընթացքում կամ կրկին յուրաքանչյուր հաջորդ անգամ հանելու, այսինքն՝ կրկնակիության համար նախատեսվել է պատասխանատվություն տուգանքի ձեւով՝ 29 հազար դրամի չափով, եւ 2 տուգանային միավորի ձեւով: Նշեմ, որ առաջին անգամ կատարվելու դեպքում տուգանքի չափը կազմում է 25 հազար դրամ՝ առանց տուգանային միավորի»,-ներկայացրեց նա:
Պարեկային ծառայության պետի տեղակալը կատարված փոփոխությունները նկարագրեց ավելի մանրամասն:
«Խրախուսական նորմերը երկուսն են, որոնցից մեկը ապրիլի 5-ից է ուժի մեջ մտնելու, մյուսը՝ մայիսի 1-ից: Ապրիլի 5-ից հետո ուժի մեջ կմտնի տուգանքը ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում վճարելու խրախուսական նորմը: 15-օրյա ժամկետում վճարելուց հետո վարորդը կվճարի 30 տոկոսով պակաս, այսինքն` նշանակված տուգանքի 70 տոկոսը վճարելուց հետո կհամարվի պարտավորվածությունն ամբողջությամբ կատարված: 5000 դրամ տուգանքի պարագայում՝ 3500 դրամ, 10 հազարի դեպքում՝ 7000 դրամ: Բացառություն են կազմում վարչական ակտի բողոքարկման դեպքերը:
Մայիսի 1-ից ուժի մեջ մտնող խրախուսական նորմը տեսանկարահանող սարքերով եւ արագաչափերով արձանագրված խախտումներին է վերաբերում: Այն անձինք, որոնք նախապես մայիսի 1-ից հետո գործող մեր էլեկտրոնային հարթակում կգրանցվեն եւ կտրամադրեն էլեկտրոնային փոստ, ցանկություն կհայտնեն իրենց վարչական իրավախախտումների վերաբերյալ ծանուցվել էլեկտրոնային եղանակով, կստանան օրենքով նախատեսված տուգանքի չափից 20 տոկոսով պակաս տուգանք: Խրախուսական երկու նորմերը կարող են գործել նաեւ միասին: Եթե մայիսի 1-ից էլեկտրոնային եղանակով ծանուցվեք, այնուհետեւ օգտվեք 15-օրյա ժամկետում վճարելու խրախուսական նորմից, կստացվի, օրինակ, 5000-ի փոխարեն 4000 դրամանոց որոշում, այնուհետեւ 30 տոկոսով պակաս՝ 1200 դրամ էլ պակաս էլ կլինի, կստացվի 5000-ի փոխարեն 2800 դրամ»,-ներկայացրեց գնդապետը:
Նա վստահեցրեց՝ առաջին հայացքից բարդ թվացող փոփոխությունները մտապահելը վարորդների համար դժվար չի լինի: Իսկ փոփոխությունները կատարելու անհրաժեշտություն առաջացել է՝ պայմանավորված էլեկտրական ծանուցման համակարգի անցնելու խնդրով, ինչը ավելի դյուրին կդարձնի գործընթացը: Գնդապետը նաեւ տեղեկացրեց, որ այս նոր փոփոխությունների ցանկը հանրությանն առավել հասանելի կդառնա՝ հնարավոր բոլոր միջոցներով տարածելով:
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ այցելած զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունը 2022 թվականի հունվար- դեկտեմբեր ամիսներին կազմել է 1 մլն 665 հազար մարդ, իսկ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 2 մլն 316 հազար մարդ։
Այսինքն՝ Հայաստանը զբոսաշրջիկները դիտարկում են որպես հարմար տարբերակ հանգստի, ապրելակերպի եւ առօրյա կյանքի համար։
2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել Ադրբեջանի 13 քաղաքացի, իսկ Թուրքիայից 12 հազար 359 մարդ է եկել Հայաստանի Հանրապետություն։
Հայաստան ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել են Գերմանիայից, Բելառուսից, Իտալիայից եւ այլն։ Ուշագրավն այն է, որ նախորդ տարի Հնդկաստանից Հայաստան է եկել 34 հազար 687 մարդ, Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 150 հազար 766 մարդ, Ռուսաստանի Դաշնությունից՝ 1 մլն 139 հազար 853 մարդ։
Տնտեսագետները պնդում են, որ Հայաստանը թանկ երկիր չէ զբոսաշրջիկների համար։ Միջազգային ատյանների հայտարարությունները, որոնք արգելում են իրենց քաղաքացիներին այցելել Հայաստան, չեն խոչընդոտում զբոսաշրջիկներին։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ
Տավուշի մարզի զինկոմիսարիատից վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են հանձնվել Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի ավելի քան մեկուկես տասնյակ բնակիչների։ Ոսկեպար գյուղից տեղեկացա, որ Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի միջոցով զինկոմիսարիատ է հանձնել այդ ծանուցագրերը, քանի որ Ոսկեպարը կարող է ենթարկվել ադրբեջանական զինուժի հարձակման, ոսկեպարցիների կարիքը հենց իրենց գյուղում է զգացվում։
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՉԵՆ ՏՐՎԵԼ
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն. Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել ենք՝ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի՝ Բաղանիս-Այրումի, Ղզլհաջիլիի, Աշաղը Ասքիպարայի (Ներքին Ոսկեպարի), Խերմիլիի տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցում հաշվի է առնվել արդյոք Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Ոսկեվան գյուղերի բնակչության կարծիքը։ Մարզպետը պատասխանել է. «Սահմանամերձ գյուղերի բնակչության հետ կայացել են հանդիպում եւ քննարկումներ, բնակիչներին հուզող հարցերին տրվել են պատասխաններ»: Իրականում Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի, Ոսկեվանի բնակիչների հուզող հարցերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ այլ պաշտոնյաների կողմից սպառիչ պատասխաններ չեն տրվել։ Տավուշում 4 գյուղերի տարածքների հանձնումից հետո սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգության, սահմանագոտում նրան կողմից հողերի մշակության, Նոյեմբերյան-Իջեւան տրանսպորտային հաղորդակցության եւ այլնի վերաբերյալ բնակիչների մտահոգությունների վերաբերյալ բավարար պարզաբանումներ չեն տրվել։
ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բերդ համայնքի բնակիչներից դժգոհություններ ենք լսել, որ Բերդ քաղաքի բժշկական կենտրոնում հեմոդիալիզի սարքավորում չկա, եւ հեմոդիալիզի կարիք ունեցողները, Բերդ համայնքից մեծ հեռավորություն անցնելով, հեմոդիալիզ են ստանում Իջեւանի եւ Նոյեմբերյանի բժշկական կենտրոններում։ Հիմնահարցի կապակցությամբ դիմեցինք Տավուշի մարզպետարան, որտեղից պարզաբանեցին, որ Բերդ համայնքում հեմոդիալիզի կարիք ունեն 10 բուժառուներ, նրանցից 9-ը հեմոդիալիզ են ստանում Իջեւանի ԲԿ-ում, իսկ 1-ը` Նոյեմբերյանի ԲԿ-ում: Մարզպետարանից հավելեցին, որ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի՝ առաջիկա օրերին Տավուշի մարզ կատարելիք այցի ժամանակ կքննարկվի Բերդի ԲԿ-ում հեմոդիալիզի բաժանմունք բացելու հնարավորությունը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ