ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՁԵՎԱՉԱՓՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտի վերաբերյալ մի շարք առանցքային հարցեր:

 

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

«Մենք կարեւորում ենք ոլորտի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումներն ու առկա խնդիրների քննարկումը: Հատկապես ցանկանում եմ շեշտել պետական կառույցների՝ «ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության» ուղղություններին հետեւելու առաջնահերթությունը, որով պայմանավորված է ոլորտի հետագա զարգացումը»,-  ասել է Դանիել Դանիելյանը:

Հանդիպմանն ամփոփվել են առաջին անգամ անցկացվող «Թատերական շաբաթ» ծրագրի արդյունքները: Ըստ թատրոնների ներկայացուցիչների՝ ծրագիրը հաջողել է՝ ապահովելով բազմամարդ մասնակցություն եւ մեծ հետաքրքրություն դպրոցականների շրջանում:

Քննարկման առանցքում նաեւ թատերական, թատերահամերգային հաստատությունների տնօրենների, աշխատակիցների ատեստավորման նոր կարգի եւ որակավորումների բարձրացման վերաբերյալ հարցերն էին: Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրներին:

Անդրադարձ է եղել նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներդրված մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելին, որն առաջիկայում նախատեսվում է կիրառել նաեւ այլ հաստատություններում:

Ըստ ֆինանսավորման նոր մոդելի՝ յուրաքանչյուր տարի կազմակերպությանը տրամադրվում է իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Այդ գումարը կարող է օգտագործվել պահպանման ծախսերի, աշխատակիցների վարձատրության բարձրացման, նոր եւ վերափոխված ներկայացումների բեմադրության, հյուրախաղերի, անհրաժեշտ կապիտալ ծախսերի համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկաներին հայտնել է նաեւ ոլորտում մարքեթինգի միասնական հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը:

«Մեզ համար առաջնային է թատերական ոլորտն առավել տեսանելի եւ ընկալելի դարձնելը հանրության համար: Դա պետք է արվի՝ յուրաքանչյուր կառույցի առանձնահատկությունը հաշվի առնելով եւ առավելագույնս պրոֆեսիոնալ ձեւաչափով»,- ասել է նա:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ աշխատանքային ընթացիկ խնդիրներ, որոնք վերաբերել են կազմակերպությունների խաղացանկային եւ տոմսային քաղաքականությանը, մարզային համագործակցությանը, կապիտալ  վերանորոգումներին, ինչի վերաբերյալ ընդգծվել է նախահաշիվները ժամանակին ներկայացնելու եւ հետագա խնդիրներից խուսափելու անհրաժեշտությունը:

 

 

ԱՆՈՒՆԸ ՀԱՆԵԼ ԵՆ

ArmLur.am-ը նկատել է, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիանների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն վերանվանվել է Առողջապահության նախարարության «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ:

ArmLur.am-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» ՀԿ-ի տնօրեն Անուշ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց.

«Ես դրան անրադարձել էի մեկ տարի առաջ, Առողջապահության նախարարը կառավարության որոշումով  փոխել էր կանոնադրությունը  եւ Էմիլ Գաբրիելյանի անունը դեղերի փորձագիտական կենտրոնի վերաանվանման եղանակով հանել է, իսկ մենք գիտենք, որ այդ կառույցը հիմնադրել էր ինքը, նա ակադեմիկոս էր, Հայաստանի Հանրապետությունում դեղերի փորձագիտության հիմնադիրն Է: Ինքը ՀՀ առողջապահության մեջ ամենակարեւոր մարդկանից մեկն է եղել, որը հիմնել է դեղերի փորձագիտական կենտրոնը եւ ընդհանրապես ամբիոնը. իմ համար շատ ցավալի էր, որ մտա տեսա՝ բոլոր տեղերից անունը հանել են»:

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄ՝ ԱՄՆ

Հայաստանից ապրիլի 30-ից մայիսի 4-ը ԱԺ մեծ պատվիրակություն կգործուղվի Վաշինգտոն:

Պատվիրակության կազմում կլինեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը եւ «Հայաստան» խմբակցությունից Աշոտ Սիմոնյանը:

Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը, կկատարվի պետբյուջեի հաշվին:

 

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՓՈԽՆԱԽԱՐԱՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ապրիլի 1-ի N 290-Ա որոշմամբ Տաթեւիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթեւիկ Սարգսյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-ասվում է հրամանագրում: Տաթեւիկ Սարգսյանը ծնվել է 1985թ.-ին Արագածոտնի մարզ, գ. Արագածավանում: Նա 2022-2024թթ. զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչություն, գյուղատնտեսական կենդանիների բուծման բաժնի պետի պաշտոնը, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, «Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի եւ կերակրման հետազոտական կենտրոնի» գիտաշխատող է, 2023թ.-ից՝ «ՀՀ Տոհմային ոչխարաբույծների եւ այծաբույծների ասոցիացիա», կառավարման խորհրդի անդամ:

Լուրերը՝ ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

ՎՆԱՍՆԵՐ ԿԼԻՆԵՆ

«Պաշտոնական Երեւանը ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի աշխատանքի արգելափակման հարցում եւս ենթարկվել է Արեւմուտքի ճնշմանը. Հայաստանի տնտեսությունը միայն կտուժի դրանից»,- հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երկրի տնտեսությունն այս քայլի հետեւանքով զգալի վնասներ կկրի, երկրի քաղաքացիները կբախվեն լուրջ անհարմարությունների, Ռուսաստանում աշխատող հայերի համար դժվար կլինի գումար ուղարկել հայրենիք, զբոսաշրջիկները չեն կարողանա քարտով վճարումներ կատարել: Վստահ եմ՝ այս քայլի հետեւանքով վնասներն ավելի շատ են, քան արեւմտյան սահմանափակումների վնասները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

 

 

 

ԴԵԿԱՆ Է ԸՆՏՐՎԵԼ

Երեւանի պետական համալսարանում երեկ դեկանի ընտրություններ էին։ Հարություն Խաչիկյանն ընտրվեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան։ 59 կողմ ձայն ստացել է Խաչիկյանը, Պետրոսյանը՝

Հիշեցնենք, որ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը դեկանի պաշտոնում է 1996 թվականից, այս տարի դեկանի ընտրություններում չի առաջադրվել. վերջինս հրաժարվել է եւ նշել, որ տեղը զիջելու է իրենից ոչ պակաս ֆակուլտետի հնաբնակ Հարություն Խաչիկյանին։

Հարություն Խաչիկյանը հանդիսանում է Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ 1994 թվականից, իսկ 2012 թվականից մինչ օրս ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է։ Խաչիկյանի հետ ինքնաառաջադրվել էր նաեւ ՀՀ ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանը։

 

 

ԱՐՑԱԽԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. «Լուրերի» տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են՝ Սամվել Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը: Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրատվամիջոցին տեղեկացրել է, որ անձանց Հայաստան են տեղափոխել նրանց իսկ ցանկությամբ: Ըստ Ամատունու՝ Լեռնային Ղարաբաղում այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում են մոտ 20 հայի, օգնում չխզել կապը Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող հարազատների հետ: Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ:

«Ցանկացած մարդ, որ տեղափոխվում է իր ցանկությամբ, որեւէ անձի չենք կարող դրդել որեւէ արարքի. հայտնում են, մենք՝ որպես չեզոք միջնորդ, օգնում ենք, մեր առաքելությունն է ապահովել տեղափոխությունը, երբ հատում են սահմանը, մեր առաքելությունն ավարտվում է, նրանք պատկան մարմինների, հարազատների հետ են»,- ասել է Ամատունին:

 




Լրահոս