ՃԳՆԱԺԱՄԸ ՊԱՏԵՑ ՆԱԵՎ ԵԿԵՂԵՑՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հովանու ներքո գտնվող հայորդաց տները 8-ն են, որոնցից 4-ը գործում են Երեւանում` Նոր Նորքում, Մալաթիա-Սեբաստիայում, Արաբկիրում եւ Քանաքեռում:
Այս հաստատություններում ուսուցանվում է երգ, պար, նկարչություն, թատերական արվեստ, գորգագործություն, հարվածային գործիքների վրա նվագել եւ այլն: Ի դեպ, հարվածային գործիքներն  ու երգն ուսուցանվում են անվճար: Զարմանալի է հնչում անվճար ուսուցում, այն էլ մեր օրերում: Սակայն, ցավոք, արդեն  պետք չէ զարմանալ, քանի որ եկեղեցին որոշել է շտկել այդ բացը եւ ուսուցումը դարձնել վճարովի: Ավելին, սույն թվականի սեպտեմբերից բարձրացվել են բոլոր առարկաների վարձավճարները. տարվա կտրվածքով 5.000, իսկ  պարը 10.000 դրամով:
 Խնդրի շուրջ փորձեցինք զրուցել հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ: Վերջինիս կարծիքով` այն դասարանները, որոնց մանկավարժները ստանում են աշխատավարձ, որտեղ երեխաներն ինչ-որ բան են սովորում, պետք է վճարվեն: Վարդապետն ավելացրեց նաեւ, որ այսօր կա  ճգնաժամ, թանկանում է լույսը, գազը, ջուրը, իրենք կանգնում են մի շարք խնդիրների առջեւ: Եւ, ի վերջո, մտածում են նաեւ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին: Այն, ի դեպ, սեպտեմբերից ավելացել է 10.000 դրամով եւ  կազմում է ընդամենը 40.000 դրամ: Հայորդաց տներում աշխատող ուսուցիչների թիվը մոտ 300 է, իսկ աշակերտներինը` 5.000: Կոմիտաս վարդապետի հետ զրույցից պարզ դարձավ, որ հայորդաց տները վերանորոգվում են բարերարների շնորհիվ: Հայորդաց տների մի մասը, ինչպես, օրինակ, Վանաձորում,  ոչ միայն վերանորոգվել է բարերարի կողմից, այլեւ այդ բարերարն ինքն է հոգում բոլոր ծախսերը, ներառյալ ուսուցիչների աշխատավարձը: Սակայն միշտ չէ, որ հաջողվում է բարերար գտնել:
Օրինակ` Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող հայորդաց տան բախտը բարերարների հարցում չի բերել: Իսկ եկեղեցին էլ անկարող է սեփական ուժերով կրթօջախը վերանորոգել: Այս կառույցը մոտ 60-ական թվականներից այս կողմ չվերանորոգված, չգազաֆիկացված, կիսախարխուլ պատուհաններով մի շենք է: Եթե լույսի, գազի թանկացման հետ կապելով` կարելի է թանկացնել վարձավճարները, ապա 21-րդ դարին արդյո՞ք հարիր է կիսախարխուլ կրթօջախը եւ ավելին` նավթե վառարանը:
 Եթե նման վիճակում գտնվող հայորդաց տները դեռ հույս ունեն, որ մի օր իրենց դուռն էլ  բարերարը կթակի, ապա դժվար է ասել` արդյոք  կգտնվեն բարերարներ, որոնք ձեռք կմեկնեն այն երեխաներին, որոնք վարձավճարների թանկացման հետեւանքով դուրս մնացին հայորդաց տներից: Կոմիտաս վարդապետը մեր այս մտահոգությունը կտրականապես անտեղի էր համարում` ասելով, թե անհնարին է, որ մի քանի հազար դրամի համար երեխան դուրս մնա հաստատությունից: Սակայն երբ զանգահարեցինք հաստատություններից մեկի տնօրենին, որը հաստատեց այդ լուրը, վարդապետը հարցրեց, թե ինչու չեն դիմել իրենց, չեն ներկայացրել սոցիալապես անապահովության որեւիցե փաստաթուղթ, որի արդյունքում կազատվեին վարձավճարներից: Հետաքրքիր է, ծնողն ինչպե՞ս պետք է իմանար այդ մասին: Մենք եղանք հայորդաց տներից երկուսում, սակայն ոչ մեկում չկար ցուցանակ, ուր կնշվեր, որ սոցիալապես անապահով ընտանիքը կազատվի վարձավճարից: Ի վերջո, տնօրենը տեղյակ էր, թե ինչու չէր աջակցել այդ երեխաներին:

ՄԱՐԻՆԵ ԲԱԲԱՅԱՆ




Լրահոս