Ուր են անհետացել խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած մոտ 10 կուսակցությունների ներկայացուցիչները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ձեւավորել էր արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումների նոր հարթակ: Փաշինյանն իր ՔՊ-ին սատելիտ քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպում, քննարկումներ էր ունենում, ու տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանի ապագայի համար կարեւոր հարցերը Նիկոլ Փաշինյանը նրանց հետ է լուծում:
ՔՊ-ամերձ այս ֆորմատում խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած մոտ 10 կուսակցությունների ներկայացուցիչներն էին՝ «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»-ից Տիգրան Արզաքանցյանը, «Հայաստանի եվրոպական կուսակցության» ղեկավար Տիգրան Խզմալյանը, «Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Պահպանողական» կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:
Հետզհետե այս ֆորմատը մաղվեց, ավելին՝ հարթակի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այսօր արդեն որպես ընդդիմադիր են հանդես գալիս ու քննադատում են Փաշինյանին: Իսկ ո՞ ւր է անհետացել հիմա այս հարթակը, արդյո՞ք այն լուծարվել է:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստանի եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն ասաց, որ վերջին անգամ արտախորհրդարանական ուժերի ֆորմատով հանդիպում եղել է նախորդ տարի՝ սեպտեմբերին:
«Հատուկ որոշում չի եղել, թե ֆորմատը փակվում է, հանդիպումներ չեն լինելու, չնայած՝ ես ինքս կարծում էի, որ ֆորմատն այլեւս սպառված է, բայց նախորդ տարի է վերջին հանդիպումը եղել»,-ասաց նա:
Խզմալյանը նաեւ պատմեց որ ամիսներ առաջ՝ փետրվարին, իրեն կրկին զանգահարել են վարչապետի աշխատակազմից եւ հետաքրքրվել՝ ինչ դիրքորոշում ունի, եթե նույն ֆորմատով հանդիպումներ կրկին լինեն. «Ես ասացի, որ այդ կամ այլ ֆորմատով հանդիպումների անհրաժեշտություն կա, քանի որ շատ հարցեր են կուտակվել, բայց նոր հանդիպման որոշում չկա».-պատասխանեց մեզ Խզմալյանը:»




Լրահոս