Ինչու է Փաշինյանն ահուսարսափի մթնոլորտ ստեղծում․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է․ Կառավարության հնգամյա ծրագրի անցած տարվա գործունեության վերաբերյալ զեկույցը ներկայացնելու համար երեկ խորհրդարան ներկայացած Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով եւ ելույթներով փաստեց, որ ոչ մի սահմանազատման գործընթաց էլ չկա եւ չի լինելու, այլ Ալիեւի պահանջով ինքը պատրաստվում է գնալ միակողմանի զիջումների, իսկ դրա համար հող է նախապատրաստում: Երեկ էլ առանց այլեւայլությունների, ավելորդ ձեւականությունների՝ բարձր ամբիոնից ողջ հայությանն ահաբեկեց՝ Տավուշի հայտնի գյուղերը չտալու վերջը պատերազմն է լինելու, տալն էլ չի երաշխավորելու, որ պատերազմ չի լինելու, այլ կերպ ասած՝  հողերը չտա, պատերազմ է լինելու, տա՝ էլի պատերազմ է լինելու: Եվ, ուրեմն, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել հողերը տալ, ինչո՞ւ շաբաթներ առաջ շտապեց հանդիպել տավուշցիների հետ, ահաբեկեց՝ չտանք, Ադրբեջանը շաբաթվա վերջին պատերազմ է սկսելու։ Ինչո՞ւ է, ի վերջո, Տավուշի տարածքները համարում ադրբեջանական, եթե, ինչպես սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար Մհեր Գրիգորյանն է հայտարարում, սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ կողմերի միջեւ չկա կոնսենսուս, եւ համաձայնեցված չէ, թե ինչ քարտեզներով են գործընթացն իրականացնելու։ Մյուս կողմից ՔՊ-ական պատգամավորներն են բացում փակագծերը, որ Ադրբեջանը չի պահանջում սահմանազատման գործընթացը սկսել հենց Տավուշից, ինչը նշանակում է, որ իրենք՝ ՀՀ իշխանություններն են որոշել «բարի կամք» դրսեւորել եւ Ալիեւին հողեր տալ՝ հույս ունենալով, որ դրանից հետո կպահեն իրենց իշխանությունը։
Երեկ «Հրապարակ»-ը փորձեց այս հարցադրումների պատասխանները ստանալ Նիկոլ Փաշինյանից, երբ նա որոշեց բարձրանալ խորհրդարանի՝ լրագրողների համար նախատեսված օթյակ, որտեղից ԱԺ նիստին էին հետեւում խորհրդարան այցելած Ապարանի երիտասարդական կենտրոնի սաները։

Փաշինյանը, իհարկե, իր հոգեհարազատ մանիպուլյացիաներով խուսափեց անհաճո հարցադրումներից, բայցեւայնպես, որոշ պարզաբանումներ տվեց՝ հաստատելով, որ չնայած սահմանազատման գործընթացի համար դեռ քարտեզները համաձայնեցված չեն կողմերի միջեւ, բայց ինքն ուսումնասիրել է եւ «գիտի»՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը։ Երբ հիշեցրինք, որ տարբեր քարտեզներ կան, այդ թվում՝ Վլադիմիր Մովսիսյանի ղեկավարած սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի քարտեզները, համաձայն որոնց՝ Փաշինյանի հիշատակած տարածքները եղել են հայկական, նա ասաց, թե այժմ ուսումնասիրում են իրավական բոլոր փաստաթղթերը: Փաստորեն, այստեղ էլ ուսումնասիրելուց առաջ վաղաժամ հայտարարություններ է արել` հօգուտ Ադրբեջանի: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահման չպետք է ստեղծվի, պետք է արտահայտվի սահմանը, եւ ըստ այդմ՝ ինչը Հայաստան է, Հայաստան է, ինչը Հայաստան չէ` Հայաստան չէ: Հիմա այս ասելիքի ներքո պետք է համաձայնեցնել դե յուրե նշանակություն ունեցող քարտեզները»,- ասաց նա՝ կրկին վկայակոչելով Ալմա-Աթայի հռչակագիրը, որով, իր խոսքով, նախկին Խորհրդային Հայաստանը եւ Խորհրդային Ադրբեջանը դարձել են անկախ պետություններ, եւ նախկին ադմինիստրատիվ սահմանները վերածվել են պետական սահմանների: Մեր դիտարկումը, որ Ադրբեջանն այդ հռչակագրին միացել է 1993 թվականին, իսկ իր նշած չորս տարածքներն ավելի վաղ եղել են Հայաստանի վերահսկողության տակ՝ 1992-ին, Փաշինյանին նյարդայնացրեց, նա հակադարձեց՝ եթե Դուք ունեք բոլոր հարցերի պատասխանը, ինչո՞ւ եք հարցեր տալիս։

Երբ պարբերաբար շեշտում էր, թե ինքը ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի թիզ չի պատրաստվում հանձնել, նկատեցինք՝ եթե հանձնվելիք տարածքներն անգամ իր պատկերացմամբ ադրբեջանական են, ինքը պատկերացնո՞ւմ է, թե ինչ հետեւանք կունենա այդ հողերի հանձնումը` Տավուշն ամբողջությամբ կհայտնվի ադրբեջանական վերահսկողության ներքո, կկորցնենք մեր պաշտպանական լավագույն դիրքերը, միջպետական ճանապարհը, գազամուղը, Լոռին կդառնա սահմանամերձ: Եվ վերջապես` եթե անգամ ընդունենք, որ այդ տարածքներն ադրբեջանական են ու պետք է վերադարձվեն, իսկ դրա դիմաց մենք ստանալո՞ւ ենք Բերքաբերի մեր հեկտարները, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական վերահակողության ներքո: Այս հարցին էլ բովանդակային պատասխան տալու փոխարեն նա մանիպուլյացիաների դիմեց․ «Տո դուք ի՞նչ գիտեք՝ Լոռին ուր ա․․. Ի՞նչ տարածքներ, Բերքաբերի ո՞ր տարածքները, ո՞ր գյուղերն եք համարում ՀՀ տարածք, անուններ թվարկեք», եւ այսպես շարունակ:

Ըստ Փաշինյանի՝ իր նախաձեռնած պրոցեսի արդյունքում մենք կարեւոր բան ենք ստանում. «Այո՛, ստանում ենք շատ կարեւոր բան, մենք ստանում ենք դելիմիտացված սահման: Ցավոք, բոլորը միանգամից, ամբողջ սահմանը միանգամից՝ 1 օրում, 1 ամսում կամ նույնիսկ 3 ամսում չենք կարող անել, որեւէ տեղից պետք է սկսել: Ասում եմ՝ մենք դեմ չենք, որ սկսենք այդտեղից»:

Անդրադառնալով իր հայտարարությանը, որ եթե այդ 4 գյուղերը տրվեն Ադրբեջանին, այդ դեպքում էլ չկա երաշխիք, որ պատերազմ չի լինի, Փաշինյանն ասաց. «Այդպիսի երաշխիք մարդկության մեջ ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ էլ կլինի: Ես ասում եմ՝ մենք ի՞նչ քայլեր պետք է անենք, որպեսզի կառուցենք երաշխիքների մեր համակարգը»։

Իսկ ավելի վաղ՝ խորհրդարանի դահլիճում նա հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացը չի երաշխավորում, որ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա նոր հարձակում չի լինի, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, եւ այս բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնել։ «Իսկ Տավուշի մարզի նշյալ հատվածում սահմանազատումը եւ դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը եւ կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի երաշխավորում, բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, եւ այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է չեզոքացնել»,- ասաց Փաշինյանը։

Պաշտոնական Բաքուն, հիշեցնենք, Երեւանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղ Ասքիփարան, Խեյրիմլին եւ Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Փաստացի, այդ գյուղերն 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։
Նիկոլ Փաշինյանը միակողմանի զիջումներից առաջ փորձում է վախի, ահուսարսափի մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ ճարահատյալ ասեն՝ ինչ ուզում է, թող տա, միայն թե պատերազմ չլինի։»




Լրահոս